Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Զվարթնոց

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Հայկական միջնադարյան ճարտարա­պետական մշակույթի մեջ արտակարգ տեղ է գրավում Զվարթնոցի տաճարը։ Այն պսակեց կենտրոնագմբեթ սիստեմների զարգացումը, և նրա ձևերը իրենց որոշակի նշանակությունն ունեցան ինչպես նույն VII դարի, այնպես էլ հետագա շրջանների ճարտարապետական մի շարք հորինվածքների կազմավորման հար­ցում։ Զվարթնոցի հորինվածքը ամբողջու­թյամբ կամ մասնակի փորձեցին ընդօրինակել ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում, և դարեր շարունակ այն մնաց որպես անգերազանցելի կոթողու վավերագիր հայ հանճարեղ ճարտարապետների և քան­դակագործների սերտ համագործակցության։ Զվարթնոցի ստեղծումը պայմանավորված էր հայ մշակույթի, ճարտարապետության և արվեստի այն աննախընթաց վերելքով, որ այնքան բնորոշ էր VI դարի երկրորդ կեսի և VII դարի առաջին կեսի համար։ Շրջան, երբ հայ ճարտարապետական մշակույթը դուրս եկավ համամարդկային ճարտարապետական մտքի առաջավոր դիրքերը, և նրա ընդերքում ստեղծվեցին հուշարձաններ, որոնք նոր խոսք էին, նոր էջ ընդհանուր ճարտարապետական մշակույթի պատմության մեջ առհասարակ։
           Զվարթնոցը, ըստ իր ընդհանուր հորին­վածքի, ներկայացնում է հայկական կենտրոնագմբեթ համակարգերի զարգացման տրամաբանական արգասիք, և հայ ճարտա­րապետներն այստեղ մեծ վարպետությամբ լուծել են այնպիսի հարցեր, որոնք նույն այս շրջանում ծառացել էին Ասորիքի և Բյուզանդիայի ճարտարապետների առջև:  Այս տեսակետից ևս Զվարթնոցի ի հայտ գալը Հայաստանում ակնհայտորեն վկայում է, որ Հայաստանն այդ շրջանում ոչ միայն կտրված չէր ընդհանուր ճարտարապետության զար­գացման հիմնական կենտրոններից, այլև այստեղ էր, որ դրվում և լուծվում, իրենց նյութական մարմնավորումն էին ստանում բազմաթիվ, մեծ հետարքրություն ներկա­յացնող հորինվածքներ, մշակվում տիպեր, որոնք մինչ այդ անհայտ էին քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետությանը։
            VII դարի կեսերի հայկական ճարտարա­պետության բուռն վերելքը դրսևորվում է երկրի ամենատարբեր մասերում, երբ մեկը մյուսի հետևից վեր են խոյանում հոյակերտ տա­ճարներ։ Տաճարաշինության զարգացումը նույն դարի 50-60-ական թվականներին սերտորեն կապված էր Ներսես Գ կաթողիկոսի շինարարական գործունեության հետ և պատահական չէ, որ հայ մատենագրության մեջ հատկապես նրան էր շնորհվել «Շինող» պատվավոր մականունը։
Ներսեսը Մամիկոնյանների ոստան Տայքի Իշխան գյուղից էր։ Կրթված և խիզախ մարդ լինելով, նա հասնում է բյուգանդական բանակի զորավարի աստիճանի և լինում բազմաթիվ երկրներում։ VII դարի 30-ական թվականներին նա դառնում է Հայաստանի հյուսիսարևմտյան նահանգներից մեկի՝ Տայքի եպիսկոպոսը, իսկ շատ չանցած, երբ արա­բական արշավանքների ժամանակ մահանում է Եզր կաթողիկոսը, Թեոդորոս Ռշտունու առաջարկությամբ հատկապես նրան են ընտրում հայոց կաթողիկոս։ Ներսեսը ձեռ­նարկում է Դվինում արաբների դեմ մղված մարտերի ժամանակ զոհված բնակչության հանդիսավոր թաղումը և նրանց գերեզմանի վրա Դվինում վկայարան կառուցելուց հետո, կառուցում է Խոր Վիրապի եկեղեցին։ Շատ չանցած, հավանաբար 643թ., նա հիմնադրում է Զվարթնոցը Վաղարշապատից ոչ հեռու գտնվող մի վայրում, այնտեղ, ուր, ըստ ավան­դության, հանդիպել էին Գրիգոր Լուսավորիչը և Տրդատը։
           Տաճարի շինարարությունն ընթանում էր քաղաքական խիստ բարդ իրադրության պայմաններում։ 652 թվականին բյուգան­դական բանակը, Կոստանդ Երկրորդ կայսեր գլխավորությամբ, Հայաստան ներխուժեց, հրի ու սրի մատնեց երկրի արևմտյան նահանգ­ները, և կայսրը, Դվինում քաղկեդոնական ծիսակատարություն կազմակերպելով, հավա­տի միասնության պահանջ առաջադրեց։ Ահա այս պայմաններում Ներսեսը զիջեց կայսեր պահանջներին՝ ընդունեց քաղկեդոնականու­թյունը, անշուշտ, հավաստիացում ստանալով, որ այն սուրը, որն ավերում էր հայկական նա­հանգները, կպաշտպանի Հայաստանը արա­բական հեծելազորից։
           Սակայն շատ չանցած, Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օգնությամբ մաքրեց Հայաստանը բյուզանդական զորաբանակ­ներից, և Ներսեսը, որը մինչ այդ անցել էր կայս­րության կողմը, ստիպված քաշվեց իր հայրենի Տայքը, մնաց այնտեղ շուրջ վեց տարի։ 659 թվականին նա վերադարձավ Վաղարշապատ շտապեց ավարտել տաճարի շինարարու­թյունը, որն այդ վեց տարիների ընթացքում գլխավորում էր նրա տեղապահ Անաստաս Ակոռացին։ Շուտով հայերը վերականգնեցին արաբների  հետ Թեոդորոս Ռշտունու կնքած համաձայնագիրը և խիստ ուշագրավ է, որ Ներսեսը ևս, մյուս նախարարների հետ մեկ­տեղ, խնդրեց արաբներին Հայաստանի կառա­վարիչ նշանակել Գրիգոր Մամիկոնյանին։ Այս արդեն նշանակում է, որ Ներսեսը վերջնակա­նապես խզել էր կապերը Բյուզանդական կայսրության հետ, և կասկած չի մնում, որ նա պետք է թողներ քաղկեդոնականությունն ու վերադառնար հայրենի դավանանքին։ Ինչպես նշում է տաճարի շինարարության ականատես, VII դարի նշանավոր պատմիչ Սեբեոսը, Ներսեսը այդ տարիներին ջանք չէր խնայում ավարտելու տաճարը։ Ներսեսը մահացավ 662թ.։ Տաճարը կանգուն է եղել շուրջ 300 տարի և կործանվել է երկրաշարժից 930-1000 թվա­կանների միջև։ Արմատապես սխալ է այն կարծիքը, որ այն կործանել են արաբները։ Ճիշտ է, VIII դարում արաբները ասպատակել են, թալանել այս նշանավոր կենտրոնը, մար­տեր են մղվել և հրդեհվել են նրա աշխարհիկ որոշ կառուցվածքներ, սակայն տաճարը կանգուն դրությամբ նկարագրում է X դ. պատմիչ Դրասխանակերտցին, որն ավարտում է իր պատմությունը 924 թվականին։ Այդ մի ժամանակ էր, որ վաղուց արդեն գոյություն ուներ Բագրատունյաց թագավորությունը, իսկ արաբները դուրս էին մղվել երկրից։
 
 
