Հայրենիքն այն է, որ չեն որոնում։
Հայրենիքն այն է, որ գտնված է
Ի սկզբանե, ի ծնե և միշտ
Ուրեմն նաև նա չի Էլ կորչում։ .
ՊԱՐՈՒՅՐ ՄԵՎԱԿ
Մարդկային ցեղը գոյապահպանվելու և բնականոն կյանքով ապրելու համար որպես նախապայան նախ և առաջ պետք է ունենա իր ազատ և անկախ Հայրենիքը։
Հայրենիքը ժողովրդի պատմական ապրելատարածքն է։ «Սակայն, ամեն մի ապրելատարածք դեռ Հայրենիք չէ։ Հողը հայրենիք է դառնում դարերի ընթացքում, երբ այն պատվում է ժողովրդի պատմամշակութային, ազգագրական, ճարտարապետական հուշարձաններով, նախնիների գերեզմաններով, երբ այն սրբագործվում է թշնամիների դեմ մղած պատերազմներում տարած հաղթանակներով և լեգենդար հերոսների թափած արյունով, երբ ձևավորվում են ազգային բնավորության գծերը, ազգային նկարագիրը, ավանդույթները, բարքերը, տարազը, լեզվական առանձնահատկությունները և ազգային ինքնագիտակցությունը, երբ այդ հողը ժողովրդի պատմական հիշողության մեջ Է մտնում ֆոլկլորային առասպելներով, Էպոսով, երգերով ու հեքիաթներով, հարազատանում հոգեպես, երբ ժողովուրդը դառնում է հոգևոր ամբողջություն, Երբ «հող» հասկացությունը վերածվում Է «տուն» հասկացության, իսկ «տուն» հասկացությունն Էլ «Երկիր» ու «Հայրենիք» հասկացությունների և մտնում է ցեղի արյան ու գենի մեջ՝ որպես նրա գոյատևման հիմնական պայման»։
Անտոնի Սմիթը գրում Է. «ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն, Հայրենիքը «պատմական» հող է, «բնօրրան» է։ Տարածքն ու Հայրենիքը դարերի ընթացքում ունենում են ներգործուն փոխազդեցություն։ Հողը Հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում են տվյալ ժողովրդի իմաստունները, սրբերն ու հերոսները, լեռներն ու ձորերը սրբագործվում են։ «Այս ամենը Հայրենիքը դարձնում են միակը և անկրկնելին»։
Այնուհետև նա շարունակում է. «Ավելի շուտ հողին հաղորդակից լինելն է որոշում էթնիկ ինքնությունը, քան բնակությունը այնտեղ։ Դա մեր պատկանելությունն է։ Հաճախ դա սուրբ հող է, մեր նախնիների, մեր արքաների ու մեր իմաստունների, բանաստեղծների ու քարոզիչների հողը, որը դրանով իսկ դառնում է մերը։ Մենք պատկանում ենք նրան, ինչպես նա է պատկանում մեզ։ Հայրենիքի սրբավայրերը ազգության անդամներին քաշում են դեպի իրենց, թեև նրանք ապրում են հեռվում և նրանց բաժանումը հայրենիքից եղել է երկարատև։
Այսպիսով, ազգությունը կարող է գոյատևել, մինչևիսկ, երբ հարկադիր բաժանումը հայրենիքից կարող է լինել երկարատև։ Այդպես է, մեծ մասամբ, Սփյուռքի հրեական և հայկական համայնքների կարգաախոսը»։ Հեղինակը թվարկում է նաև ազգության ինքնության Էթնիկ հիմքի վեց հիմնական տարրեր.
