Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մոմիկ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
         Տաղանդավոր քանդակագործ-ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկը ծնվել է Հարց ձորում, ամենայն հավա­նականությամբ XIII դարի 60-ական թվականներին: Ոչինչ հայտնի չէ նրա մանկության  և  ուսման  տարիների մասին: 
       Աոաջին հիշատակությանը Մոմիկի մասին հանդիպում ենք 1283 թ. կազմված մի գրչագրում, ուր կան մի քանի մանրանկարներ հետնյալ մակագրությամբ. «Մոմիկ նկարիչ խորանին յիշեցէք    աղաչեմ»։ Նա մտերիմ էր Օրբելյան իշխանական տան և հատկապես նշանավոր պատմիչ, Սյունյաց միտրոպոլիտ Ատեփանոս Օրբելյանի հետ և նրա հանձնարարությամբ էր կատարել է մի քանի  գործեր:
          Մոմիկը շատ շատով դարձավ  Օրբելյան իշխանական տան պալատական նկարիչ-ճարտարապետը և ըստ էության փոխարի­նեց վարդապետ Սիրանեսին, որը նույնպես հայտնի ճարտարապետ-քանդակագործ էր. մեզ են հասել նրա մի շարք նշանավոր գործեր: Ելնելով ընդհանուր իրադրությունից, չպետք է բացառված համարել, որ Մոմիկը ժամանակին ուսանել է Գլաձորում և իր երիտասարդության   տարիներին   աշխատել  Սիրանեսի   մոտ:
          Իրավացիորեն ենթադրվում է, որ երբ միտրոպոլիտ ձեռ­նադրվելու համար Ատեփանոս Օրբելյանը մեկնեց Կիլիկիա, նա իր հետ տարավ նաև Մոմիկի: Դրանով էլ պետք է բացատրել Մոմիկի՝ Կիլիկիայում կատարած մի շարք աշխատանքների առկայու­թյանը   և   այդ  թվում՝   Կեռան  թագուհու  Ավետարանը։
           Մոմիկի   հետագա   ամբողջ      գործունեությունը     ծավալվում   է Սյունիքում: Հայ  միջնադարյան  արվեստի  պատմության   մեջ յուրահատուկ տեղ   է   գրավում XIII     դարի   վերջում   և XIV  դարի առաջին   կեսին Սյունիքում կազմավորված գեղարվեստական դպրոցը որն իր անջնջելի հետքն է թողել արվեստի բոլոր բնագավառներում: Վա­յոց ձորն այդ շրջանում կարծես բախտավոր մի կղզի լիներ կողոպտված և արյունաքամ երկրում։ Մոնղոլական լուծը, հարկա­հավաքների կամայականությունները, քայքայման եզրին էին  հասցրել երկրի տնտեսությունը, և շատ գավառների  բնակիչները ստիպված թողնում էին հայրենի օջախներն ու բռնում պանդխտու­թյան   ճանապարհը։
           Այլ էր իրադրությունը      Սյունիքում։    Օրբելյան      իշխաններին հաջողվել  էր համաձայնության  գալ մոնղոլների  մեծ խանի հետ  և հարկը   անմիջապես  նրան   վճարելու  պայմանով     ազատել  երկիրը տեղական   կառավարիչների   և   հարկահավաքների   դաժանություն­ներից։   Եվ  այդ  արդեն  բավական   էր   տնտեսական   զգալի   վերելքի, առևտրի      և   մոնումենտալ      շինարարության      զարգացման      ան­հրաժեշտ   նախապայմանների   ստեղծման   համար։      Այդ   շրջանում  Սյունիքով   էին   անցնում  տարանցիկ   առևտրի  մի  քանի   ուղիներ,   և պատահական չէ,  որ շատ լեռնանցքների  ստորոտներում այսօր  էլ նկատելի    են բավական մեծ քարավանատների     փլատակներ,  իսկ լեռնային    կարկաչահոս    գետերը    գոտկող    կամուրջներից   շատերը այսօր էլ կանգուն և օգտագործելի են։