              Զվարթնոցը մեզ է հասել ամբողջովին կործանված վիճակում։ Այն հանգամանքը, որ տաճարի հիմնական կրող մասերը վեր էին բարձրացել սյուների վրա, իսպառ բացառել է տաճարի վերականգնման հնարավորությունը պատմական հաջորդ շրջաններում։ Դարեր շարունակ փլատակները ծառայել են շրջակա բնակչության համար որպես մշակված քարերի շտեմարան, և պատահական չէ, որ մինչև վերջերս էլ շրջակա բնակավայրերում և հատկապես Էջմիածնում մեկ այստեղ, մեկ այնտեղ հայտնաբերվում են տաճարի ալևայլ բեկորներ։
              Զվարթնոցի տարածքից մեզ հասած հնագույն վավերագիրը ուրարտական Ռուսա Երկրորդ արքայի (685–645թթ. մ.թ.ա.) կոթողն է՝ սեպագիր մեծ արձանագրությամբ։ Այստեղ հետագա շրջաններում էլ շենքեր են եղել, և մինչև Ներսեսի շինարարական աշխա­տանքներն սկսելը, ամենայն հավանա­կանությամբ, եղել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող պալատական ինչ-որ համալիր, որից, ցավոք, մեզ են հասել առանձին շենքերի հիմնապատերը միայն։
Զվարթնոցը պեղվեց դարասկզբին (1900– 1907թթ.) Էջմիածնի վանական Խաչիկ Դադյանի կողմից։ 1904թ. ամռան ամիսներին պեղումներին մասնակցեց                               Թ.Թորամանյանը, որը արդեն 1905թ. հրատարակեց տաճարի վերակազմության իր նախագիծը։
            Տաճարը բարձրացել է մի լայնարձակ, բարձրանիստ հարթակի վրա, որը հարավ­արևմտյան կողմում միաձուլվել է պալատա­կան կառուցվածքների առջև ձգվող հրապարակի սալահատակի հետ։ Հարթակի նիստերը կազմող աստիճանները բարձր չեն և հնարավորություն են տալիս առանց դժվարության բոլոր կողմերից մոտենալ տաճարին։
           Ըստ իր հատակագծային հորինվածքի, այն հավասար աբսիդներով կազմված տետրակոնխ է շրջապատվախ արտաքին բոլորաձև պատով։ Տետրակոնխի արևելյան պատը խուլ է, իսկ մյուս թևերը կազմված են վեցական սյուներից։ Աբսիդների հատման տեղերում վեր են խոյանում չորս հզոր մույթեր, որոնց հետնամասում տեղավորված են մեկական առանձին կանգնած սյուներ։ Արտաքին պատը, բոլորաձև ներսից, բազմանիստ է դրսից (ունի 32 նիստ)։ Նրա մեջ են բացվում տաճարի հինգ մուտքերը։ Արևելյան կողմում արտաքին պատին հպված է ուղղանկյուն հորինվածք և ներքնահարկ ունեցող մի կառույց։ Տաճարի բեմը զգալիորեն առաջ է գալիս և՛ հասնում մինչև նրա կենտրոնում գտնվող ռոտոնդան, որից պահպանվել են պատերի ներքևի շար­քերը միայն, դեպի ցած տանող աստիճան­ներով։ Աբսիդը ունի փոսորակ, կողային մասերում տեղավորված աստիճաններով հանդերձ։ Ինչպես այդ փոսորակը, այնպես էլ բեմը արդյունք են հետագա վերակառուցում­ների, այդ մասին են վկայում պահպանված . վերակառուցման ակնհայտ հետքերը։
             Տաճարի ինտերյերի առավել տպավորիչ մասերից են նրա հզոր մույթերը։ Բոլոր մույթերն էլ ունեցել են սեղանաձև խարիսխներ և իրենց կենտրոնական մասում՝ անկյու­նագծային ուղղությամբ դասավորված 3/4 շրջագծային որմնասյուներ։ Վերջիններս պսակվել են լայնանիստ խոյակներով և նրանց անմիջական շարունակությունը հանդիսացող ոչ երկար իմպոստներով։
             Տաճարի ներքին տարածության մշակման հարցում առանձնակի նշանակություն են ունեցել հյուսիսային, հարավային և արևմտյան աբսիդներում տեղավորված սյուները։ Նրանց բոլոր երեք հիմնական մասերն էլ (խարիսխ­ները, բները, խոյակները) տաշված են եղել միակտուր քարերից և միմյանց են միացվել արճճապատ ուժեղ գամերի միջոցով։ Խիստ ուշագրավ են այս սյուների ոլորազարդ խոյակները։ Զամբյուղը փոխանցում է ստեղ­ծում համեմատաբար փոքր տրամագիծ ունե­ցող բնից դեպի խոյակի վերին, ոլորազարդերով մշակված լայնանիստ մասը, որն իր հերթին պսակվում է հարթ, լայն վերնասալով։ Այս վերնասալի վրա էլ նստում էր հարևան կա­մարների հենարան հանդիսացող սեղանաձև քարը։
            Տաճարի քարային կոնստրուկցիաներից ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում մույթերի հակառակ կողմերում տեղավորված անհամեմատ ավելի ուժեղ և բարձր սյուները, իրենց լայնարձակ արծվազարդ խոյակներով։ Վերջիններիս ձևերը պայմանավորված են եղել մույթի հետ սերտ կապեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ընդ որում նրանցից և ոչ մեկը նույնությամբ չի կրկնում մյուսին, ամեն մեկն ունի միայն իրեն հատուկ բնորոշ գծերը։ Բոլոր արծիվներն էլ ձգված են վեր, բացել են թևերը և պատրաստ են թռչելու։ Այստեղ պատկերված է հենց այն պահը, երբ արծիվները պոկվում են գետնից։
           Տաճարի ներքին զարդաձևերից ուշագրավ են արտաքին պատի երկայնքով ձգվող կամարաշարի մշակումը։
           Կամարաշարի որմնասյուները հավասա­րապես չեն դասավորված։ Հենց այնտեղ, որտեղ նրանք ավելի հեռու են միմյանցից, վերևում դասավորված են եղել լուսամուտ­ները։ Լայն հատվածներում որմնասյուները միացել են կիսաշրջանաձև կամարաղեղ­ներով, իսկ նեղ հատվածներում՝ եռանկյու­նաձև ճակտոնի կոմպոզիցիան հիշեցնող քիվերով։ Այս մշակումը եզակի օրինակ է հայկական ճարտարապետության մեջ և ոչ այլ ինչ է, քան անտիկ ճարտարապետական ձևերի արձագանքը վաղ միջնադարում, ճիշտ այնպես, ինչպես տաճարի կենտրոնում բարձ­րացող փոքրիկ, շրջանագծային եզրաձև ունե­ցող ռոտոնդան։
