Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

      Գլաձորի համալսարանի դադարումից հետո, Եսալի Նչեցու աշակերտները տեղափոխվեցին  Հայաստանի տարբեր գավառներ և  հիմնեցին նոր կրթամշակաթային օջախներ: Աշակերտներից մեկը, Տիրատուրը, ով դեռևս Նչեցու կենդանության օրոք մեծ հեղինակություն էր վայելում Գլաձորի համալսարանում և համարվում էր րագունապետ, տեղափոխվեց Հերմոնի վանք, որտեղ և հիմնեց նշանավոր դպրոցը:
      Երկար ժամանակ Հերմոնի վանական դպրոցի տեղադրությունը անորոշ էր , սակայն, 20-րդ դարի 50-ական թթ. հայ անվանի պատմաբան-վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը հայտնաբերված արձանագրությամբ հստակ տեղորոշեց այն՝ Վայոց Ձորի Եղեգիս գյուղից դեպի Արատես տանող ճանապարհի ձախ եզրին, լեռների ստորոտում մի բարձրավանդակի վրա:
      Սկզբնաղբյուրներում այս վանքի մասին հիշատակություն է պահպանել 936 թվականից: Սյունյաց տան պատմագիր Ստեփանոս Օրբելյանի  վկայու­թյամբ Հերմոնի վանական համալիրի գլխավոր տաճարը, որ կոչվել է Գրիգոր Լոաավորչի անունով, կառուցվել է Սյունյաց գահերեց իշխան Սմբատի և Հակոբ եպիսկոպոսի ջանքերով, որոնք շինարարության ավարտից հետո  այստեղ հաստատել են  վանական միաբանություն։ Նույն թվականին Սոփի իշխանուհին տեղի միաբանությանը շնորհել է մի շարք գյուղեր և այգիներն։ Ս. Բարխուդարյանը, հիմք ընդունելով Ստ. Օրբելյանի նկարագրությունը, կարծում է, թե Հերմոնի վանքը կոչվել է նան Քարեվան, սակայն միաբանության ավագագույն անդամի անու­նով պատմության մեջ  է մտել որպես Հերմոնի  կամ Ահերմոնի  վանք։ Եղեգիս գյուղից դեպի Արատես գնացող ճանապարհի ձախակողմյան լեռնալանջի տափարակ հարթության վրա առ այսօր պահպանվել են Գյադիկվանքի /ստույգ ձևը Գետիկ վանք/ հուշարջանախմբի ավերակները, որտեղից և Ս. Բարխուդարյանը հայտնաբերում է հղկված քարի մի բեկոր, որի վրա գրված է լինում «…Երամոնի վանք…»: Դրա  և մյուս կիսաեղծ կամ թերի արձանագրությունների համադրությամբ գիտնականը պարզում, որ ինքը գտնվում է առեղծվածային Հերմոնի վանքի փլատակների վրա: Այսպիսով, վերջնականապես որոշվում է Հերմոնի դպրեվանքի տեղադրությունը: Հերմոնավանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակի արևելյան և հյուսիսային կողմերում այժմ էլ մնում են մեծ թվով ուսումնական և   տնտեսական շենքերի ավերակները։
      Որպես մշակութային և գրչության օջախ Հերմոնի վանական դպրոցը բուռն ծաղկում Է ապրում XIV—XV դարերում: Առանձնապես մեծ համբավ և հեղինակություն այս դպրոցը ձեռք բերեց իր հիմնադրի Տիրատուր վարդապետի ղեկավարության տարիներին։ Տիրատուրը եկել էր Կիլիկիայից ( 1309 թվականին Գլաձորի համալսարանում արտագրած մի ավետարանում իրեն համարում է Տիրատուր կիլիկեցի) ուսանել Եսայի Նչեցու մոտ, կարճ ժամանակում հասնելով մեծ փառքի և ճանաչման: Արդեն 1321 թվականին  նա հիշատակվում է ձեռագրական աղբյուրներում իբրև ճանաչված հեղինակություն և «րաբունի-ուսուցիչ», իսկ 1337 թվականին Եսայի Նչեցու հետ արդեն է որպես «րաբունապետ-ուսուցչապետ»: Գլաձորի համալսարանի անհետացումից հետո,  Տիրատուրը տեղափոխվում է Հերմոնի վանք, որտեղ և հիմնադրելով նոր դպրավանք, շարունակում է իր ուսումնա-կրթական գործունեությունը: Գլաձորում Տիրատուրի գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը վերաբերում է 1348 թվականին, իսկ ահա 1349 թվականից մեզ հասած հիշատակագրություններից երևում է, որ Տիրատուրը գործում է Հերմոնի վանքում: Տիրատուրը մինչև կյանքի վախճանը՝ 1372 թվականը, մնաց հարազատ մենաստանի կամարներին և այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Հերմոնի դպրեվանքի աշակերտները երախտագիտությամբ են  հիշում իրենց մեծ ուսուչապետին: Օրինակ, Մովսես գրիչը նրան կոչում է «մեծ վարժապետ», իսկ Հովհասննես գրիչ՝ «… տիեզերալուր մեր վաժապետ Տիրատուր, որ իր ժամանակին աստղերի մեջ փայլում էր իբրև արեգակ .  1372 թվական»:
     Տիրատուրի մահից հետո Հերմոնի դպրոցը չդադարեց գործելուց. անվանի ուսուցչի պատրաստած բազմաթիվ սաներ շարունակեցին նրա գործը թե տեղում, թե վայրերում: Դատելով ձեռագրական հիշատակարաններից Հերմոնի դպրոցը գոյություն է ունեցել մինչև XV դար վերջերը: Հերմոնի վանքում գրված, առայժմ հայտնի, ամենավերջին ձեռագիրն ընդօրինակված է 1478 թվականին: Տիրատուրից հետո վանքի ուսուցիչներից հայտնի են Ծերուն րոբունի (1394թ.), Հովհաննես րաբունի՝ Կոլոտիկ կոչված, որը 1419 թվականի հիշատակարանի մեջ անվանված է «Րաբունեաց պետ», իսկ 1424 թվականին «Տիեզերալույս հռետոր», ապա՝ Գրիգոր, Սարգիս, Ավագտեր և ուրիշներ:
    Հերմոնի միաբանները  Հովհաննես Կոլոտիկ առաջնորդի գլխավորությամբ որոշակի դեր խաղացին Հայոց հայրապետական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից Էջմիածին տեղափոխելու գործում: Նա իր աշակերտ Ստեփանոսի և մյուսների հետ միասին մասնակցեց Էջմիածնի 1441 թվականի եկեղեցական ժողովին և պատգամավորներին կոչ արեց Լուսավորչի աջը և կաթողիկոսական գահը անհապաղ տեղափոխել Արևելյան Հայաստան:
     Մենաստանի դպրոցում սովորել և աշխատել են ականավոր մտավորականներ, շնորհազարդ գրիչներ ու նկարիչներ: Այստեղ էր իր գրչության արվեստը կատարելության հասցրել տաղանդաշատ Գրիգոր Ախալցխացին , որի գործերից է 1419 թվականին ընդօրինակված՝ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը»: Գրչության արվեստն ուսանելու և մասնագիտական հմտություն ձեռք բերելու նպատակով Հերմոնի վանք էին գալիս նույնիսկ Տաթևից: Հիշենք Սիմեոն րաբունապետ Տաթևացուն, որն այստեղ 1414 թականին օրինակեց « 12 մարգարեների մեկնություն» գիրքը: Գրիչ Հովհաննես Երզնկացին 1413 թվականին նշում է, որ « Մատթեոսի ավետարանի  և սաղմոսների մեկնություն Գրիգոր Տաթևացու» աշխատությունը հետապնդումների և հալածանքների պատճառով ստիպված է եղել արտագրել Հայաստանի տարբեր գավառներում. «…սկզբում եղա Եղեգաց գավառում, Հերմոնի վանքում՝ ռետոր Հովհաննես րաբունու մոտ, ներս մտա Նորավանքի ճգնավորական հարկի տակ և ավարտեցի այս գրչությունը Եղվարդ գյուղաքաղաքում սուրբ Հակոբ վանքում, երջանիկ Սիմեոն րաբունու մոտ…»: XV դարի 50-60ական թվականներին մեծ համբավ ձեռք բերեցին գրիչներ Զաքարիան, Անանիան, իսկ 70-ական թվականներին հռչակվեց շնորհալի գրիչ Յովանեսը: 1472 թվականին ընդօրինակած իր «Գանձասար» հիշատակարանում Յովանես գրիչը երախտագիտությամբ է հիշում ուսուցչապետ Սարգսին՝ կոչելով նրան «քաջ հռետոր»: Այս շրջանում փայլում է Հերմոնի դպրոցի սան Եսայի նկարողի տաղանդը, վարպետությամբ աչքի են ընկնում նաև շնորհազարդ Հակոբ գրիչը և շատ ուրիշներ: Հերմոնի դպրեվանքից մեզ են հասել ընդհանուր առմամբ 26 ձեռագիր մատյաններ: Դրանցից չորսը վերաբերում են XIV դարին, և քսաներկուսը ՝ XV դարի մինչև 80-ական թվականների, իսկ այդ ընդհանուր թվի միայն 3-ն է գրված Տիրատուրի կենդանության օրոք:
      Հերմոնի վանքի կիսավեր տաճարի և օժանդակ շենքերի տարածքում հանդպող վիմագրությունները բավարար հիմք են տըալիս ենթադրելու, որ այս ուսումնական հաստատությունը եղել է Օրբելյանների ֆեոդալական տիրույթի սահմաններում և նյութապես ապահովվել է նրանց միջոցներով: Արձանագրություններից մեկում հիշատակվում է Տարսայիճ Օրբելյանը, որտ տեղի ս. Գրիգոր եկեղեցու սպասավորներին այգիներ է տվել այլ վիմագրերից հայտնի  Մաճառակաձոր վայրում: Բազմաթիվ ընծաներ է շնորհել նաև Փախրադոլան՝ Տարսայիճի վաղամեռիկ որդին (մահ. 1296թ.) և Ստեփանոս Օրբելյանի կրտսեր եղբայրը: XIV դարի առաջին տասնամյակներին Հերմոնի վարդապետներին ու սաներին աջակցում էր անձամբ Բուրթել Մեծը:
 

օգտ. գրակ. ցանկ

1,Գ. Գրիգորյան , Սյունիքը Օբելյանների օրոք, Ե., 1981:

2,Ի. Ղարիբյան, Գլաձոր, Ե., 1988:

3, Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան , Գլաձորի Համալսարանը Միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Ե., 1984:

4. Բարխուդարյան, Հերմոնի դպրոցի տեղադրությունն ու գործունեությունը, Բանբեր Մատենադարանի, 1960թ. N5:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 319895
  • Բոլոր այցելուները: 28054
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 272
  • Ձեր IP-ն: 54.82.112.193
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52