         XIII դ. երկրորդ կեսին և XIV դ. առաջին տասնամյակներին Օրբելյան և Պռոշյան իշխանական տները Սյունիքի տարբեր վայ­րերում հիմնում են մի շարք վանական հաստատություններ, ան­մատչելի ծերպերի վրա կառուցում ամրոցներ, իրենց նստավայրերն ու   դղյակները   շրջապատում   ամրակուռ   պարսպապատերով։
Այս պայմաններում պատահական չէ բնավ, որ դեպի Սյունիք էին ձգտում ժամանակի շատ մտավորականներ, և այստեղ էլ Սյու­նիքի եպիսկոպոսական կենտրոն Նորավանքից ոչ հեռու հիմնվում է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր բարձրագույն դպրոցներից մեկը՝ Գլաձորի համալսարանը: Այն արտակարգ մեծ նշա­նակություն ունեցավ հայ մշակույթի զարգացման գործում ընդ­հանրապես և մանրանկարչության ու քանդակագործության զարգացման   համար՝   մասնավորապես։
Այստեղ են իրենց գործունեությունը ծավալում մի շարք ականավոր մանրանկարիչներ (Թորոս Տարոնացի, Ավագ և ուրիշներ) և այս գեղարվեստական ու մշակութային կյանքով տոգորված կենտրոնում  էլ   աճեց   ու   զարգացավ   Մոմիկի  տաղանդը։
       Իր   գործունեությունը   սկսելով   որպես   մանրանկարիչ,   Մոմիկը շատ շուտով ուժերը փորձում է մերձակից արվեստների, քանդակա­գործության և ճարտարապետության ասպարեզներում, ստեղծելով մի շարք  հոյակապ,   անկրկնելի  գործեր։
           1292 թ. Նորվանքում նա ծաղկում է մի Ավետարան՝ Հովհան­նես և Թադևոս կրոնավորների պատվերով։ Ուշագրավ է, որ Մոմիկը այս շրջանում արդեն հանդես է գալիս և' որպես ճարտարապետ, և' որպես քանդակագործ։ Այդ է վկայում Ստեփանոս Օրբելյանի կող­մից 1295 թվականին Տաթևում կառուցված ս. Գրիգոր եկեղեցին, որի ճարտարապետական ձևերի համեմատությունը Մոմիկի 1321 թ. Արփայում կառուցած եկեղեցու հետ կասկած չի թողնում, որ այն կառուցել  է հենց  ինքը՝  Մոմիկը։
         Մեծ չէ Տաթևի ս. Գրիգոր եկեղեցին։ Կառուցված գլխավոր տաճարի հարավային կողմում, այնտեղ, ուր ժամանակին բարձրացել էր ճարտարապետական համալիրի հնագույն եկեղեցին, այդ գողտ­րիկ կառույցը իր հորինվածքով ներկայացնում է թաղածածկ մի դահլիճ՝ արևմտյան ճոխ մշակված մուտքով։ Ուշագրավ են  մշակված հուշարձանի ինտերյերը և հատկապես նրա արևելյան կողմի զույգ լուսամուտները, որոնց ձևերը տարիներ հետո Մոմիկը կրկնեց Արփայի եկեղեցում։ Մեծ ճաշակով է կատարված Տաթևի եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալ քարի ծաղկահյուս կոմ­պոզիցիան, որը կարծես նախօրինակ է հանդիսացել նույն Արփայի եկեղեցու արևմտյան մուտքի համանման ձևերի համար։
          Ավարտելով Տաթևի ոչ մեծ չափեր ունեցող եկեղեցին, Մոմիկը վերադառնում  է   Նորավանվանք  և  ձեռնարկում  իր  մանրանկարչական ամենանշանավոր   գործերից   մեկի՝   Ստեփանոս   Օրբելյանի   պատվերով  գրվող  Ավետարանի  ծաղկմանը,     որը  և  ավարտում  է  1302 թվականին։                                                                  
