Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

          Ծիծեռնավանքը Հայաստանի նշանավոր ուխտավայր-եկեղեցիներից է՝ կառուցված համանուն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, Հակարի գետի Աղավնո վտակի աջ ափին, Աղավնոյի և Խոզնավար ձորերով եզերված հրվանդանի վրա:  Պատմական Սյունիքի Աղահեճ (Քաշաթաղ) գավառում վաղ միջնադարում հիմնված այս եկեղեցին հնուց ի վեր եղել է հայոց սիրված ուխտատեղիներից մեկը, ուր առանձնապես շուքով են նշվել Ս. Համբարձման և Ս. Խաչի տոները։                                              
       Վանքը հայտնի է Ծիծեռնավանք, Ծիծառնավանք, Ծիծեռնակավանք, Ծիծառնեկու, Ծիծառնա-, Ծիծառնո-, Ծիծառնու–, Ծիծեռնակի - վանք անվանումներով։ Ըստ ավանդու­թյան՝ այստեղ է թաղված Պետրոս առաքյալի ճկույթը, որից էլ վանքը ստացել է իր անվանումը (հին հայերենում ծիծեռն կաճ ծծեռն նշանակում է ճկույթ)։ Միջնադարյան ներբողներից մեկում Ծիծեոնավանքն անվանվում է Մատնեվանք, ինչն անկասկած առնչ­վում է սրբի մատի այստեղ թաղված լինելու առասպելին։ Ուշագրավ է, որ Ս. Խաչի գերեվարման և Հերակլ կայսեր կողմից 614-ին այն Երուսաղեմ վերադարձնելու հայկա­կան ավանդություններում Քրիստոսի խաչելության խաչափայտը կոչվում Է նաև «Ծիծեռնայ խաչ»: Կա նաև այլ կարծիք, համաձայն որի վանքն իր անվանումը ստացել Է ժո­ղովրդի սիրած և պաշտամունքի առարկա թռչնի՝ ծիծեռնակի անվանումից։ Ուշագրավ է Ծիծեռնավանքի հետ կապված մեկ այլ առասպել, համաձայն որի եկեղեցու շինարարու­թյան ժամանակ օձը թունավորում է հարյուրավոր մշակների համար մեկ մեծ կաթսայում եփված ճաշը։ Այդ տեսնելով մի ագռավ թևածում և զգուշացնում է մարդկանց, սակայն վերջիններս չհասկանալով թռչնի վարքը, սատկեցնում են նրան։ Այնուհետ իրազեկ դառ­նալով եղելությանը, ագռավին պատվով թաղում են, տեղը կոչում Ագռավի Գերեզման, իսկ եկեղեցու պատին քանդակում օձի պատկերը։ Հավանաբար այս ավանդության համար քիմք է ծառայել կենտրոնական նավի հյուսիսային մույթերից մեկի իրար փաթաթված երեք օձերի եզակի հարթաքանդակը։ 
      Ծիծեռնավանքը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սյունյաց նախարար Վասակի որդի Փիլիպպեի 844 թ.՝ Տաթև գյուղը Տաթևի վանքին հանձնելու նվիրատվական փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ, որին մասնակցող անձանց թվում հիշատակվում Է նաև Ծիծեռնավանքի վանական Ստեփանոսը։ Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշատակում Է Սյունիքի եկեղեցիների շարքում՝ որպես նա­հանգի 30 նշանավոր վանքերից մեկը, որը պատկանում էր Տաթևի թեմին։ XIII դ. վանքի շրջակայքում տարածվող Ծիծեռուվանք գյուղը Տաթևի վանքին տարեկան վճարում էր 10 արծաթ հարկ։ Հարկի չափը վկայում է գյուղի միջինից փոքր ինչ մեծ շեն լինելը։ «Ծիծեռնայ վանքը» վկայված է նաև Վարդան վարդապետի Աշխարհացույցում։ 1999 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված Մարկոս Պարունտերի (պարոնտերի) տա­պանաքարը լրացնում Է XV-XVI