           Տաճարի ներքին հորինվածքը աչքի է ընկնում կոնստրուկտիվ ձևերի մշակման մեծ վարպետությամբ։ Ուժեղ մույթերի վրա հենվել  են գմբեթակիր կամարները, որոնց անկյունային մասերում էլ տեղավորված են եղել առագաստային փոխանցումները:
           Տաճարի փլատակների մեջ թեև բացա­կայում են առագաստների մնացորդները, սակայն առկա են գմբեթատակ օղակի քարերը, որոնք անվերապահորեն վկայում են առա­գաստային փոխանցման գոյության մասին։ Սակայն նույն փլատակներում պահպանվել են նաև տրոմպների քարեր, վերջիններս կարող են լինել կա՛մ կոմբինացված փոխանցման մասեր և կամ պատկանել արտաքին ճակատ­ների անկյունային մասերում տեղավորված խորշերին։ Պահպանվել են նաև գմբեթի քարերից, ընդ որում, պարզ է դառնում, որ թմբուկը ներսից եղել է շրջանաձև, իսկ դրսից՝ բազ­մանիստ։ Գմբեթի կիսասֆերան ձևավորված է եղել դեկորատիվ ճառագայթներով։ Նրանք հար և նման են նույն դարում հանդիպող ձևերին, սկսվում են կիսասֆերայի ներքևի մասից և բարձրանում վեր, մոտենալով միմ­յանց։ Սակայն, եթե այլ հուշարձաններում այդ ճառագայթները հարթ էին, ապա Զվարթ­նոցում նրանք ծածկված են գդալաձև զարդա­մոտիվներով, որոնք դեպի վեր նեղանում են, և փոքրանում է նրանց ռելիեֆը։
           Ժամանակին տաճարի պատերը ծածկված են եղել որմնանկարներով, իսկ արևելյան աբսիդը՝ ձևավորված խճանկարային մեծ կոմպոզիցիայով։ Վերջինիցս պահպանվել են շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչի մնացորդները միայն։ Արևելյան խաչաթևի առջև, դեպի կենտրոն, կառուցված է բեմը, որի աջակողմյան մասում պահպանվել են ամբիոնի մնացորդները։ Այս ամբողջ կա­ռուցվածքը ժամանակակից չէ տաճարին և համեմատաբար ավելի ուշ շրջանի գործ է հանդիսանում։             Որ Զվարթնոցի այս բեմը ավելի ուշ է կառուցվել, վկայում է նաև այն հան­գամանքը, որ նրա առաջամասի որմածքը դրված է կենտրոնական շրջանաձև կառուց­վածքի մնացորդների վրա, մի կառուցվածք, որը խորտակվել էր արաբական արշավանքների ժամանակ և հետագայում ծածկվել երեք մեծադիր սալերով։
            Տաճարում մի քանի անգամ վերակա­ռուցվել է աղոթարանը։ Առաջին վերակառուցումը, ամենայն հավանականությամբ, կատարվել IX դարում, երբ երկրաշարժից կործանված Դվինից այստեղ տեղափոխվեց կաթողիկոսարանը։ Եվ որովհետև Զվարթնոցը ավանդատներ չուներ, ապա, մինչև նրա արևելյան կողմում նոր ավանդատուն կառու­ցելը, եկեղեցու սկիհները և սրբազան անոթ­ները պահելու համար խորացրել են աբսիդը, ավելացրել երկու կողմերում դեպի ներքև իջնող աստիճանները և ամեն ինչ ծածկել փայտե գերաններով։ Սակայն, հայկական եկեղեցու ավանդական օրենքների համաձայն, տաճարի վեմ քարը պետք է հաստատուն հիմքի վրա դրված լիներ, այդ է պատճառը, որ բեմի առաջամասը զգալիորեն առաջ են բերել և հասցրել նույնիսկ մինչև կենտրոնական շրջանաձև կառուցվածքը։ Վերջինս ընդհան­րացվում է տաճարի մկրտարանի հետ, որն անշուշտ, ճիշտ չէ։ Մկրտությունը տաճարում կատարվում էր աբսիդի հետևի մասում դրված մի մեծ, միակտուր խորանարդաձև քարի մեջ փորված խաչաձև ավազանում։ Հայկական (ինչպես և սիրիական, բյուզանդական, վրացական) և ոչ մի եկեղեցում մկրտարանը տաճարի կենտրոնում չէր տեղավորվում։ Այստեղ ժամանակին, հավանաբար, բարձ­րացել էր մի ոչ մեծ սյունազարդ ռոտոնդաձև կառուցվածք, որն իր ցածրադիր մասով, ամենայն հավանականությամբ, խորհրդա­նշորեն պետք է ներկայացներ Խոր Վիրապի այն հորը, որտեղ, ըստ ավանդության, երկար տարիներ տանջվել էր Գրիգոր Լուսավորիչը։ Այստեղ, այս կառուցվածքի կենտրոնում բարձրացող հուշասյան մեջ էլ հավանաբար պահվում էին նրա մասունքները։
          Ոչ պակաս վարպետությամբ է մշակված տաճարի արտաքին ծավալները, նրա բազ­մանիստ ճակատները։ Տաճարը աչքի է ընկնում ճակատների արտակարգ հարուստ մշակումով, մի բան, որն այդ տարիներին եզակի երևույթ էր ոչ միայն հայկական, այլև ամբողջ վաղմիջնադարյան քրիստոնեական ճարտարապետության մեջ առհասարակ։ Համարձակորեն կարող ենք ասել, որ Զվարթնոցում, հատկապես, առաջին անգամ ամբողջ խորությամբ դրվեց և իր համապա­տասխան լուծումը գտավ պաշտամունքային կառուցվածքի արտաքին ճակատների մշակման խնդիրը և չենք կարող նշել այլ երկրներում կառուցված որևէ հուշարձան, որտեղ արտաքին ճակատների մշակումը հասցված լիներ նման կատարելության։
 
***
           Զվարթնոցի առաջին հարկաբաժինը, որն ընդգրկում է օղակաձև սրահը, ներկայացրել է 32 նիստ ունեցող մի բազմանիստ ծավալ, որի կողերը, բացառությամբ այն նիստերի, ոոտեղ տեղավորված են եղել մուտքերը, մշակված են եղել համանման և այս հանգամանքն էլ հենց արտակարգ միասնականություն է տվել կառուցվածքին, շեշտել ճարտարապետական ձևերի յուրովի ռիթմը։ Տաճարի արտաքին հարդարանքի հիմնական, որոշիչ ձևերն էին խուլ կամարաշարերը, որոնք գոտկել էին նրա թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարկաբաժինները։ Յուրաքանչյուր նիստի եզրամասում տեղա­վորված են եղել զույգ որմնասյուները, որոնց խարիսխները հենվել են եռաստիճան որմնախարիսխի   վերին   աստիճանի   վրա։ Որմնասյուները պսակվել են համանման մշակում ունեցող զուգադիր խոյակներով։ Արտաքին կամարաշարի առավել նշանա­կալից մասն է կազմել կամարաղեղը։ Վերջինս ունեցել է բավականին բարդ կառուցվածք։ Նրա ներքևի մասը ծածկված է եղել գծաքանդակներով, իսկ վերին, առաջինի նկատ­մամբ որոշ չափով դուրս եկող մասը՝ որթագալարի ողկույզներով և տերևներով, մի զարդաձև, որը լայն տարածում ուներ հայկական ճարտարապետության մեջ և լավ հայտնի էր թե՛ մինչև Զվարթնոցը, թե՛ Զվարթնոցից հետո։ Զարդամոտիվի մշակման վրա իր որոշակի կնիքն է դրել նրա զգալի բարձրության վրա տեղավորված լինելը, քանդակը պատկերված է ուժեղ, ընդհանուր գծերով և չկան այնտեղ այն առանձին մանրամասնությունները և դրվագավորումները, որոնք կարելի է տեսնել թեկուզ նույն Զվարթնոցում՝ համեմատաբար ավելի ցածր դասավորված շքամուտքերի կամարաղեղ­ների զարդաձևերում։