1. Ընդհանուր հատուկ անուն։
2. Ընդհանուր նախնի ունենալու մասի առասպելի առկայություն։
3. Միասնական պատմական հիշողություններ։
4. Միասնական մշակույթի կամ մեկ ավելի զատորոշիչ տարրի առկայություն։
5. Ընդհանուր, միասնական հայրենիքի զգացողություն։
6. Բնակչության որոշակի խմբերի համար համերաշխության զգացողություն»։
Ապրելատարածքը ազգային դիմագիծ է ստանում, հայրենիք Է դառնում ազգային մշակույթով։
Հայրենիքի գաղափարը, ոպես կանոն, սկսում է ձևավորվել այն ժամանակահատվածից, երբ քոչվոր ցեղաը անցնում են նստակյաց կյանքի և հարազատանում այն ապրելատարածքին, որը հետագայում աստիճանաբար նրանց գիտակցության մեջ ձևավորվում Է որպես Հայրենիք։
Հայրենիք կոչվող ապրելատարածքը պետք Է լինի ազատ և անկախ։ Անկախ Հայրենիքը այն հզոր գործոնն է, որն ապահովում Է ժողովրդի զոյապահպանման ու զարգացման հնարավորությունը։
Առանց հայրենիքի ազգ չկա։ ժողովուրդների գոյապահպանման հիմական պայմանը անկախ Հայրենիքի առկայությունն Է։ Այդ է պատճառը, որ բոլոր ժողովուրդներն էլ ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում, մեծամեծ զոհեր են տալիս ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար։ Ահա թե ինչու բոլոր ժողովուրդների ազգային գաղափարախոսությունների հիմքում ազգի գաղափարի հետ ընկած է նաև ամբողջական Հայրենիքի գաղափարը։
Հայրենիքի գաղափարը կյանքի կոչվելուց հետո, մտնելով ցեղի գենի մեջ, ժողովրդի պատմական ճակատագրում դառնում է հզոր գործոն։
Հայրենիքի գաղափարը մտնում Է ժողովրդի ինքնապահպանման բնազդի մեխանիզմի մեջ և որպես այդպիսին այլընտրանք չունի։
ժողովուրդը ղեկավարվում Է «Հայրենիքի հրամայականով»։ Հայրենիքը ժողովրդի համար դառնում է սրբություն։
Հայրենիքը ամբողջական պատմական հասկացություն է։ Եթե պատմության բերումով ժողովուրդների հայրենիքները կիսվում են մասերի՝ երկու Գերմանիա, երկու Կորեա, երկու Վիետնամ, երկու Հայաստան և այլն, ապա այդ բոլորովին չի նշանակում, թե նշված ժողովուրդների մեկ ամբողջական հայրենիքը վերածվում է երկուսի։
Արևելյան Հայաստանը հայոց հայրենիքի մի փոքր մասն է, տարածքային առումով՝ շուրջ մեկ տասներորդ մասը։ Արևելյան Հայաստանը հռչակելով հայոց միակ հայրենիք, մենք դրանով փոխակերպում ենք հայ՚ոց հայրենիքի գաղափարը, հրաժարվում ենք պահանջատիրություից և փորձում սփյուռքահայությանը ապացուցել, որ հայությունն ունի մեկ Հայրենիք՝ Արևելյան Հայաստանը։ Այդ մոտեցումը մշակվել է Խորհրդային իշխանության տարիներին և ելել է այն հիմնադրույթից, որ |հայկական հարցը լուծված է, հայերը հողային պահանջներ, կորցրած հայրենիք չունեն։ Նման մոտեցումը հակապատմական է և հակազգային։ ժողովրդի պատմական ապրելատարածքի յուրաքանչյուր անկյուն չի կարող հայրենիք անվանվել, նա մասն է Հայրենիք ընդհանուր պատմական հասկացության։
Հայրենիքի պահպանման հիմնական գործոնը հայրենասիրությունն է, որի գաղափարը դարերի ընթացքում հարստանում և սերնդից սերունդ է փոխանցվում պատմական հիշողության միջոցով։ ժողովրդի բոլոր սերունդների հայրենասիրության դրսևորումների լավագույն անդույթները պատմագիտությունն ամփոփում Է Հայրենիքի գաղափարի մեջ։ Շատ հաճախ, գրում Է ռուսա գիտնական Պ.Կովալևսկին, նացիոնալիզմը շփոթում են պատրիոտիզմի՝ հայրենասիրության հետ, սակայն նրանց միջև գոյություն ունի լուրջ տարբերություն. «Նացիոնալիզմը դա ժողովրդի նկատմամբ անսահման սերն Է և անձնազոհության պատրաստակամությունը, իսկ պատրիոտիզմը նույնպիսի սեր և անձնազոհության պատրաստակամություն է հայրենիքի նկատմամբ։ Նացիոնալիզմը ավելի շուտ հոգեմարդաբանական հասկացություն Էէ, իսկ հայրենասիրությունը՝ պատմաաշխարհագրական»:.
