Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Բարձրունիի, Սերսի, Մարտիրոսի, Քարագլխի, Ագարակաձորի խաչքարերի հետքերով

         Ստացվեց այնպես, որ իմ շրջագայության հերթական նկարագրությունը ևս նվիրված է Վայոց ձորին։ Այս անգամ այցելեեցի  հետևյալ չորս գյուղերը՝ Բարձրունի, Սերս, Մարտիրոս, Ագարակաձոր և Քարագլուխ։ Այս գյուղերում գտա մի շարք ինքնատիպ բարձրարվեստ խաչքարեր, հանդիպեցի հյուրընկալ հայերի, զգացի Վայոց ձորի աշնանային գրավիչ շունչը։ Մի քիչ խանգարեց անձրևային եղանակը, բայց ընդհանուր առմամբ այցը բավականին հաջող ու արդյունավետ էր։
Առաջինը այցելեցի սահմանամերձ Բարձրունի գյուղ։ Սերսից Բարձրունի տանող ճանապարհի ձախ հատվածում նկատեցի այս շինությունը՝ վնասված տանիքով և փոքրիկ խաչով։ Վերջին հանգամանքը ցուցում է, որ այն մատուռ է։ Ներսում զգացվեց տեղացիների կողմից սիրված սրբատեղի լինելը՝ վառված մոմեր, խնամքով մաքրված հատակ, սրբանկարներ։ Արտաքինից մեծ գեղագիտական հաճույք պատճառեց պատերի շարվածքը գունագեղ քարերով։
        Բարձրունի չհասած կա ևս մի եկեղեցի՝ Ս. Գևորգ։
         Այստեղ կային մի քանի խաչքարեր և տապանաքարեր։ Հատկապես աչքի ընկնող էր  13-րդ դարի այս խաչքարը։
       Նկատելի է, որ խաչքարի վրա հետագայում ևս արձանագրություններ են թողել։
Վերջապես մտա գյուղ՝ փոքրիկ, ծառաշատ։
         Հենց մուտքի մոտ հանդիպեցի մի տեղացու, ասացի, որ դիվերսանտ չեմ smiley (եղել են դեպքեր, երբ սահամաներձ գյուղերում կասկածանքով են մոտեցել, և կարծել են դիվերանտ եմ ), եկել եմ հին խաչքարերը տեսնելու և նկարելու, և խնդրեցի  ցույց տալ։ Նա ասաց, որ առաջին մարդն եմ, որ եկել է Բարձրունի խաչքարեր ուսումնասիերելու, միաժամանակ նշեց, որ մենակ չեմ կարող գտնել և պատրաստակամություն հայտնեց ցույց տալ։ Հին խաչքարերը գտնվում էին գյուղի գերեզմանոցի եզրին՝ մոտ 2 կմ հեռավորության վրա։ 
        Ահա այսպիսի տեսք ուներ Բարձրունին, ամբողջությամբ թաթախված ծառերի մեջ։ Ճանապարհին հարցուփորձ արեցի գյուղի կյանքի մասին. պարզվեց գյուղում կա մոտ 100 տնտեսություն, նրան հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է, անասնապահությունը, ունեն ոռոգման ջրի խնդիր, և որ ամենացավալին է գազիֆիկացված չէ։ Որպես վառելանյութ օգտագործում են  հիմնականում աթարը։ Գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, բացառությամբ վերջին մի քանի հարյուր մետրի։
        Վերջապես հասանք հին խաչքարերին։ Աննկարագրելի է իմ ուրախությունը հեռու վայրում գտնվող խաչքարեր տեսնելու ժամանակ։ Ահա խաչքարերից երկուսը, կանգեցված իրար կողք։ Մի խաչքարը, որը ավելի փոքր է,   կարծես, հոգնել է, և փորձում է հենվել մյուս, ավելի մեծ  խաչքարի ուսին։ Նշեմ, որ ես ունեմ ֆեյսբուքյան խումբ՝ Խաչքարերի աշխարհ, որտեղ կարող եք գտնել այս և բազմահազար այլ խաչքարերի նկարներ և տեղեկություններ։
        Կային նաև մի քանի տապանաքարեր, հետաքրքիր պատկերագրությամբ։ Ահա դրանցից մեկը։
        Պարզվեց, որ գյուղի մոտ, մեր տեղից տեսանելի ձորակում էլի խաչքարեր կան, և քանի որ ժամանակըս սուղ էր, որոշեցի չգնալ։ Բայց ուղեկցորդիս հետ  պայմանավորվեցի՝ նորից այցելել Բարձրունի, այս անգամ սունկ հավաքելոի ժամանակ՝ այն է գարնանը։ Հոգաչափ շնորհակալությունս հայտնեցի և բռնեցի  դեպի Սերս տանող ճանապարհը։ Ճանապարհին անձրև սկսցվեց, և հազիվ կարողացա նկարել գյուղամեջի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը՝ կառուցված 19-րդ դարում  և արևմտյան ճակատին փակցված խաչքարերը։
         Նախանձելի չէ եկեղեցու վիճակը՝ կիսավեր, գրեթե կործանման եզրին։ 
         Իսկ ճակատային հատվածում խաչքարը, իրոք գեղեցիկ է, նրբամշակ։
         Հետո նկատեցի, որ անձրևի ժամանակ ջրի կաթիլը ընկել էր օբյեկտիվի վրա, փոքր ինչ խաթարելով խաչքարի նկարը։
Փորձեցի գտնել նաև գյուղում առկա մյուս խաչքարերը, բայց եղանակը թույլ չտվեց։
       Տարատեսակ զգացողություններով լքեցի նաև Սերս գյուղը։ Իսկ Մարտիրոսում պետք էր տեսնել և նկարել հայտնի խաչքարը՝ գյուղի ծննդյան վկայականը։
Ճանապարհին նկատեցի, մի քանի երեխա խաղալով դպրոցից տուն էին գնում, հարցրի, թե որտեղ է խաչքարը, մեկը հայտնեց, որ իրենց տան մոտ է։ Գնացինք։ Բանից պարզվեց գլխավոր ճանապարհից բավականին հեռու է։ Հարցրի, թե այդքան հեռու մնալով, ինչպե՞ս է գնում դպրոց։ Պատասխանեց, որ մեկ ժամ շուտ է դուրս գալիս տանից։
        Հասանք տեղ, փոքրիկ բարեկամին հրաժեշտ տվեցի և անմիջապես շտապեցի խաչքարի մոտ։
Ահա այն՝ երեք մետրանոց հսկան։