          Մոմիկի մանրանկարները իրենց ուրույն տեղն ունեն հայ մանրանկարչության պատմության մեջ, և մեծ վարպետի՝ անհա­տականության դրոշմը կրող հիանալի գործերը հնարավոր չէ շփո­թել այլ նկարիչների գործերի հետ։ Որոշ ընդհանրություններ ունե­նալով նույն Գլաձորի մանրանկարչական դպրոցի շրջանակներում մշակված հորինվածքների հետ, Մոմիկի մանրանկարներն ամենից առաջ աչքի են ընկնում իրենց մոնումենտալությամբ և որմնանկար­չական արվեստի հետ ունեցած կոմպոզիցիոն առնչություններով: Մոմիկի գործերին խիստ բնորոշ է տեկտոնիկ կառուցումը, ճարտա­րապետական մոտեցումը  տարածության  օգտագործման հարցերին։ Ամեն ինչ մշակված է հաստատուն և մոնումենտալ ձևերով։ Ֆիգուր­ները կուռ են, կանգնած են հաստատուն հիմնատակների վրա, իսկ մանրանկարների խորքը կազմող ճարտարապետական տարրեր կա­ռույցները աչքի են ընկնում տարածական և պլանային բազմա­զանությամբ։ Այս ամենն, անշուշտ, պատահական չէր։ Ճարտա­րապետ-քանդակագործի տարածական, մտածողությունը իր կնիքն է դրել նաև նրա մանրանկարչական բոլոր գործերի վրա: Նրա գողտ­րիկ, իրենց բացարձակ չափերով ոչ մեծ մանրանկարներն իսկ կար­ծես որմնանկարչական մեծ հորինվածքների փոքրացրած ընդօրի­նակումներ լինեն, որտեղ ամեն ինչ լուծված է կուռ տեկտոնիկական սկզբունքներով։ Մոմիկի մանրանկարներին խիստ բնորոշ է մեղմ  ներդաշնակ գունապնակը, ընդ որում, նա որոշակիորեն գե­րադասում է միմյանց լրացնող ներդաշնակ գույները և հատկապես կանաչը՝ իր ամենատարբեր ելևէջներով։
        Մոմիկը դիմանկարային արվեստի ամենամեծ վարպետնից է հայ մանրանկարչության մեջ։ Հատկապես արտահայտիչ են Քրիստոսն ու Աստվածամայրը։ Առանձին հակում ունի դեպի Աստվածամոր կերպարը, որը այնքան հաճախ է հանդես գալիս նրա թե' մանրանկարչական, թե՛ քանդակագործական աշխատանքներում, սակայն երբեք չի կրկնվում.  ամեն անգամ տեսնում ենք մի նոր մո­տեցում, մի նոր տարբերակ այդ այնքան լավ հայտնի, այնքան տարածված   կերպարի   կատարման   բնագավառում։
         Այսպես, օրինակ, Ստեփանոս Օրբելյանի պատվերով ծաղկած Ավետարանում Աստվածամայրը երիտասարդ մի կին է, արտահայտիչ և խորը աչքերով, դեմքի նուրբ դիմագծերով և հեզաճկուն կեց­վածքով։ Այլ է Աստվածամայրը Արփայի եկեղեցու ճակատակալ քարիի վրա։ Այնտեղ նա վեհաշուք երկնային թագուհի է, միջին տա­րիքի մի կին, որը հանդիսավոր կերպով բազմել է գահին, և պատկերի խորքր կազմող ծաղկահյուս կոմպոզիցիան կարծես շքեղա­զարդ մի գորգ լինի, ճիշտ այնպիսին, ինչպիսին փռված է նրա ոտքերի  տակ՝  մշակված  արդեն   երկրաչափական  զարդաձևերով։
       Մոմիկի մանրանկարչական գործերին բնորոշ են խոր դրամատիկական, ներքին հուզականությամբ հագեցված մարդկային ֆիգուրները, որոնք բնավ էլ չեն կորչում ճարտարապետական խորքի վրա։
           Ակնհայտ է նկարչի մասշտաբային մտածողությունը։ Այստեղ չկա այն յուրօրինակ անհամամասնությունը, որ հաճախ է հանդիպում հայ մանրանկարիչների  գործերում, երբ խորքը  կազմող ճարտարապետական կառույցները կարծես ֆանտաստիկ, եթերային ուրվագծեր լինեն, որոնք ոչ մի առնչություն չունեն տվյալ պատկե­րի իրական միջավայրի հետ։ Մոմիկը իր կերպարները պատկերում է ռեալ, իրական միջավայրում։ Կառույցներն իրենց այդ տիպերով լավ հայտնի են, բնորոշ տվյալ ժամանակին, և տարրեր պլանների առկայությունը, միմյանց նկատմամբ ետ ու առաջ դասավորված կառույցները ակնհայտորեն վկայում են հեռանկարային պատրանք ստեղծելու   նրա   ձգտման   մասին։