Նացիոնալիզմը ազգասիրությունն է, պատրիոտիզմը՝ հայրենասիրությունը։ Այդ հասկացություններն այնքան են սերտաճած, որ պատմաքաղաքական գրականության մեջ շատ հաճախ նույնացվում են։
«Անկյունաքարային ներքին հիմքերից մեկը, որի վրա հենվում է պետության ուժը, ամրությունը և կենսունակությունը, հզոր հենարաններից մեկը, որը պահպանում Է նրա ամբողջականությունը և բարեկեցությունը այդ ժողովրդի սերն է իր հայրենիքի նկատմամբ, ժողովրդական հայրենասիրությունը»,– գրում Է Պ.Կովալևսկին։
Ժամանակակից ռուս գիտնականները ևս Հայրենիքի և հայրենասիրության մասին ունեն նույն մոտեցումները։ Նրանք գրում են. «Հայրենասիրական գիտակցությունը այդ սեփական պատմական կեցության ինքնագիտակցությունն է, պատմության մեջ սեփական ժողովրդի տեղի իմաստավորումն ու զարգացումը։ Պատրիոտիզմը Հայրենիքի նկատմամբ ունեցած արժեքների համակարգն է։ Հայրենիքը, ինչպես հարազատ մորը, ընտրել չի կարելի»3։
Նույն գիտնականները, քննարկելով ազգային զգացումների հիմնախնդիրը, գրում են. «Ազգային զգացումների ամենաուժեղ արտահայտությունը հայրենասիրությունն Է, սեփական ազգային պետության և սեփական ժողովրդի մեծարման ձգտումը, նրանց պաշտպանությունը հնարավոր բոլոր ուժերով և բոլոր միջոցներով»։
. Հարազատ հողը, հայրենական մշակույթը, մայրենի լեզուն, սեփական պատմությունը- ահա այն բոլորը, որոնք սնում են իսկական հայրենասիրությունը, եզրակացնում են ռուս գիտնականները։
Հայրենիքը և հայրենասիրությունը ժողովրդի գոյապահպանման պայմանն են
Ահա թե ինչու հայրենասիրության քարոզչությունը, ժողովրդին հայրենասիրության ոգով դաստիարակելը հանդիսանում են ազգային գաղափարախոսության հիմնախնդիրներից մեկը։
Առանց հայրենասիրության Հայրենիք գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահել հնարավոր չէ։ Հայրենիքը ժողովրդի բոլոր սերունդների դարավոր, հերոսական պայքարի արդյունքն է։ Առանց անձնազոհության, առանց արյունի ոչ մի ժողովուրդ Հայրենիք չի կարող ունենալ։ Հայրենիքի համար զոհվելը հերոսություն է։ Հերոսների արյունով ներծծված մայրենի հողը քաջերի նոր սերունդներ է կյանքի կոչում։ ժողովուրդը աճում է, Հայրենիքը՝ ոչ։
Ահա թե ինչու Հայրենիքի գաղափարի քարոզչությունը մշտապես պետք է գտնվի ամեն մի ժողովրդի պետականության, ազգային, հասարակական– քաղաքական մտքի; ազգային կազմակերպությունների ուշադրության և հոգատարության կենտրոնում։
Այդ չափազանց կարևոր խնդիրը գործնականում իրագործելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր իսկական ազգային դպրոցը, ազգային կրթական համակարգը։
«Հայրենիքի գոյատևման միակ միջոցը,– գրում է ժյուլ Միշլեն,– այդ բոլորին այնպիսի ներդաշնակ կրթություն տալն է, որը երեխաների սրտում ստեղծում է Հայրենիքի կերպարը։ Փրկության ուրիշ ուղի չկա»։ Այս անվիճելի մտքից հետո նա ավելացնում է. «ի վերջո, Հայրենիքի մասինավելի ակնառու, ամբողջական և կուռ պատկերացում երեխաները պետք է ստանան դպրոցում, իսկական ազգային դպրոցում»։ Հեղինակը նկատի ունի հանրակրթական դպրոցը։
Հայրենիքը առաջին հերթին դավանանք է, երկրորդ հերթին՝ լեգենդ։ Հայրենիքը Աստծո նախակերպարն է. «Թող մարդը մանկուց սովորի հանձին հայրենիքի տեսնել Աստծո կերպարը», «Հայրենիքը պատահական հրաշք չէ, այլ անանց հրաշք, բնության ու պատմության հրաշք»,-գրում է ժյուլ Միշլեն4։
Անգլիական դպրոցներն այցելած նախարար Գիզոյին անգլիացի մանկավարժը ասել է. «Ես ձգտում եմ երեխաների հոգին լիցքավորել երկաթով»5։ Հայրենիքի գաղափարի հետ միասին Անգլիայի ազգային դպրոցում երեխային տալիս էին Հայրենիքը պաշտպանելու հաստատակամություն,. որը համարվում էր մանկավարժների հիմնական խնդիրներից մեկը։ Այսպես են ստեղծվել ուժեղ պետությունները և ուժեղ ժողովուրդները, նրանք ունեցել են ազգային կրթական համակարգ, որը կոփել է ուժեղ ազգային հոգի, ուժեղ ազգային բնավորություն։
Միշլեն Հայրենիքի գոյատևման ու զարգացման համար անհրաժեշտ է համարում «ոաումնասիրել նրա անցյալը, թափանցել նրա ազգային ոգու մեջ»։ Հեղինակի այս թեզը հիմնադրույթային է։ Յուրաքանչյուր ժողովուրդ, եթե ցանկանում է գոյատևել և առաջ գնալ, առաջին հերթին պետք է հենվի իր անցյալի պատմության վրա, գործի նրանից բխած և արդի պատմության թելադրանքից ելնող ծրագրերով։ Այսօրվա և ապագայի ազգային խնդիրների արմատները շատ դեպքերում գտնվում են անցյալի բազմածալք պատմության ակունքներում։ Նրանք, ովքեր փորձում են ժխտել անցյալի պատմությունը կամ էլ խեղաթյուրել, դատապարտված են անհաջողության։
Այդ առումով չափազանց հետաքրքիր է ճապոնացիների կրթական համակարգը, որի հիմքում ընկած են ազգային գաղափարախոսությունից բխող հետևյալ երեք ստրատեգիական սկզբունքները.