դդ. հայոց վերնախավի մասին մեր ունեցած կցկտուր տե­ղեկությունները և շեշտում Ծիծեռնավանքի նշանակությունը։ Համաձայն պարսպի մուտքի վերևում քանդակված, այժմ չպահպանված արձանագրության, 1613 թ. Հայկազ իշխան ջանքերով հիմնովին վերակառուցվում է համալիրը շրջափակող պարիսպը։ Վերջինիս կից հետագայում կառուցվում է սեղանատուն։ Հավանական է, որ այս շրջանում Ծիծեռնավանքը վերածվում է վանք-ամրոցի, մի երևույթ, որը լայն տարածում ուներ Հայաս­տանում XVII-XVIII դդ. և պայմանավորված էր երկրի խիստ անկայուն քաղաքական վիճա­կով։ 1655թ. Թովմա վարդապետ Վանանդեցին Հայաստանի մեծ սրբավայրերին նվիրված իր ներբողում անդրադառնում Է նաև Ծիծեռնավանքին, անվանելով այն փառահեղ անցյալ ունեցող վանք։ XVII դ. մի հիշատակության համաձայն «Ծիծեռնեկու սուրբ վանքը»–ը հայոց նշանավոր ուխտատեղիներից էր և հարկատու Տաթևի վանքին։ Ըստ եկեղեցու հարավ-արևմտյան մուտքի վերևում զետեղված շինարարական արձանագրության, 1779 թ. վերակառուցվում են եկեղեցին և զանգակատունը։  Մինչև XIX դարի կեսերը վանքի և համանուն հայաբնակ գյուղի գործունեության մասին են վկայում եկեղեցու մերձակա գե­րեզմանոցում հայտնաբերված 1801 և 1Ց48 թվակիր արձանագրությամբ տապանաքա­րերը։ Տիծեռնավանք գյուղը և եկեղեցին Цицирна Ванк անունով հիշատակվում են Ռուսական կայսրության ժամանակ կազմված փաստաթղթերում և քարտեզներում։ XIX դ. վերջերին Ծիծեռնավանք գյուղում բնակվում Էին 70 տուն հայ և 30 տուն վերաբնա­կեցված այլազգի բնակիչներ, իսկ XX դարի սկզբներին՜ 25 տուն հայեր և 100 տուն մահմեդական քրդեր, որոնք գյուղը վերանվանում են Զեյվա։ Ծխական եկեղեցու վերած­ված Ծիծեռնավանքը հայտնի էր Ս. Ստեփանոս Նախավկա կամ Ս. Մինաս անվամբ։ XXդարի սկզբին տեղի ունեցած հայ-թուրքական ընդհարում­ների հետևանքով և փո­խադարձ անհանդուրժողա­կանության պայմաններում հայ բնակիչները ստիպված էին հեռանալ հայրենի վայրերերից։ 1905-ին Ծիծեռնա­վանք գյուղը հայաթափվում Է։ Խորհրդային կարգերի օրոք ադրբեջանական կա­ռավարությունը Զեյվա գյու­ղը վերանվանում Է Գյոլսուլու։ 1993-ին գյուղը ազատագրվում Է և վերան­վանվում       Ծիծեռնավանք։      
          Ծիծեռնավւսնքի վերականգնման աշխատանքները նախապատրաստելու նպատակով 1997-1999 թթ. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաքի արշավախումբը ձեռնարկեց Ծիծեռնավանքի համալիր ուսումնասիրում, պեղեց, չափագրեց և կազմեց եկեղեցու վերական­գնման նախագիծը։ Պեղվեցին եկեղեցու հյուսիսային և հարավային հրապարակները , սեղանատունը՝ 700 ք.մ. ընդհանուր տարածքով, և եկեղեցու աղոթասրահի հատակը։ Եկեղեցու շրջակայքում բացվեցին հարյուրավոր գերեզմաններ։  Համեմատաբար հարուստ և նշանավոր անձանց տապանաքա­րերը հարթ կամ ուղղանկյուն ծա­վալով միակտոր քարեր են, երբեմն արձանագիր և պարզ զարդաքան­դակներով, իսկ հասարակ գյուղացի­ների գերեզմանները ծածկված են 3– 7 գետաքարերով ձևավորված շար­վածքներով, որոնց գլխաքարերը ամրացված են ցից դիրքով։ Եկե­ղեցու հարավային ճակատի արևմ­տյան մուտքի դիմաց, Ռստակեսյան վանահայրերի գերեզմանաքարի մոտ բացվեց Մարկոս Պարունտերի բազալտե, երկաստիճան հիմքով ուղղանկյունաձև ծավալով արձանագիր տապանաքարը։