      Այո, ճիշտ եք, այս նկարի միջոցով հնարավոր չէ ընկալել խաչքարի մեծությունը։
       Թվում է, արդեն հասկացաք, թե ինչքան մեծ է այն։ Միայն նշեմ, խաչքարը 1283 թվականին կանգնեցրել է Դեղկի որդի Մխիթարը գյուղի հիմնադրման կապակցությամբ։ Եզակի խաչքար, որը հուշում է բնակավայրի հիմնադրության մասին։
        Մարտիրոս գյուղից հետո որոշեցի այցելել Ագարակաձոր, տեսնել հայտնի կամուրջը՝ կառուցված 13-րդ դարում։ Ահա այն, դարեր առաջ «նա» էր Արփա գետի երկու ափերը կապող հիմնական կամուրջը։
       Կամրջի վրայից գեղեցիկ տեսարանի ականատես եղա. գունավորված ծառերի հովանու տակ Արփա գետը
         Հաջորդ կանգառս պետք է լիներ Մամասի վանքը, որը գտնվում է Քարագլուխ և Սալլի գյուղերի միջև։ Առաջին անգամ Մամասի վանք փորձել էի հասնել հենց Սալլի գյուղից, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, այս անգամ իմ լավ ընկեր և բարեկամ քարագլխեցի Շուշան Ավետիսյանի անմիջական ուղղորդությամբ ցանկալի վայր հասա հենց մայրուղուց (Սալլիից դեպի Քարագլուխ տանող ճանապարհին մի կտրուկ շրջադարձ կա, հենց այդտեղից):
Մի քիչ բարձրացա վերև և միանգամից աչքիս զարնեց ծառաթաթախ Թառաթումբ գյուղը։
Մի 20 րոպե քայլելուց հետո հասա Մամասի ավերակ կառույցներին։
Նորից գունագեղ քարեր։
 
Քիչ հեռվում մի խաչքար կա, ոճով պատկանում է 9-10-րդ դդ, կերտված խաչքարերին։
Իրականում հենց այս խաչքարի համար էի շատը ձգտում լինել Մամասի վանքում։ Խաչքար, որի մի հի՜ն նկար գրքերից մեկում էի տեսել.

       Հիացա, ուրախացա և հասկացա արդեն հետ գնալու ժամանակն է, հիշեցի նաև,որ արջերի պակաս չկա այս հատվածում
        Աշուն է, ծառերը կանաչազրկվում են, գունավորվում։
       Սոված էի, ծարավ, քայլում էի, քայլում, և հանկա՜րծ՝ խնձորենի՜։ Երջանիկ մարդ եմ։
        Ես զգացել եմ, որ խաչքարերը ձգում են ինձ։ Միշտ, երբ որոշում եմ, թե որ ճանապարհով պիտի գնալ, ընտրում եմ այն, որտեղ հետագայում խաչար եմ տեսնում։ Բախտավոր եմ ես։
         Իսկ սա Հայաստանն է, ավելի ճիշտ Հայաստանի գեղեցիկ մի  կտորը։
     Ի դեպ, հենց այս ոլորանի մասին էի ասում։
        Իմ հագեցած այցի վերջնակետը Քարագլխ հայտնի խաչքարն է, այն գտնվում է դիմացի բլրի վրա, ճանապարհի աջ մասում, մի  50 մետր հեռավորության վրա։
      Հզեր, մեծաբեկոր ժայռ-պատվանդանի վրա։
Այսքանով ավարտվեց իմ վայոցձորյան հերթական շրջագայությունը, հուսով եմ այն հետաքրքիր էր։ Մինչ նոր հանդիպում Հայաստանի ինչ որ անկյունում։ Հարգանքներով՝ Սևակ Արևշատյան։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 689774
  • Բոլոր այցելուները: 50813
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 54.167.18.170
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52