            1305 թ. մահանում է Ստեփանոս Օրբելյանը, և Մոմիկը նրա հիշատակին մի հիանալի խաչքար է կերտում։ Այդ անշուշտ պետք է լիներ 1305—1306 թվականներից ոչ ուշ։ Սյունյաց միտրոպոլիտի հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը հազիվ թե հե­տաձգվեր։
         Մոմիկի մասին հիշատակություն հանդիպում ենք 1307 թ. գրված մի Ավետարանում։ Մոմիկը սկսել էր՝այն, սակայն չէր ավարտել աչքերի տկարության պատճառով, և մանրանկարները կա­տարել է Գլաձորի դպրոցի մեկ այլ անվանի մանրանկարիչ՝ Թորոս Տարոնացին։ Սակայն շուտով անցնում է աչքերի տկարությունը և Մոմիկը  շարունակում   է  իր   բեղմնավոր   գործունեությունը։
         1302 թվականին, իշխանուհի Թամար Խաթունի պատվերով նա մի հոյակապ խաչքար է կերտում՝ ամենալավերից մեկը հայկական հազարավոր խաչքարերի մեջ։ Այն աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով և զարդաձևերի նրբագեղ, երկպլանային հյուսվածքով, խաչքարի վերին մասը գրավող դեիսուս կոմպո­զիցիան ներկայացնող կերպարների արտակարգ գեղանի պլաստի­կայով։ Այստեղ կարծես ծավալ են ստացել, նյութական դարձել նրա մանրանկարային կերպարները, այնքան ներդաշնակ են ֆիգուրներր,   այնքան՝ մանրամասն   մշակված։
        Սակայն խաչքարերի հարթaպատկերային ձևերը ևս չեն բավա­րարում նրան, և նա ձգտում է ավելի ուժեղ, ավելի մոնումենտալ ձևերի։ Տաթևի եկեղեցու կառուցումը հիանալի փորձ եղավ նրա հա­մար, և պատահական չէ, որ Օրբելյանները նրան են հանձնարարում իրենց նստավայր Արփայի եկեղեցու կառուցումը, որը և ավարտում է նա 1321 թվականին։ Մոմիկը այստեղ ևս չի հետևում ընդհանրա­ցած, կանոնիկ ձևերին, և արդեն իր հատակագծային ձևերով այս ոչ մեծ կառուցվածքը առանձնանում է տվյալ դարաշրջանում պաշտա­մունքային ճարտարապետության մեջ գերիշխող ձևերից։ Ներքին տարածության շահելու համար Մոմիկը վերացնում է ավանդականդարձած արևմտյան  ավանդատները  և  գմբեթակիր  կամարները իջեցնում   երկու   մույթերի   վրա։
        Դարչնագույնն տուֆաքարերից կառուցվածքը տեղավորված Արփա գետի մոտ, բլրի գագաթին, գերիշխում է շրջապատի վրա և նկատելի է դեռևս շատ հեռուներից։ Մեծ վարպետությամբ են մշակված ճակտոնապատերը, ընդ որում, այստեղ առանձնակի տեղ է գրավում արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա տեղավորված Աստվածամոր կերպարը,  որի մասին խոսք եղավ վերևում։
        Սակայն հուշարձանի իրական զարդն են կազմում ինտերյերում, առագաստների վրա տեղավորված ավետարանիչների խորհրդանշանները՝ թևավոր եզը, արծիվը, առյուծն ու հրեշտակը։ Առանձնակի վարպետությամբ է մշակված Հովհան ավետարանիչի խորհրդանիշը ներկայացնող հրեշտակը, որի լայն բացված թռչնա­թևերը գրավելով մոտ երեք մետր տարածություն՝, ծածկում են առագաստի ամբողջ մակերեսը, իսկ նրա թիկնոցը ծածանվում է օդում, ճախրող հրեշտակի թռիչքի ընթացքին համապատասխան։ 1321 թ. երկրաշարժից (որի մասին հիշատակում է Մոմիկը Արփայի եկեղեցու վրա իր փորագրած արձանագրության մեջ) լրջո­րեն տուժել են Նորավանքի կառուցվածքները, և ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, վնասվել էր Սիրանես ճարտարապետի 1261 թ. վերակառուցած գավթի ծածկը։ Ահա սրա նորոգումն էլ   հանձնարարվում   է   Մոմիկին։            ՚
