Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ռուսա I-ի արձանագրությունը Օձաբերդում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Արձանագրությունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրի   ժայռի հյուսիսհայաց երեսի վրա` բարձրությունը կազմում է 1 մետր, իսկ լայնությունը գրեթե 1,5 մետր: Օձաբերդ հնավայրը /որտեղ պեղմուները դեռ ընթացքի մեջ են/ մեկ այլ թեմա է, ուստի կանդրադառնանք միայն սեպագիր արձանագրությանը:
        Սեպագիր արձանագրությունը հայտնաբերել է Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցը 1862 թվականին: Ծովինար /այն ժամանակ կոչվում էր Քելան Քիրլան/  լինելու ժամանակ նրան տեղեկացնում են լճի ափամերձ հատվածում գտնվող ժայռի վրա եղած անհասկանալի նշաների մասին: Մեծանուն հայագետը մեծ դժվարությամբ էքստամպաժի միջոցով կրկնօրինակում և ուղարկում է Մոսկվա, որտեղ և Լազարյան ճեմարանում հրատարակվող «Համբավաբեր Ռուսիոյ» ամսաթերթի    1863 թվականի 56-րդ համարում:
Ահա այն:

Եվս մեկ անգամ Սմբատյանցը հնավայրում լինում  է 1883 թվականին` Քերովբե Պատկանյանի խնդրանքով:
          Սեպագիր արձանագրությունը իր վրա է գրավում հետազոտողների ուշադրությունը: Առաջինը արձագանքում է անվանի սեպագրևագետ Սեյսը: «Ասիական հանդես» ամսագրում հրատարակված «The cuneiform inscriptions of Van» /Վանի սեպագիր արձանագրությունները/ աշխատությունում Սեյսը կարծիք հայտնեց, որ սեպագիր արձանագրությունը պատկանում է Սարդուրի Երկրորդին:
         1889 թվականին Գերմանացի հետազոտող Վոլդեմար Բելքը փորձեց մոտենալ սեպագիր արձանագրությանը և մոտիկից հետազոտել այն: Երեք  ժամ ջրի մեջ մինչև գոտկատեղ կանգնած մնալով նրան հաջողվեց կրկնօրինակել արձանագրության միայն 1/6 մասը՝ այն է 19 տողից միայն 3-ը: Կրկնօրինակած տեքստի վրա հենվելով, Բելքը նույնպես պնդեց, որ այն պատկանում է Սարդուրի Երկրորդին:
         1883 թվականի ամռանը Մոսկվայի կայեսրական հնագիտական ընկերությունը Երևանի  նահանգ  է ուղարկում հնագետ Իվանովսկուն և սեպագրագետ Նիկոլսկուն, որոնք պետք է հետազոտեին հայտնի բոլոր սեպագիր արձանագրությունները: Վերջիններս այցելում են նաև Օձաբերդ կատարում հետազոտություններ ևս մեկ անգամ կրկնօրինակում արձանագրությունը:

Նիկոլսկին մոտիկից ծանոթանալով արձանագրությանը, հանգում է այն եզրակացության, որ արձանագրությունը պատկանում է Ռուսա I-ին, թչ թե Սարդուրի II-ին:
         1926 թվականին Օձաբերդ է ժամանում անվանի հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը: Վերջինս սկզբում ցանկանում էր պատճենել սեպագիրը նավակի վրա կանգնած: Բայց մի քանի փորձերը  ավարտվում են անհաջողոթւյամբ` ջրի տատանումները, իսկ քամին մոմաթուղթը պոկում տանում էր:
        Նավակի վրա կանգնած չկարողանալով կրկնօրինակել,  հնագետները դիմում են հնարամիտ միջոցի: Պարանով կախ են տալիս վիմագրագետ և պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին, որը  բավականին դժվար դիրքում  կրկնօրինակում է սեպագիրը:
         Ահա նկարը, որը պատմում է բավականին հետաքրքիր գիտական աշխատանքը : /Քալանթարի հետ կապված նյութը կարող եք տեսնել այստեղ/