          Ուշագրավ է եկեղեցու կենտրոնական և արևելյան մուտքերը միավորող, հարավային ճակատին կցված «ապաշխարհողաց գավիթը» , որի հատակին, անմիջապես ժայռի վրա գտնվում էր երեք հնոցներից կազմված արտադրական համալիրը։ Եկեղեցուց հարավ ընկած հրապարակում . հայտնաբերվեցին առանձին շինությունների հիմնապատեր, նախնական պարիսպ-հենապատից մի հատված և այլն։ Եկեղեցու հարավային ավանդատան առաստաղին հայտնաբեր­վեց մինչ այդ անհայտ, վաղ միջնադարյան մի որմնապատկեր։ Հորինվածքը բաղկացած է թևավոր հրեշ­տակից, շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչից և մեկ այլ՛ գրեթե ամբողջությամբ եղծված մարդակերպ պատկերից։ Այս որմնապատկերը միջնադարյան Հա­յաստանի արվեստի լավագույն նմուշներից է։ Առանծնապես տպավորիչ է թևավոր հրեշ­տակը՝ սպիտակ թիկնոցով, ետ շրջած գլխին լուսապսակ:
          Ուշագրավ են հնագիտական գտածոները՝ հասարակ և ջնարա­կած, պաշտամունքային ու շինարա­րական խեցեղենի հարյուրավոր բե­կորները, դրամները, ապակե, երկա­թե և բրոնզե իրերը, մատանիները և այլն։ Հուշարձանի թվագրման հաճար կարևոր նշանակություն ունեն ուշ հելենիստական՝ I-III  դդ. տասնյակից ավելի կավանոթների բեկորները։ Առանձնակի արժեք է ներկայացնում պաշտամունքային խեցեղենը, ճաճանչող խաչը զարդարված կարմիր և սպիտակ գույնի եզրագծերով , կավակերտ բուրվառները, խնկաման­ները, մոմակալները, առանձին դեպ­քերում զարդարված սուրբ հոգին խորհրդանշող թռչնաքանդակներով, ձիթաճրագները, հայատառ արձանա­գրություններով ինքնատիպ կավամանները և այլն, որոնց որոշ օրինակներ ի հայտ են գափս աոաջին անգամ։ Խիստ ուշագրավ են թրծակավե արձանիկները, արու և էգ թռչուն­ների սնամեջ քանդակները, մոր և մանկան բարձրաքանդակ գլուխներով զարդարված օվալաձև, հարթ ճակատային մասով, կտրվածքում՝ կիսաբոլոր, սալիկը։ Այն ուղղահայաց դիրքով պատվանդանին ամրացվելու համար ունի գլանաձև պոչուկ և ավարտվում Է թագ հիշեցնող գլանաձև գլխիկով։ Այս սրբաքանդակը թերևս պատկերում Է «Աստվածամայրը mնկան հետ» թեման։ Մեկ այլ արձանիկ պատկերում Է հոլանի թևերով գառնուկ գրկած երկարաափեշ հագուստով կանացի մարմին։ Հավանական Է, որ այստեղ ևս պատկերված Է Աստվածամայրը, գրկին Աստծո գառը՝ Հիսուս Քրիստոսի այլաբանական կերպարը։ Իրենց զուգահեռը չունեցող այս նյութերը դեռևս կարոտ են լուրջ ուսումնասիրման։ Դրանք նախ­նականորեն թվագրվում են քրիստոնեության վաղագույն շրջանով, Երբ Եկեղեցին մերժում Էր ամեն տեսակի ճոխություն, և թերևս այդ պատճառով պաշտամունքային այս իրերը կերտվել են ոչ թե ազնիվ մետաղներից, այլ հասարակ կավից։                                                                      
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662523
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52