1849—1850 թվականներին Այվազովսկին նկարում է է ավելի քան երեսուն մեծ ու փոքր պատկեր։ Դրանցից ամենահայտնին «Իններորդ ալիքը»-ն էր, որը նկարչին շատ մեծ փառք բերեց։ Այդ այդ մեծակտավ հանճարեղ ստեղծագործությունը պատկերում է փոթորկոտ ծովը վաղ առավոտյան։ Պատկերված է երկինքը և ընդամենը երե-չորս ալիք, սակայն դրանցից մեկը՝ իններորդը, վերարտադրված է այնպիսի ուժով, այնքան հսկայական ու շարժման վիթխարի թափով, որ միայն դրանով արդեն զգացվում է փոթորկոտ ծովի ահռելիությունը: Վաղորդյան արևի ոսկեզօծ աոաջին ճառագայթներով լուսավորված իններորդ ալիքը հզոր ուժով վեր է խոյացել մյուսներից և, թվում է, թե ահա, ահա կգահավիժի այն դժբախտ մարդկանց վրա, որոնք կառչել են խորտակված նավի բեկորից։ Նրանց կործանումը ակնհայտ է։ Սակայն, չնայած ողբերգական դրությանը, այդ խիզախ մարդիկ չեն կորցրել իրենց փրկության հույսը։ Նրանք նույնիսկ համակված են միմյանց օգնելու ցանկությամբ։ նրանցից մեկը գլխիվայր, կիսով չափ ընկղմվել է ջրի մեջ, մյուսը՝ ինքն էլ վտանգի մեջ, բռնել է նրան, ընկերոջը վեր քաշելու և փրկելու ճիգեր է անում։ Մեկ ուրիշը ձեռքը և հայացքը դեպի լուսաշող հորիզոնն ուղղած՝ փրկություն է աղերսում։
Չնայած կործանման մոտալուտ վտանգին, որը այնքան պարզորոշ է արտահայտված, դիտողը, այնուամենայնիվ, ներքին ինչ֊որ մզումով մտածում է, որ նրանք կփրկվեն։ Դա գալիս է Այվազովսկու արվեստի լավատեսությունից։ Ննկարիչը կարողացել է ամենաահեղ վտանգի պահը ներկայացնել այնպես, որ փրկության հույսը մնա, և դիտողն էլ համակվում է այդ հույսով։ Այդ է հուշում գիշերային մռայլ խավարում ծովի կատաղի ջրերի վրա հորիզոնից աոկայծող արևի ջերմ ճառագայթների գծած լուսափայլ ճանապարհը, որտեղ ուղղված են վտանգի ենթարկված մարդկանց հայացքները և. ջարդված կայմի շարժման ուղղությունը։ Այստեղ իրար են հակադրված բնության ահեղ տարերքը և հանուն կյանքի մարդկանց համառ, քաջարի ջանքերը։ Այդ հուսահատ և ողբերգական պայքարում մարդիկ հանդես են գալիս որպես իսկական հերոսներ, որոնք մեծագույն ճիգերով դիմադրում են կործանմանը։ նկարիչն այստեղ արտահայտել է մարդկային հոգու վեհությունը, նրա հաղթանակի կամքը բնության կործանարար ուժերի դեմ։ 1834 թ» Կ. Բրյուլովի նկարած «Պոմպեյի վերջին օրը» մեծակտավ հանճարեղ ստեղծագործության մեջ արտահայտվել են ժամանակի առաջադիմական հայացքները։ Լինելով նույն շրջանի և միջավայրի արվեստագետ՝ Հովհ. Այվազովսկին ևս իր այս ծովանկարում կերպա-րային միջոցներով բացահայտում է ժամանակի առաջադիմական, մարդասիրական գաղափարները։