          Այստեղ կանգ առնենք հետաքրքիր մի փաստի վրա, որը մեջբերում է Սմբատյանցը, խոսքը Սևանա լճի ջրի մակարդակի մասին է:  «Գիտությանը արժանի է հետևյալ կարևոր տեղեկությունը,-գրում է Սմբատյանցը-այն է, երբ 1862 թվին Ալիչալուի /Արծվանիստ/ մոտ բևեռագիր արձանագրություն օրինակեցի, Սևանա ծովի մակերևությոը այնքան բարձր է, որ ջուրը հավասար էր արձանագրին և մենք նավակով գնալով ջրի վրա...օրինակեցիինք: Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատեռլու համար 10 ոտնաչափ սանդուխք դնելով ծովի ցամաքած գետնից մինչև արձանաքարը, այնպես օրինակեցինք: Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էև 10-ն աստիճան, այն է  20 ֆուտ կամ ոտնաչափ, և ըստ տեղացի բնակիչների ասելով, ամեն 30 տարին ծովի ջուրը պակասում է մինչև 15 աստիճան. չգիտեմ` ծովային տեղատվությամբ, թե ուրիշ պատճառով»- ամփոփում է հեղինակը:
           Իսկ այժմ ջուրը նահանջել է, կարելի է ասել ստիպել են նահանջել: Բավական է նշել , որ լճի ափը ներկայումս արձանագրությունից գտնվում է մոտ 600 մետր հեռավորթյան վրա: 
          Հետագայում  սեպագրի վերծանությամբ զբաղվեցին բազմաթիվ ուսումնասիրողներ` Մելիքիշվիլին, Ղափանցյանը, Կարագյոզյանը: Վերջինիս թարգմանությունն էլ հանձնում եմ Ձեր դատին:
 
1/Խալդյան զորությամբ Ռուսա 
2/Սարդուրորդին ասում ՝-Ես այս երկրները
3/մեկ արշավանքում նվաճեցի, /ծառա դարձրի՝
4/Ադախու երկիրը, Վելիքուխե երկիրը, Լուերուխե երկիրը,
5/Արկուկեան երկիրը-չորս արքայի՝ այս կողմից ծովային գավառում,
6/Գուրկուշիլե երկիրը Տուտուայան երկիրը, Քարուիշայան երկիրը
7/ Գիշուայան երկիրը, Աքուայան երկիրը, Ծամա երկիրը,
8/ Երկիլայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը,
9/ Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Բերզիրա երկիևը,
10, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիևը
11/ Ատեզայան երկիրը, Երիյան երկիրը, Ազամերունե երկիրը,
12/ տասնինն արքայի այս կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի
13/ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի առաջին տարում նվաճեցի:
14/Մարդ, կին դեպի Բիայնիլի քշեցի: Հաջորդ տարի եկա,
15/ կառուցեցի այս ամրոցները:
16/Երբ որ երկրներն այս երկրիս վրա ավելացրի,
17/ Թեյշեբայի համար ամրոց հոյակապ կառուցեցի, դրեցի անունը
18/ «Թեյշեբայի քաղաք»՝ Բիայնիլի երկրի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար:
19/ Ռուսան ասում է- Ով այս արձանագրությունը ոչնչացնի,
20/ փչացնի․․․․․․․․ով․․․․․․․․․․․․․․
21․․․․․․․․․․թող-ոչնչացնեն նրան Շիվինին ր
22աստվածները ․․․․․․․․․․․․․
23․․․․․․․․․․․․․մահվան ուղարկեն
      Արձանագրությունից իմանում ենք, որ Ռուսա I-ը նվաճելով Սևանա լճի հարավ-արևմտյան ափամերձ հատվածում գտնվող մի քանի տասնյակի հասնող երկրներ և հիմնում է քաղաք  և այն կոչում Թեյշեբայի անունով: Այսօր Օձաբերդը հնավայարում ընթանում են մասնակի պեղումներ: Թևրես հեռու չէ այն ժամանակը, երբ ազատվելով բազմադարյա հողի հաստ շերտից այն կներկայանա իր հզորությամբ և շքեղությամբ: Հնավայրի  նկարագրությունը, նրա էության վերհանումը ավելին է, քան իմ կարողությունը, իսկ Թեյշեբայի քաղաքի  կառուցման ժամանակի և ընդհանրապես Ռուսայի կատարած գործունեությունը, թերևս, այլ թեմա է:

 

 
Արևշատյան Ս.

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300136
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52