Խաչքարեր

You are here

Իշխող դինաստիայի պաշտամունքը Հին Հայաստանում

           Խորենացու մոտ կարդում ենք , որ Վաղարշակը «Արմավիրում մեհյան շինելով արձաններ է կանգնեցնում Արեգակին (Ապոլոն, Տիր), Լուսնին (=Անահիտ, Արտեմիս) և իր նախնիներին» Մի քանի այլ առիթներով Խորենացին վերադառնում է այդ խնդրին իմ անում ենք, որ նմանօրինակ տաճարներ նվիրված թագավորական նախնի֊ների պաշտամունքին, կառուցվել են նաև Բագարանում ու երկրի մայրաքաղաք  Արտաշատում։
          Խորենացու այս հաղորդումներով ուրվագծվող թագավորական նախնիների պաշտամունքը  լայն տարածում է ունեցել ողջ հելլենիստական աշխարհում։ Սելևկյանների մոտ տարածված պաշտամունքի տարատեսակը հատկա­պես հարազատություն է ցուցաբերում հայկականի հետ. օրինակ, մի արձանագրության մեջ հիշատակվում է Զևսի, Ապոլոնի, թագավորական նախնիների և Սելևկոս թագավորի պաշտամունքն իրականացնող քուրմը, որ շատ նման է  Խորենացու   վերը   մեջբերված   տեղեկությանը։
          Սելևկյանների, Պտղոմյանների, ինչպես և այլ դինաստիաներում նախնիների հետ մեկտեղ կրոնական պաշտամունքի առարկա է դարձել նաև իշխող, կենդանի թագավորի անձը, ըստ որում հաճախ թագավորները նույնացվել են այս կամ այն աստծո հետ։ Այսպես, հանդիպում ենք Սելևկիոս-Զևս Նիկատորին (Սելևկիոս Ա), Անտիոքոս-Ապոլոն-Սոտերին (Անտիոքոս Ա) և այլն։  Քաջ   ծանոթ   Պոնտոսի   արքա   Միհրդատ   Եվպատորը   նույնացվել   է  Դիոնիսոս աստծուն։
         Հարուստ փաստեր են գտնվել դինաստիայի և իշխող թագավորի պաշտամոuնքի վերաբերյալ Կոմմագենեի Երվանդունիների կապակցությամբ, հատկա­պես Անտիոքոս Ա Կոմմագենացու (մ. թ. ա. 69—38)։ Սրա հիմնադրած բազ­մաթիվ սրբավայրերը, հակառակ երկրի փոքր հնարավորություններին, օժտված են եղել փառահեղ պաշտամունքային կառույցներով։ Եփրատի արևմտյան ար­մունկի մոտերքը Նեմրուդ լեռան վրա պեղված, Անտիոքոսի հիմնադրած սրբավայրում կանգնեցված են եղել աստվածների և իբեն Անտիոքոսի հսկա­յական 8 — 9 մ բարձրություն ունեցող քարե արձաններ, իսկ նախնիներին 3 մ բարձրություն ունեցող սալերի վրա արված նրանց բարձրաքանդակ պատ֊կերներր, չհաշված մյուս, նույնքան ճոխ պաշտամունքային պարագաները։ Այստեղ դինաստիական պաշտամունքի կապակցությամբ ներկայացված աստվածները նույն Զևս -Արամազդն է, Ապոլան-Միհր-Հելիոս-Հերմեսը և Հերակլես– Վահագն-Արեսը։
Կոմմագենեի թագավոր Երվանդունի Ատիոքոս Ա-ը` հայկական թագով և Վահագն-Հերակլես աստվածը, Նեմրուդ լեռ
        Սպասելի է, որ Հայաստանում ևս այսօրինակ կառույցներ են եղել, թեև արդեն փսկ առկա սուղ տվյալները թույլ են տալիս խոսելու որոշ առանձնա­հատկությունների մասին։ Այսպես, ի տարբերություն Կոմմագենեի, Հայաստա­նում Զես-Արմազդի, Արև-Տիր-Ապոլոնի և Լուսին-Անահիտ-Արտեմիսի արձան­ները, ըստ Խորենացու, ոչ թե քարից են եղել, այլ «պղնձաձույլ» և «ոսկեզօծ», իսկ թագավորական նախնիների համար կանգնեցվել են «կուռքեր», որոնք ըստ երևույթին եղել են, ինչպես Կոմմագենեում, բարձրաքանդակներ։
            Թագավորական դինաստիայի պաշտամունքը, նախապես որպես միայն նախնիների պաշտամունք, սկզբնավորված պիտի լինի Հայաստանում Արտաշես Ա-ի օրոք, և իր հետագա զարգացումն է ապրում Տիգրան Բ-ի ժամանակ, երբ այն լրացվում է իշխող թագավորի աստվածացմամբ և նույնացմամբ մի կոնկրետ աստծո հետ։ Տիգրան Բ-ի դեպքում այդ քայլը դյուրանում էր այն հանգամանքով, որ նա, գրավելով Սելևկյանների գահը 14 տարի շարունակ, կարող էր յուրացնել տարբեր սելևկյան ավանդույթների թվում, նաև վերոհիշ­յալը։ Տիգրանի աստվածացման մասին խոսում է նրա Deos պատվանունը, իսկ նրա նույնացման մասին հատկապես Հերակլ-Վահագն աստծո հետ՝ այն հանգամանքը, որ Խորենացու հաղորղած Աժդահակի և Տիգրանի առասպելում վերջինս փաստորեն հանդես է գալիս վիշապաքաղ Վահագն աստծո դերում։ Այս տեսակետը հաստատվում է նաև Տիգրանի այն դրամներով, որոնց հակառակ   կողմին  պատկերված էՀերակլես-Վահագնը։   Նման   ձևով  Արտավազդ   Բ թագավորը,
Տիգրան Բ-ի դրամները.
Ա. Հերակլես-Վահագն աստծու պատկերով, Բ. Deos պատվանվան հիշատակությամբ
 ըստ երևույթին, նույնացված է եղել Միհր աստծուն, որտեղից էլ ծագում է բնորոշ միհրական առասպելներում Արտավազդի` Միհրի դերում հանդես գալը:
          Հետագայում ևս, Արշակույան օրորոք այդ պաշտամունքը պահպանվել է, սնվելով մի կողմից Արտաշեսյանների ավանդույթներից, մյուս կողմից էլ հենց պարթև Արշակունիների մոտ լայն տարածում գտած նմանօրինակ պաշտամունքից:

Հայ ժողովրդի պատմություն, հ,.1, Երևան, 1971թ, էջ 675-677:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007701
  • Բոլոր այցելուները: 75620
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52