«Իներրորդ ալիքը» ստեղծագործության մեջ ծովի ալեկոծման տեսարանը, ինչպես և փոթորկալից կամ խռովահույզ բնության այլ պատկերների մեջ, նկարիչը անվերապահորեն չի արտահայտում մարդու կործանման կամ նրա մոտալուտ մահվան գաղափար։ Փոթորկալից ծովի տարերքը՝ այն հազվադեպ ու գեղեցիկ պահերը, որոնց մեջ ապրում և իր կամքն է կոփում մարդը, նա վերարտադրում է թեթևությամբ, այնպես որ երևա դրա ահեղությունը, բայց ոչ մահվան սարսուռը։ Այստեղ առկա որոշ տպավորությունը, որն արտահայտված է չափազանց ջերմ, դեղնանարնջավուն կոլորիտի մեջ, զգալիորեն նպաստում է պատկերի խիստ դրամատիկ բովանդակության մեղմացմանը։ Նկարում արևի լույսը, որ թափանցել է ջրերի մեջ և ջերմացրել հորիզոնը, միաժամանակ ուժեղացրել է պատկերի ընդհանուր լավատեսական ոգին։
Փոթորկոտ ծովի վրա բացվող վաղորդյան գունագեղությունը Այվազովսկին պատկերել է ներկապնակի ամենապայծառ և տաք գույներով ու ռոմանտիկ շնչով։ Այն աչքի է ընկնում կատարման թեթևությամբ ու փայլով։ Դա նորություն էր այն ժամանակվա բնանկարչության մեջ։ Այդ նորույթը, ամենից առաջ, նրա հերոսական բովանդակությունն էր բնանկարչության մեջ մուծած արևելյան հախուռն խառնվածքը, կենսահաստատ ուժը և կերպարների վեհությունը։ Իր հիմքով ռեալիստական այդ ստեղծագործության մեջ առկա է ժամանակի առաջադիմական ռոմանտիզմի շունչը։
Հետաքրքրական է «Իններորդ ալիքը» կտավի ստեղծման պատմությունը։ Որոշ արվեստագետներ դիտում են այն որպես նկարչի հարուստ երևակայության արդյունք։ Մինչդեռ այդ սյուժեն ունի իրական հիմք։ Դեռևս 1843 թ. Փարիզում կատարելագործման մեջ գտնվող 26– ամյա նկարիչը թերթերում կարդում է մի այդպիսի դեպքի մասին։ Հովհ. Այվազովսկին այսպես է գրել 1843 թ, մայիսի 10-ին. «Այժմ ես ձեռնամուխ եմ եղել նկարելու մի մեծ պատկեր փոթորիկ, որը տեղի է ունեցել աֆրիկյան ափերից շատ հեռու։ 8 մարդ 45 օր շարունակ կառչած են մնացել ջարդված նավի մի բեկորից։ Մանրամասերը սարսափելի են, նրանց փրկել է ֆրանսիական երկկայմ մի նավ»։
Ինչպես տեսնում ենք, Այվազովսկին դեռևս 1843 թ. «ձեռնամուխ է եղել» նկարելու մի այդպիսի սյուժեով փոթորիկի պատկեր, որ, իսկապես, «տեղի է ունեցել» և նույնիսկ, ՚ հույս է ունեցել շուտով ավարտել այն և ցուցադրել Պետերբուրգում։ Դա նշանակում է, որ նկարիչը սյուժեն վերցրել է իրական կյանքից արտահայտելով իր ժամանակի համար առաջադիմական գաղափարներ։ Նկարիչը Հարազատ է մնացել նաև պատմական ճշմարտությանը։ Դեպքը տեղի է ունեցել Աֆրիկայի շրջանում, ուստի, ամենայն հավանականությամբ, այդ դժբախտները եվրոպացիները չեն եղել։ Այս պատկերում ևս արևելքի մարդիկ են։ նրանց դիմագծերը և հագուստները նույնպես արևելյան են։ Այստեղ պատկերված ծովային բնությունն անգամ իր վառ ու տաք գույներով աշխարհագրական այդ երկրամասն է հիշեցնում։ Տարբերությունը միայն մարդկանց քանակի մեջ է, իրականում եղած 8 անձի փոխարեն նկարիչը առաջին պլանում պատկերել է 6 մարդ, որը սակայն, չի խանգարում սյուժեի պատմականությունը և հերոսականությունը բացահայտելուն։
Մ. Սարգսյան, «Մեծ ծովանկարչի կյանքը», Երևան, 1990։