            Տաճարը շրջանցող կամարաշարի հետ օրգանական կապի մեջ է եղել նաև տաճարի հարդարանքի առավել արտահայտչական մասը խաղողի և նռան զարդագոտին։ Ձախ կողմում տեղավորված է եղել նռան ծառը, իսկ աջում՚խաղողի որթագալարը, որոնց՝ աս­տիճանաբար դեպի վեր և համապատաս­խանաբար դեպի աջ և ձախ բարձրացող ճյուղերը մոտենում են միմյանց կամարաղեղի ամենաբարձր կետում։ Այս զարդագոտու՝ ներքև ուղղված հատվածները բոլոր նիս­տերում էլ լուծվել են համանման ձևով, եռանկյունաձև տարածության կենտրոնում տեղավորվել են վերևից իջնող նռան մեծ, ուժեղ ելուստ ունեցող կիսագնդերը։
          Առավել ուշագրավն այն է, որ չնայած կոմպոզիցիոն լուծումների նույնակեր– պությանը և որոշակի ընդհանրություններին, զարդաքանդակներից և ոչ մեկը չի կրկնում մյուսին և ամեն մեկն ունի իր խիստ որոշակի, յուրահատուկ գծերը։ Զարդագոտին մշակված է հիմնականում հարթաքանդակային սկզբուն­քով, և ո՛չ նռան պտուղները, ո՛չ էլ խաղողի ողկույզները չեն առաջանում գոտին երիզող շրջանակի նկատմամբ։ Որոշակիորեն զգաց­վում է որմնանկարչական ձևերի ազդեցու­թյունը։ Դժվար չէ տեսնել, որ զարդագոտին ոչ այլ ինչ է, քան ազատ նկարված (թեև մի որոշակի համակարգ ունեցող) տարրերի զուգակցում, որտեղ իսպառ բացակայում է շաբլոնը և ոչինչ չի կաշկանդել քանդակագործի ստեղծագործական որոնումները։ Սակայն այդ, ընդհանրապես հարթ ձևեր ունեցող զարդագոտու վրա, որպես առանձին կղզյակներ վեր են բարձրացել կամարա­ղեղների հատման անկյուններում տեղա­վորված մեծ, զգալի ելուստ ունեցող նռան քանդակները, որոնք խիստ անջատվում են թե՛ կամարաղեղից, թե՛ զարդագոտուց, և հարթ, ողորկ, եռանկյունաձևքարերի վրա ստեղծում լույսի և ստվերի հակադրությամբ ներշնչված ուշագրավ հանգույցներ։ Լավ լուսավորված հարավային արևի ճառագայթներով՝ այդ հանգույցները պետք է որ անմիջապես աչքի ընկնեին և իրենց վրա գրավեին դիտողի ուշադրությունը։ Թվում է, որ այս ամենը ամենասերտ կերպով կապված է նրանցից անմիջապես ցած դասավորված պատկերա­քանդակների առկայության հետ, և ճար­տարապետի նպատակն է եղել մնացած բոլոր մանրամասներից այնքան խիստ տարբերվող նռան քանդակների միջոցով առանձնակի շեշտել այս հատվածները և դիտողի ուշադ­րությունը հրավիրել դրանց վրա։ Պատ­կերաքանդակներից (թվով 32) մեզ են հասել ընդամենը իննը, ընդ որում քիչ թե շատ բարվոք վիճակում՝միայն յոթը։ Այստեղ պատկերված են քարտաշ և որմնադիր վարպետների գործիքները ձեռքներին բռնած մարդիկ, ընդ որում պահպանված դիմաքանդակներից միայն մեկը ունի հոգևորականի վեղար։ Աջակողմյան մասում փորագրված է նրա անունը՝«3ոհան»։
            Բ.Առաքելյանը նշում է, որ հետազոտողները իրավացիորեն այդ քանդակները համարում են կառուցող (քարգործ-քանդակագործ) վարպետների պատկերներ։ Այլ շինությունների վրա հանդիպող կտիտորների և հոգևորականների քանդակները հնարավոր չէ համեմատել կամ շփոթել Զվարթնոցի քանդակների հետ։ Հոգևորականի տեսքով և անվան հիշատակությամբ Յոհանը տար­բերվում Է մյուս շինարարներից և այն ենթադրությունը, որ դա կարոդ է տաճարը կառուցող ճարտարապետի կամ գլխավոր վարպետի պատկերը լինել, թեև թեական, բայց հավանական տեսակետ է։ Մեր կարծիքով այստեղ հնարավոր է նաև այլ մեկնաբա­նություն։ Եթե այդ պատվին արժանացած լիներ միայն Յոհանը, ապա պարզ է, որ նրան շեշտելու, մյուսներից առանձնացնելու ցան­կությունը անշուշտ կդրսևորվեր և՛ կատարման տեխնիկայում, և՛ նրա ընդհանուր կերպարում։ Մինչդեռ, ինչպես դժվար չէ նկատել, Յոհանի պատկերաքանդակը ոչնչով չի տարբերվում մյուս, ճիշտ նույնանման մշակում ունեցող պատկերաքանդակներից։ Մյուս կողմից, եթե ընդունենք, որ այստեղ իսկապես պատկերված են եղել տաճարը կառուցող վարպետները, ապա համանման երևույթ պետք է տեսնեինք և՛ Պտղնիում, և՛ Հռիփսիմեում, և՛ Գայանեում, և՛ Թալինում ու շատ այլ. կառուցվածքներում, որոնք անհամեմատ ավելի լավ են պահ­պանվել։ Սակայն նման բան չկա ոչ մի տեղ, և մեզ հայտնի չէ դրանք կառուցող ճարտա­րապետների անունները, ճիշտ այնպես, ինչպես նույն դարի պատմիչները ոչինչ չեն հիշատակում նաև Զվարթնոցի ճարտարա­պետի մասին։ Թվում է, որ այստեղ կառուցող վարպետների   գործիքները   ձեռքներին պատկերված են ֆեոդալական (աշխարհիկ և հոգևորական) վերնախավի այն ներկայա­ցուցիչները, որոնք անմիջական մասնակ­ցություն են ունեցել տաճարի շինարա­րությանը և հենց դրա համար էլ արժանացել են այդ պատվին։ Իսկ այդպիսի պատկերա­քանդակներ լայն տարածված են VII դարի հուշարձաններում։ Դրանք կարելի Է տեսնել և՛ Պեմզաշենում, և՛ Պտղնիում, և՛ Մրենում ու Սիսավանում։ Ինչ վերաբերում Է շինարա­րական գործիքներին (որոնք հիմք են ծառայել պատկերաքանդակները շինարար վար­պետներին վերագրելու), ապա պետք է ասել, որ   հնում քրիստոնեական   տաճարներ կառուցելը համարվել է ամենապատվաբեր գործերից մեկը։ Ագաթանգեղոսը պատկերում Է Տրդատ թագավորին և Գրիգոր Լուսավորչին որպես շինարար վարպետներ Հռիփսիմյանների դամբարանները կառուցելիս, Տրդատը իր ուսերին դրած քարեր է բերում, իսկ Գրիգոր Լուսավորիչը լարը ձեռքին նշագծում կառուցվելիք դամբարանի պատերը։