        Դյուրին գործ չէր զգալի չափեր ունեցող նման կառուցվածքը ծածկել անսյուն, աստիճանաբար դեպի կենտրոն առաջացող պարփակ ծածկով։ Այդ անելու համար ճարտարապետը մշակել էր պահունակային ծածկի կոնստրուկտիվ մի խիստ ուշագրավ համակարգ, որտեղ քառալանջ ծածկի շարքերը աստիճանաբար առաջանալով, կենտրոնում հպվում են քառակուսի եզրաձև ունեցող ստալակտիկային խիստ ուշագրավ ձևերով ծածկված երդիկի կողերին։ Ծածկի կոնստրուկտիվ կոնստրուկցիան եզակի երևույթ է և անվերապահորեն վկայում է կառուցող ճարտարապետի մեծ հմտության մասին։
          Էլ ավելի ուշագրավ են մուտքի և նրանից վեր տեղավորված լուսամուտի ճակատակալ քարերի վրա արված բարձրաքանդակները: Հատկապես ուշագրավ է Հայր աստծու բարձրաքանդակը, տեղավորված մուտքից վերև գտնվող լուսամուտի բարավորի վրա։ Ոճական տեսակետից այն ընդհուպ մոտենում է վերը նշված Աստվածամոր պատկերաքանդակին, և կասկած չի մնում, որ քանդակ­ված   է   նույն   Մոմիկի   կողմից։ Ինքնին վերցրած Հայր աստծո պատկերագրական տիպը մեծ հետաքրքրություն Է ներկայացնում։ Բանն այն է, որ միջնադարում Հայրր աստվածն ընդհանրապես դիտվում էր իրական կյանքից խիստ հեռու մի Էակ և բնավ Էլ պատահական չէ, որ նույնիսկ ավետարանային  տեսարաններում  այն  պատկերվում  էր  սիմվոլիկ  ձևով    երկնքից իջնող մի աջ, որին սովորաբար զուգորդում էր նրա խորհրդանշանը աղավնին։ Մինչդեռ այստեղ տեսնում ենք բարավորի ամբողջ բարձրությունն ընդգրկող փառահեղ մորուքով մի մարդու պատկեր, որր բարձրացրել Է աջ ձեռքը՝ օրհնելու համար, իսկ ձախ ձեռքում, կրծքի մակարդակի վրա բռնել Է մարդու հիանալի մշակ­ված    մի    գլուխ։
        Սյունիքի բազմաթիվ այլ հուշարձանների շարքում Մոմիկի գործերն են, որ աչքի են ընկնում իրենց խիստ որոշակի անհատա­կանությամբ, և մեծ վարպետի այդ կոթողները կարծես մի-մի գա­գաթ լինեն Սյունիքի XIII—XIV դդ. ընդհանրապես կառուցողական բարձր   մակարդակով   բնութագրվող   հուշարձանների   շարքում։
       Նորավանքի գավթի վերակառուցումից հետո Եղեգիսում, Օրբելյանների  ամառային  այդ նստավայրում, կառուցվում է,  այսպես կոչված, Զորաց եկեղեցին. նրա շինարարությունը ևս ղեկավարումէր Մոմիկը։ Հուշարձանն աչքի է ընկնում իր խիստ արտասովոր ճարտարապետական հորինվածքով, նման լուծում չենք տեսնում ու­րիշ ոչ մի տեղ։ Մեծ վարպետությամբ են մշակված նրա ճարտա­րապետական ձևերը, և կառուցվածքն ամբողջությամբ տոգորված է բարձր գեղարվեստականությամբ և համամասնությունների արտա­կարգ ներդաշնակությամբ։ Ըստ իր հորինվածքի՝ եկեղեցին ներկա­յացնում է սովորական կոմպոզիցիաների արևելյան մասը միայն ՝ աբսիդը և երկու ավանդատներ՝ նրանից աջ և ձախ։ Արևմտյան պատի ամբողջ կենտրոնական մասը գրավում են երեք լայնանիստ, բաց կամարները և այսպիսով աբսիդն իր ամբողջ բացվածքով տեսանելի է դրսից։ Եկեղեցու արևմտյան կողմում տարածվում է մի ընդարձակ սալահատակ, որտեղ էլ, ինչպես ենթադրվում է, հավաք­վում էր իշխանական զորագունդը ժամերգություն լսելու համար։