1. Կրթության համակարգի օգտագործումը՝ հարոատ պետություն և
ուժեղ բանակ ստեղծելու համար։
2. Ազգայնական աշխարհայացքի ձևավորում, որը նախատեսում, է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը պետության ճակատագրի համար։
3. Ազգի միասնության ապահովում, որպես կարևորագույն գործոնպետության վերընթացի գործում դեպի վեհություն2։
Ճապոնիայում մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժական կադրերի պատրաստման գործին, ելակետ ընդունելով այն դրույթը, որ . ա. «ճապոնական ազգի ձևավորումը կախված է դասատուի անձնական գծերից», բ. «մանկավարժական դպրոցներն վճռորոշ են ոչ միայն կրթական համակարգի ծաղկման կամ անկման գործում, այլև հանդիսանում են պետության ուժի և հարստության հիմքը»3։
Ժապոնական դպրոցում ժամաքանակի առյուծի բաժինը տրվում է դպրոցականների «կամքի ձևավորմանը», որը այդ երկրում համարվում է «մարդու առանցքային որակ»։ «Կամքի ձևավորումը» ապահովում է դպրոցականի «ինքնուրույնությունը»՝ իր առջև նպատակ դնելու, որոշում ընդունելու և այն իրականացնելու գործում4։
Ելնելով ազգային գաղափարախոսությունից, ճապոնիայում կրթական համակարգը համարվում է Ազգային անվտանգության կոնցեպցիայի առանցքային հիմնադրույթ։
ժողովրդի պատմական ճակատագրում անցյալի պատմության նշանակության մասին անվիճելի գնահատական է տվել Հովհաննես Թումանյանը.
«Անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»։
Քննարկվող խնդիրը անհրաժեշտ ենք համարում ամփոփել Թոմսյա . Կառլեյլի հետևյալ տեսակետով..
«Ապագայի կանխագուշակումը, ներկայի ղեկավարումը այդքան անհնարին չէր լինի, եթե անցյալին չվերաբերվեինք այդքան սրբապըծորեն-հիմար, եթե նրան այդպես չմերժեինք և, որ ավելի վատ է, չխեղաթյուրեինք»1։
Այդպիսին է Հայրենիքի՝ բնության ու պատմության այդ հրաշքի գոյատևման միակ ուղին։ Հայրենիքի գաղափարը ժողովրդի գիտակցության մեջ է մտնում, միս ու արյուն է դառնում կրթական համակարգի միջոցով, ամբողջ երկրռւմ ազգային, հայրենասիրական մթնոլորտ ստեղծելու միջոցով։ Այդ պատճառով էլ կրթական համակարգը պետք է սրբությամբ պահպանել և հեռու պահել ապազգային ուժերից։
Այդ բոլորից մենք հանգում ենք պատմության փորձով հաստատված այն եզրակացությանը, որ ամեն մի ժողովրդի հաղթության, պարտության և ընդհանրապես գոյատևման հարցը որոշվում Է ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ազգային դպրոցում, ազգային կրթական համակարգում։
Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում։ Հայրենիքի կորուտը վաղեմություն չունի։ Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն։ Հայրենիքը պատկանում է ամբողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր մեռածներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդները։ Այդ պատճոռով էլ ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրավունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդների կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներից
Ազգային գաղափարախոսությունը նման քայլը որակում է որպես ազգային դավաճանություն։ -
Հայրենիքը սուրբ է ու հավերժական։
Ահա թե ինչու Հայրենիքի գաղափարը ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից է։
Լ. Խուրշուդյան, Հայոց ազգային գաղափարախոսությունը, Ե.1999թ. /որոշ կրճատումներով/