            Յոհանի պատկերված լինելը հոգևորակա­նի, հագուստով նույնպես չպետք է զարմացնի, որովհետև այն ժամանակ քիչ հոգևորականներ չկային, որ անմիջապես մասնակցում էին այս կամ այն պաշտամունքային կառուցվածքի շինարարությանը։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ Զվարթնոցում, անշուշտ, եղել են Ներսես կաթողիկոսի և նրա տեղապահի՝ Անաստասի պատկերաքանդակները, ճիշտ այնպես, ինչպես նույն դարավերջի գործ հանդիսացող Սիսավանի տաճարում Սյունյաց տեր Կոհազատ իշխանի հետ միասին պատ­կերված են բարձրաստիճան հոգևորականներ։
         Առաջին հարկաբաժնի հաջորդ կարևոր մասը շրջանաձև լուսամուտների գոտին է, լուսամուտներ, որոնց պսակները ունեցել են ամենատարբեր մշակումներ, մեզ է հասել առնվազն յոթ տարբերակ։
           Տաճարի փլատակների մեջ հայտնա­բերվել է նաև արևի ժամացույցը, որը, ինչպես մյուս բոլոր հուշարձաններում, պետք է որ տեղավորված լիներ տաճարի հարավային պատի վրա։ Հայկական հուշարձաններում հայտնի արևի ժամացույցները սովորաբար ունեն կիսաշրջանաձև եզրանկար, մինչդեռ Զվարթնոցի ժամացույցը ճիշտ շրջագծային է և, ամենայն հավանականությամբ, նրա այդ ձևը թելադրված է եղել հարավային ճակատի շրջանաձև լուսամուտների շարքում տեղա­վորված լինելու հանգամանքով։ Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում տաճարի շքամուտքերը, որոնց առաջացող սրա­հակները ճակատային կողմից մշակված են եղել նուրբ բազմազան զարդաձևերով։ Տա­ճարի առավել արտահայտիչ տարրերի թվին են պատկանում նրա բազմանիստ հար­թությունները պսակող շրջանաձև քիվերը։ Բոլոր հարկաբաժինների քիվերում էլ թեքադիր մասը մշակված է հյուսածո զար­դաձևերով, իսկ ճակատային մասը՝քառակուսի և ուղղանկյուն զարդաձևերով։ Զվարթնոցի քիվի ձևերը մեծ ազդեցություն ունեցաննրանից հետո կառուցված հուշարձանների քիվերի ձևերի վրա և այստեղ մշակված սկզբունքները շարունակում են կիրառվել ամբողջ միջնադարի ընթացքում։
           Զվարթնոցի առաջին հարկաբաժնի ճար­տարապետական ձևերի այսքան մանրամասն ներկայացնելը անշուշտ պատահական չէր։ Տաճարի փլատակներում գերակշռող մեծա­մասնությունը կազմում են հենց առաջին հարկաբաժնի քարերը։ Վերին հարկաբաժիններից, երկրորդ հարկաբաժնից և հատ­կապես թմբուկից առանձին քարեր են մնացել միայն, և հենց այդ է պատճառը, որ եթե առաջին հարկաբաժինը հնարավոր է վերակազմել որոշակի ճշտությամբ, նույնը չի կարելի ասել վերին հարկաբաժինների մասին։ Երկրորդ հարկաբաժնի քարերից պահպանվել են լուսամուտների կամարաղեղների առանձին քարերը, նիստերի եզրերը ձևավորող որմնա­սյուների քարերը, քիվերի քարերը և այլն։ Թմբուկից պահպանվելեն ընդամենը մի քանի քար՝արտաքին նիստերի եզրամասերի քարերը և շրջանաձև քիվի քարերը։ Տաճարի փլատակներում պահպանվել են բազմաթիվ կղմինդրներ, որոնց մի մասի վրա առկա է կրաբետոնի հետ ամրացվող երկաթե գամերի համար արված անցքերը։
           Այս պայմաններում Զվարթնոցի ուսումնա­սիրությունը, որը հայտնի դառնալուց հետո անմիջապես իր վրա բևեռեց մի շարք հետազոտողների ուշադրությունը, անշուշտ, զգալի դժվարություններ էր հարուցում։ Բանն այն է, որ ոչ միայն անհայտ էին մնում տաճարի վերին հարկաբաժինները (ինչպես կտեսնենք, տարաձայնություններն առավելապես վերա­բերում են կառուցվածքի հենց այս մասերին), այլև առեղծվածային էր թվում նույնիսկ առաջին հարկաբաժնի ծածկի հարցը՝ ներքին տետրակոնխի և արտաքին բոլորաձև պատի ընդհանուր ձևերի խիստ անհամապա­տասխանության հետևանքով։ Եվ իսկապես, ինչպես էր ծածկվել օղակաձև շրջասրահը, ինչպիսի ծավալային լուծում ուներ տաճարն ընդհանրապես։ Ահա այս հարցերին չի կարելի անդրադառնալ՝ չքննելով տաճարի հետազոտության պատմությունը, որովհետև միայն այդ դեպքում է կարելի պարզել նրա հնարավոր հորինվածքը, գտնել նրա հիմնական տարա­ծական լուծումը, առանց որի պարզապես անհնարին է որոշել այս նշանավոր կառույցի տեղն ու նշանակությունը հայկական վաղ֊ միջնադարյան ճարտարապետության մեջ ընհանրապես։
*   *   *
            Զվարթնոցի գիտական ուսումնասի­րության հետ անքակտելիորեն կապված է Թորոս Թորամանյանի անունը։ Նա էր, որ անձամբ մասնակցեց պեղումներին, փրկեց շատ բեկորներ անճարակ պեղողների ձեռքից և, դեռևս պեղումները չավարտած, կազմեց տաճարի վերակազմության իր նախագիծը։ Թորամանյանն առաջինն էր, որ ցույց տվեց, թե ինչպես էին համակերպվել ներքին տետրակոնխը և արտաքին բոլորաձև պատը, և ինչպես էր Զվարթնոցի ճարտարապետը լայնաթռիչք կամարներ ձգել յուրաքանչյուր մույթի հե­տևում դրված առանձին.կանգնած սյուներից մինչև աբսիդների կենտրոնները և այդ ութ կամարների միջոցով ստացվող շրջագծային հենարանի վրա դրել օղակաձև թաղի՝ դեպի ներս նայող կրունկը։ Այժմ ամեն ինչ պարզ է, հասկանալի, թվում է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սակայն Թորամանյանն էր, որ կա­րողացավ հենց նոր պեղված հուշարձանի փլատակների մեջ հայտնաբերել ոչ մի այլ հուշարձանում իրեն զուգահեռը չունեցող այդ արտակարգ համարձակ կոնստրուկցիան, գտնել Զվարթնոցի եռահարկ հորինվածքի վերակազմության բանալին։