         Տաթևի, Արփայի, Եղեգիսի եկեղեցիների, կառուցումը և Նորա­վանքի գավթի վերակառուցումը հիանալի դպրոց եղան Մոմիկի համար, և Բուրթել իշխանի՝ Նորավանքում կառուցվող երկհարկ դամբարանեկեղեցու շինարարությունն սկսելիս նա արդեն վարձ­ված, հմուտ մի ճարտարապետ֊-քանդակագործ էր և հիանալի կարողանում էր մշակել թե կառուցվածքների ընդհանուր ծավալային ձևերը   և  թե   նրանց   անկրկնելի   դեկորատիվ   հարդարանքը։
       Մոմիկը այստեղ ևս պահպանեց իր նախասիրած մի շարք ճարտարապետական ձևերը, իսկ պատկերաքանդակների մեջ իր նախորդ գործերում մշակված պատկերագրական որոշ տիպեր։ Սա­կայն, չի կարելի չնկատել, որ ոչ մի մոտիվ չի կրկնված ճիշտ նույ­նությամբ, և նույնիսկ լավ հայտնի ձևերը ստացել են նոր մեկնաբանություն, նոր համաչափություններ, թելադրված արդեն նոր պայմաններով   և   նոր   պահանջներով։
Այսպես, օրինակ, կառուցվածքի երրորդ հարկաբաժնի սյու­ների վրա գտնվող կտիտորական կոմպոզիցիայի կենտրոնական ֆիգուրիի՝ Աստվածամոր պատկերագրական տիպը որոշակիորեն հի­շեցնում է գավթի մուտքի ճակատակալ քարին քանդակված Աստվածամորը, որը թեև այստեղ զգալի բարձրության վրա է, բայց անհամեմատ ավելի ուժեղ ռելիեֆ ունի և շատ ավելի է ընդհանրաց­ված։
           Ավելին, այստեղ երկրորդ հարկի հյուսիսային լուսամուտի ճակատակալ քարին տեսնում ենք երիտասարդ, անմորուս Քրիս­տոսին՝ պատկերագրական մի տիպ, որն իր ուղղակի զուգահեռն ունի   նույն   Մոմիկի   1302  թ.   Ստեփանոս   Օրբելյանի   Ավետարանի մանրանկարներում, և ընդհակառակն, բնավ չի հանդիպում XIII—՚XIV դարերի հայ քանդակագործական արվեստի և ոչ մի այլ հու­շարձանում։
           Լինելով ժամանակի ամենանշանավոր ճարտարապետ-քանդակագործներից, Մոմիկը անշուշտ ուներ բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Դատելով Վայոց ձորի մի շարք հուշարձանների և պատկերաքանդակների ձևերից, նա ստեղծել էր մի ամբողջ դպրոց, որտեղ գործում էին բազմաթիվ շնորհալի ճարտարապետներ և քանդակագործներ։ Այս պայմաններում բացառված չպետք է հա­մարել, որ Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցու շինարարու­թյանը մասնակցել են նաև նրա աշակերտները, և թվում է, որ դրանով էլ պիտի բացատրվի հուշարձանի տարբեր մասերում տե­ղավորված պատկերաքանդակների միջև նկատվող ոճական որոշ տարբերությունները։
          Սակայն հուշարձանն ամբողջությամբ տոգորված է կառուցո­ղական արտակարգ միասնականությամբ և նրա ծավալային ձևերի ու առանձին համամասնությունների մշակման մեջ ակնհայտորեն զգացվում է մեծ վարպետի հմուտ  ձեռքը։
       Նորավանքում Մոմիկի հիշատակը՝ հավերժացնող մի համեստ խաչքար է մնացել միայն, կանգնեցված նրա մահից (1333) հետո, հավանաբար   նրա   աշակերտների   կողմից։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300108
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52