Թորամանյանի կարծիքով, օղակաձև սրահը ունեցել է նաև երկրորդ հարկ, որը բացվածքների միջոցով հաղորդակցվել է տաճարի ինտերյերի հետ և լուսավորվել բոլորաձև լուսամուտների միջոցով։ Նրա գծագրերում հանդիպում ենք վերնահարկի երկու տարբերակի։ Մի դեպքում այն սյունազարդ է և տաճարի ինտերյերի հետ կապվում է բաց կամարաշարի միջոցով, իսկ մյուս դեպքում նրա պարագծով ձգվում են մեծ սեգմենտաձև սենյակներ։ Այս վերջին տարբե­րակը տեսնում ենք նաև ավելի ուշ կատարված Գագկաշենի վերակազմության նախագծում։
             Ինչ վերաբերում է երկրորդ հարկաբաժնին, ապա այստեղ ներսի քառակոնխ կոմպո­զիցիան շրջապատված է բոլորաձև պատով, որի մեջ էլ բացված են արտաքին ճակատի 32 լուսամուտները։ Թորամանյանի կարծիքով, թմբուկը ունեցել է 16 նիստ, և մշակված է եղել խուլ կամարաշարով։ Գմբեթը արտաքինից նա պատկերել է կոնաձև, թեև տեքստում նշում է, որ գմբեթը եղել է կղմինդրածածկ, և ունեցել է սֆերիկ եզրաձև։
            Թորամանյանի վերակազմության այս նախագիծը սկզբում մեծ վեճեր առաջացրեց, սակայն դրանք հիմնականում դադարեցին, երբ 1905թ. Ն.Մառի կողմից Անիում հայտնա­բերվեց Գագկաշենի մոդելը, որի ընդհանուր ձևերը համընկան Զվարթնոցի՝ Թորամանյանի վերակազմության հետ։ Ավելի ուշ վեճերը կրկին բորբոքվեցին։ Եվ իսկապես, թե Զվարթ­նոցի, թե՛ Գագկաշենի փլատակներում այդպես էլ չհայտնաբերվեց վերնահարկ տանող աստի­ճանի և ոչ մի հետք, իսկ երկրորդ հարկաբաժնի 32 լուսամուտներից (Գագկաշենում՝ 36) ինտերյերները կարող են լուսավորել միայն 12-ը։ Եվ եթե Թորամանյանը սկզբնական շրջանում (1905թ.) ենթադրում էր, որ արևելյան ուղղանկյան հավելվածում են տեղավորված եղել վերնահարկ տանող աստիճանները, որովհետև, ինչպես իրավացիորեն նշում է նա, տաճարի մեջ չկա և ոչ մի այլ հնարավորու­թյուն աստիճաններ դասավորելու համար, ար­դեն 1906թ. նա փոխում է իր կարծիքը, արևել­յան այս հավելվածքը համարելով ավանդա­տուն, դեպի վեր տանող աստիճանների տեղբաշխման հարցը թողնում է բաց։ Այս հարցում, անշուշտ, էական նշանակություն է ունեցել                          Գագկաշենի հայտնաբերումը, որտեղ ոչ մի նման ուղղանկյուն հավելվածք չկա և տաճարի արևելյան պատին հպված փոքրիկ ավանդատունը ժամանակակից չէ տաճարին, այլ կցվել է հետագայում։ Այն հանգամանքը, որ Թորամանյանը նույնիսկ իր վերջին շրջանի հոդվածներում հարցականի տակ էր դնում Զվարթնոցի աստիճանների տեղաբաշխումը և թողնում հետագայում պարզելուն, բնավ էլ պատահական չպետք է համարել։ Իսկապես, եթե վերնահարկ տանող աստիճանները տե­ղավորված են եղել ուղղանկյուն հավելվածքում, ապա ո՞ւր են նրանց հիմքերը, չէ՞ որ մոտ 12 մետր բարձրություն ունեցող քարե աստի­ճանները պիտի ունենային համապատաս­խան հիմքեր, և դրանք չէին կարող անհետ կորչել, չթողնելով ոչ մի հետք։ Իսկ ենթադրել, որ ի հակադրություն հայկական ճարտա­րապետության դարավոր ավանդույթների, երբ նույնիսկ երկրորդական հուշարձան­ներում աստիճանները արվում էին քարից, այստեղ՝ Զվարթնոցում, աստիճանները եղել են փայտից, անհիմն կլիներ։
            Սիրիական, բյուզանդական հուշարձան­ներում վերնահարկեր տանող աստիճանները կապիտալ կառուցվածքներ են, որպես կանոն, տեղավորված տաճարի արևմտյան մուտքի երկու կողմերում։ Հայկական հուշարձաննե­րում նույնիսկ ավանդատներ տանող աստի­ճանները (որտեղ պետք է բարձրանային ամենաշատը 3-4 մարդ) դարձյալ արվում են քարից, և մենք չենք կարող նշել թեկուզ երկ­րորդական, ամենափոքր հուշարձան, որտեղ աստիճանները լինեին փայտից։ Ինչպես Թորամանյանն է ասել, «այդ տեսակ հսկա շենքի մը ճարտարապետը, որ հանճարի թռիչքներ ունեցեր է, որ գիտցեր է ամեն բան աննման վայելչությամբ, հիանալի պատշաճությամբ և հազվագյուտ նրբամտությամբ հղանալ, դա­սավորել և զարդարել, մի՞թե կարող էր շար­ժական սանդուխով մը բարձրանալու հասա­րակ և գռեհիկ
1․Թ․ Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության,, հ․ առաջին, էջ 149:

միջոցին դիմել։ Այս ենթադրու­թյունը պարզապես նախատական կգտնեմ այդ մեծ արվեստագետի հանճարին համար»1։

            Թ.Թորամանյանի վերակագմության առանձին հանգույցները վեճերի առարկա դարձան դեռևս դարասկզբին, ընդ որում 1907թ. արդեն ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանը նշում է այդ մասին։ Դրանք են առաջին հարկաբաժնի վրա ենթադրվող վերնահարկը (ուր չի տանում և ոչ մի աստիճան) և երկրորդ հարկաբաժնի ռոտոնդաձև հորին­վածքը, որի վրա բացվող 32 լուսամուտներից միայն 12-ն են լուսավորում տաճարը, իսկ մնացած 20-ը.բացվում են անկյուններում ստացվող նեղ, անօգտագործելի տարածու­թյուններում։ Գագկաշենի պեղումները, ձեռ­նարկված Մառի կողմից 1905թ. Անիում, նույնպես չփոխեցին իրադրությունը։ Այս տա­ճարը ևս չլուծեց վերակազմության մեջ վերը նշված հակասությունները, թեև տաճարի ռոտոնդաձև մոդելի հայտնաբերումը համըն­կավ Զվարթնոցի՝ Թորամանյանի վերակագ­մության հետ։ Գագկաշենում ևս չկա վեր տա­նող ոչ մի աստիճան և այստեղ ևս պարզ չէ, թե ինչպես է լուսավորվել տաճարի երկրորդ հարկաբաժինը։ Պատահական չէ, որ Թորամանյանը ոչ Զվարթնոցի, ո՛չ էլ Գագկաշենի վերակազմությունների ոչ մի գծագրում չի նշում այդ աստիճանների՝ նույնիսկ ենթադրյալ տեղաբաշխումը, և Գագկաշենի վերակագ­մության մեջ ևս նույնությամբ պահպանվել է երկրորդ հարկաբաժնի լուսամուտների նույն դասավորությունը։
Սրանք հարցեր էին, որոնք չէին կարող աննկատ մնալ ուսումնասիրողների աչքից. նույնն.Մառը, որն առանձնակի հետաքրքրվում էր զվարթնոցատիպ տաճարներով և ինքն էր 1906թ. առաջին անգամ հրատարակել Գագ­կաշենի Թորամանյանի վերակազմությունը, 1915թ. գրում է, որ տաճարի փլատակները դեռևս սպասում են մի նոր, բոլորի համար ընդունելի վերակագմության նախագծի։
            1918թ. այս հարցերին ավելի հանգա­մանորեն անդրադարձավ Յ.Ատրժիգովսկին։ Վիճարկելով վերնահարկի գոյությունը, նշելով որ այն միանգամայն խորթ է հայկական ճարտարապետությանն առհասարակ, նա, առանձնակի կանգ առնելով վերնահարկի գոյության միակ հնարավոր կռվանի՝ կլոր լուսամուտների վրա, գրում է, որ «նրանք կարող էին հավասարեցնել արտաքին հար­դարանքի և ներքին ճարտարապետական ձևերի բարձրությունների միջև եղած տար­բերությունները»։ Իր կարծիքը հիմնավորելու համար նա բերում է օրինակներ (Թալին, Բագարան) և ցույց տալիս, որ VII դարում հուշարձանների վերին մասերում կլոր լուսա­մուտների օգտագործումը բնավ էլ եզակի երևույթ չէր։
Հետագայում Զվարթնոցին անդրա­դարձավ Ա.Վ.Կուզնեցովը, որը համաշխար­հային ճարտարապետության առավել նշա­նավոր կոթողների վերլուծության հետ միասին վերլուծում է նաև Զվարթնոցը։ Նա ևս, ըստ էության, հանգում է նույն եզրակացությանը, նշելով որ Թորամանյանի նախագծում բաց է մնացել վերնահարկի հարցը, և երկրորդ հարկաբաժնի քառաթև հորինվածքը շրջան­ցող բոլորաձև պատը՝ նրա վրա բացվող կեղծ լուսամուտներով, ոչ միայն ավելորդ է կոնստրուկտիվ տեսակետից, այլև վտան­գավոր, որովհետև կառաջացներ առանձին կանգնած սյուների կործանիչ գերլարում։ Ելնելով այս ամենից՝ նա առաջարկում է Զվարթնոցի վերակազմության իր ուրվա­նկարը՝ երկրորդ հարկաբաժնի քառաթև հորինվածքով հանդերձ։
            Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ վե­ճերը, ծավալված ավելի քան կես դար առաջ, չդադարեցին նաև հետագայում, և յուրա­քանչյուր ուսումնասիրող, որը զբաղվել է Զվարթնոցով, ձգտել է որևէ կերպ լուծել այն հակասությունները, որոնք առկա էին Թո­րամանյանի նախագծում2։
2․Ժամանակին Զվարթնոցին  են անդրադարձել նաև Ռ․ Աղաբաբյանը, որը կասկածի տակ էր առնում Թորամանյանի վերակազմության՝ խիստ վեր ձգված համաչափությունները և Ն․ Մ․ Տոկարսկին, որը վիճարկում էր վերնահարկի կոմպոզիցիան:
Երկրորդ հաչկաբաժնի այս յակասության հետ բախվեցին Կ․ Ղաֆադարյանը և Գ․ Քոչարը, երբ իրականացվում էր Հայաստանի Պետական պատմական թանգարանի Զվարթնոցի մոդելը:
Նրանք ևս չէին կարող
թույլ տալ կեղծ լուսամուտների առկայությունը, 
և հոծ որմածքով լցրեցին երկրորդ հարկաբաժնի
անկյունային հատվածները, փակեցին
անկյու­նագծային ուղղությամբ
տեղավորված լուսամուտները՝ ստեղծելով  փաստորեն  երկրորդ   հարկաբաժնի 
իանգամայն նոր հորինվածք
ռոտոնդաձև եզրագծի 
պահպանման պայմաններում։ 
Տ.Մարությանը փորձում է 
արդարացնել անկյունային մասերի 
կեղծ լուսամուտ­ների գոյությունը, 
պատկերելով այդ հատվածները 
որպես երրորդ հարկի (20 մետր
բարձրության վրա գտնվող) 
վերնահարկի լուսամուտներ,
ուր բարձրացել են դարձյալ փայտե, 
սակայն այս անգամ արդեն պտուտակավոր
աստիճաններով Տ.Մարության, Զվարթնոց և 
զվարթնոցատիպ տաճարներ, Երևան, 1963, էջ 43)։
3․ Ս․ Խ, Մնացականյան, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971, էջ 88:
4․Ս․ Խ, Մնացականյան,, մշվ․ աշխ, էջ 81-105:
5․․ Մույն տեղում, գծ․ 30:
 
Ցավոք, մեզ չեն հասել Թորամանյանի բոլոր գծագրերը։ Այս պայմաններում առանձ­նակի հետաքրքրություն է ներկայացնում նրա՝ ցածրանիստ համաչափություններ ունեցող տարբերակը, որից մեզ է հասել ճակատի գծագրի լուսանկարը։ Դժվար չէ կռահել, որ վերակազմության այս տարբերակը կարող էր ստացվել միայն երկու դեպքում, կա՛մ այստեղ բաց էին թողնվել կրկնակի կորության կամարները (որոնք, ի դեպ, կազմում են Զվարթնոցի վերակազմության հիմքը), կա՛մ, և որը ավելի տրամաբանական է, Թորամանյանը թերևս ունեցել է մի տարբերակ ևս, որտեղ բնավ չի եղել վերնահարկը։ Բացի ճակատի գծագրից, այս համաչափություններն ունի Թորամանյանի ամենավերջին վերակազմությունը՝ 1911թ. հրատարակված տաճարի մոդելը։
        Այսպիսով, հավանական է, որ, ինչպես հայկական միջնադարյան այլ հուշարձան­ներում, այնպես էլ Զվարթնոցում, չի եղել վերնահարկ3։ VII դարի հայկական ճար­տարապետական մշակույթը գտնվում էր ընդհանուր ճարտարապետական մտքի զարգացման առաջավոր դիրքերում և նույն խնդիրները, որոնք ծառացել էին սիրիական և  բյուզանդական ճարտարապետների առջև հատկապես լայնածավալ կենտրոնագմբեթ հորինվածքների մշակման բնագավառում, մտահոգում էին նաև հայ ճարտարապետ­ներին։ Զվարթնոցի ճարտարապետին, ան­շուշտ, լավ հայտնի էին և՛ Աելևկիան, և՛ Բոսրան, և՛ Ռավեննան։ Սակայն նա չգնաց բյուզանդական   ձևերի   ընդօրինակման
ճանապարհով, մշակեց իր երկրին, իր ազ­գային ճարտարապետական մշակույթին հա­րազատ ձևեր՝ լիովին հրաժարվելով բյուզան­դական ճարտարապետության համանման հորինվածքների այնպիսի օրգանական մա­սերից, ինչպիսիք էին վերնահարկերը։ Այս հարցում, անշուշտ, նշանակություն են ունեցել ոչ միայն ազգային խառնվածքն ու սոցիալ-քաղաքական նախադրյալները (Բյուզան– դիայում վերնահարկերը սովորաբար նախա­տեսվում էին բարձրաստիճան ավագանու համար), այլև կոնստրուկտիվ հարցերը։
    Անցնենք Զվարթնոցի վերակազմության մյուս հանգուցային հարցին՝ երկրորդ հարկաբաժնի ընդհանուր հորինվածքին։ Վերը նշվեց, որ վերնահարկի հետ միասին տաճարի հենց այս մասն էր, որ մեծ վեճերի առարկա էր դարձել։ Բանն այն է, որ տաճարի երկրորդ հարկաբաժնի հիմնական մասը հանդիսացող քառաթև աբսիդների շարունակությունը կազմող հատվածը Թորամանյանի վերակազ­մության մեջ շրջապատված է բազմանիստ շրջանաձև մի պատով, որը անկյունագծային ուղղություններում առաջացնում է ութ եռանկյուն՝ սեգմենտաձև անօգտագործելի տարածություններ։ Նրանց մեջ էլ բացվում են այդ պատի վրա տեղավորված 32 լուսա­մուտներից 20-ը։ Ամբողջ հայկական ճար­տարապետության մեջ չենք կարող նշել ոչ մի կեղծ, ոչինչ չլուսավորող, աննպատակ լուսա­մուտ, ոչ մի բացվածք կամ ծավալ, արված միայն դեկորատիվ նպատակներով։ Հայկական ճարտարապետությունը աչքի է ընկնում կոնստրուկտիվ հարցերի լուծման արտակարգ հստակությամբ և այստեղ երբեք կանխա­մտածված ձևը չի գերշիխում հորինվածքի ֆունկցիոնալ տրամաբանության վրա։ Այս պայմաններում պատահական չէ, որ հետազոտողները ուղիներ են որոնել դուրս գալու ստեղծված իրադրությունից
           Առաջարկված տարբերակներում (Կ.Ղաֆադարյան, Գ,Քոչոյան և Տ.Մարության) հիմնական դժվարությունները առաջանում են երկրորդ հարկաբաժնի ռուոոնդաձև պատի և հատկապես նրա վրա հղած բազմաթիվ լուսամուտների պահպանման ցանկությունից։ Այս առումով հետաքրքիր է այն ուղղությունը, որը ելնում է հենց այդ, ֆունկցիոնալ տեսա­կետից ավելորդ պատի վերացման դրույթից։ Ա.Վ.Կուզնեցովի առաջարկած տարբերակը, թերևս, առավել կոնստրուկտիվն է բոլոր առաջարկությունների մեջ, թեև չի կարելի ժխտել այն որոշակի դժվարությունները, որը առաջանում է տաճարի ծավալատարածական հորինվածքում առաջին հարկաբաժնի ռոտոնդաձև լուծման և երկրորդ հարկաբաժնի քառաթև կոմպոզիցիայի համակերպման հարցում։ Այդ դրույթներն իրենց զարգացումն են գտել մեր վերակազմության առաջին տարբերակում4։ Այս նախագծում տաճարի երկրորդ հարկաբաժինը կազմում է առաջին հարկաբաժնի ներքին տետրակոնխի անմի­ջական շարունակությունը, և դրսում նրա չորս աբսիդներն էլ դրսևորվում են իրենց կոնստրուկտիվ ձևերի ամբողջ հստակու­թյամբ։
          Ինչ վերաբերում է թմբուկին, ապա հայտ­նաբերվեցին նաև նրա քարերը, նա ունեցել է 12 նիստ, իսկ անկյունային մասերը, հավանա­բար, ձևավորված են եղել եռանկյունաձև խորշերով, հար և նման Մաստարայի և Գառնահովիտի թմբուկների խորշերին։ Գմբե­թը ծածկված է եղել կղմինդրով։
Մեր կարծիքով միանգամայն հնարավոր է նաև երրորդ տարբերակը, որտեղ մույթերի երկու կողմերում տեղավորված, VII դարում այնքան լավ հայտնի եռանկյունաձև խորշերը հնարավորություն են տալիս ոչ միայն հեռացնել ավելորդ բեռը, այլև հուսալիորեն լուսավորել տաճարը՝ պահպանելով երկրորդ հարկաբաժնի ընդհանուր ռոտոնդաձև հորինվածքը5։
           Ավարտելով Զվարթնոցի ճարտարա­պետական հորինվածքի ուսումնասիրության պատմության տեսությունը, որը այնքան անմիջականորեն առնչվում է նշանավոր կոթողի ծավալային կերպարի պատկերման հետ, կարող ենք նշել, որ Զվարթնոցը մի նոր էջ բացեց հայ ճարտարապետության պատ­մության մեջ, և նրա վերակազմության նախա­գիծը, կազմված մեծանուն գիտնական Թորոս Թորամանյանի կողմից, աոաջին անգամ գի­տական հասարակության առջև դրեց այդ նշա­նավոր տաճարի պատկերը։ Սակայն, դժբախ­տաբար, շատ քիչ բան է մնացել տաճարից, հատկապես նրա վերին հարկաբաժիններից։ Եվ պատահական չէր, որ Թորամանյանի վերակազմության մեջ որոշ հանգույցներ մնացին չլուծված, նա մինչև իր կյանքի վերջը անընդհատ պրպտումներ էր կատարում, նորանոր փաստեր որոնում։ Այդ հանգույցները վեճերի առարկա դարձան և դրանց անդրա­դարձան բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հիմնավոր կերպով զբաղվեցին Զվարթնոցով։ Եղան թեր և դեմ կարծիքներ, հրապարակվեցին այդ հանգույցների մշակման մի շարք նախա­գծեր։ Սակայն պետք է ասել, որ տաճարի վե­րին հարկաբաժիններն ընդհանրապես և երկրորդ հարկաբաժնի հորինվածքը հատկա­պես պարզապես հնարավոր չէ լուծել փաստա­գրական ճշտությամբ, անվերապահորեն մշակված ձևերով։ Այս մասերի հազարավոր քարերից պահպանվել է ընդամենը երկու տասնյակ քար և առաջադրված բոլոր նախագծերն էլ որոշ առումով չեն անցնում ենթադրությունների շրջանակներից։ Սակայն այս նախագծերի առկայությունը չի բացառում նորանոր հետազոտությունների հնարավորու­թյունը, նոր տարբերակների մշակումը, և կաս­կած չի կարող լինել, որ Զվարթնոցը դեռևս երկար տարիներ կմնա հայկական ճարտարա­պետության գիտական հետազոտությունների առարկա։
 

Ս, Մնացականյան, Օղակաձև սրահով քառաբսիդ հուշարձաններ, Զվարթնոց, Հայկական ճարտարապետության պատմություն, հ.. 3, էջ 138-151:

Գլխանկարը՝ https://www.google.am/search?q=%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%A9%D5%B6%D5%B...

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276779
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52