Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Թանահատի վանք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Թանահատի վանական համալիրը գտնվում է Վայոց ձորում, Վերնաշեն գյուղից երեք կիլոմետ դեպի արևելք, ձորակի ձախակողմյան բլրակի վրա։ Վանական համալիր հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ ։ Ամենավաղ հիշատակությունը Թանահատի վերաբերյալ կապված է 9-րդ դարի առաջին կեսում Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Ստեփանոս Սյունեցին Մոզում /այս հին բնակավայր ավերակները ներկայումս գտնվում են Մալիշկա գյուղի մոտ/ քարոզչության ժամանակ սպանվում է։ Նրա դին նախապես ամփոփում են Թանահատից ոչ հեռու գտնվող Արկազիի եկեղեցում, այնուհետև տեղափոխում են Թանահատ, որտեղ կար վանական միաբանություն։ Այս դեպքի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Մովսես Կաղանկատվացին, Կրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։ 
        Միջնադարում Թանահատը համարվել է Հայաստանի նշանավոր վանական համալիրներից, կրթամշակութային օջախներից մեկը։ Նրա դերը և նշանակությունը էլ ավելի է մեծացել հատկապես 13-րդ դարում, երբ Վայոց ձորի մի մասը  անցնում է Պռոշյան իշխանական տան հովանու ներքո։ Որոշ ուսումանսիրողներ կարծում են, որ  Թանահատում է գործել Գլաձորի համալսարանը։ Վերջինիս հետ կապված  1969-70 թթ. Ի. Ղարիբյանի գլխավորությամբ այստեղ իրականացվել է  հնագիտական պեղումներ, որի ժամանակ ի հայտ են եկել հողի տակ մնացած բազմաթիվ շինությունների մնացորդներ։
        Ստեփանոս Օրբելյանը նշում է Թանահատ  անվան առաջացման հետևյալ տարբերակը. տեղի վանականները ապրում էին խստակենցաղ կյանքով, և նույնիսկ իրենց զրկել էին թանից, այդ իսկ պատճառով վանքը կոչվել է Թանահատ, այսինքն թանից զրկված, կտրված, հատված։ Շրջանառվում է նաև այն վարկածը, որ այստեղ ժամանակին եղել է հեթանոսական մեհյան և որ Թանահատ անունը անմիջական կապ ունի Անահիտ աստվածուհու անվան հետ։ Աղբյուրներում հիշատակվում է նաև Թանահատների վանք, Թանադե , Թանատ տարբերակներով։
         Վանական համալիրը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածք, այն բաղկացած է գլխավոր Ս. Ստեփանոս եկեղեցուց, նրանի կից Ս. Նշան մատուռից , նույնպես Ս. Ստեփանոս անունը կրող բազիլիկ եկեղեցու, գավթի, տնտեսական և այլ շինությունների պահպանված հիմնապատերից, տապանատներից , բազմաթիվ խաչքարերից։
 
Բազիլիկ եկեղեցի։
         Վանական համալիրի ամենահին կառույցը՝ Ս. Ստեփանոս բազիլիկ եկեղեցին գտնվում է համալիր հարավային հատվածում, այն գիտությանը հայտնի դարձավ միայն վերոհիշյալ պեղումների ժամանակ։ Այն  ուղղանկյան մոտ հատակագծով /արևելյան մասում լայնանում է/, արևելյան երկու արտաքին ավանդատներով եկեղեցի է։
         Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային, ավանդատների հետ  հաղորդակցվել է դահլիճի ներսից հարավային և հյուիսային պատերի մեջ թողնված մուտքերով։  Եկեղեցու հարավային կողմի ավանդատան ուղղությամբ, որպես նրա շարունակություն եկեղեցու ողջ երկայնքով հնում եղել է արտաքին սյունասրահ, որպիսիք հանդիպում են քրիստոնեական շրջանի բազիլիկ տաճարներում։ Ենթարդվում է, որ նմանատիպ արտաքին սյունասրահները քրիստոնեության ընդունման սկզբնական շրջանում նախատեսված է եղել չմկրտված և մեղսավոր անձանց համար և ծառայել են ժամանակավոր ապաշխարության տեղեր, որից հետո միան նրանք իրավունք ունեին մտնել ընդհանուր աղոթասրահ։ Հայաստանում եկեղեցիներին կից նման սյունազարդ սրահներ հանդես են գալիս 5-ր դարից և գոյատևում մինչը հաջորդող երկու դարերը։ Պեղումների ժամանակ գտնվեցին եկեղեցու սկզբնական ծածկի ինչպես հարթ, այնպես էլ կիսաբոկոր և ճակտոնավոր կղմինդրների բեկորներ, ատամնավոր քիվեր և այլ ճարտարապետայկան մանրամասներ։ Այդ նյութերը հնարավորություն են հնարավորություն տվեցին պարզել եկեղեցու կառուցման մոտավոր թվականը 5-7-րդ դդ։
Բազիլիկ եկեղեցին արևմուտքից
            ՈՒսումնասիրվող կառույցի հատակագիծը և շինարարկան առանձնահատկությունները  ցույց տվեցին, որ բացված եկեղեցին պատմիչների վկայած Թանահատի ամենահին եկեղեցին է։ Պարզվեց նաև, այս եկեղեցին  ավերվել է  XI-XII դարերում, իսկ XIII դասրի սկզբին ենթարկվել է վերակառուցման։ Տեղում շատ որոշակի են նորոգումների հետքերը, մինչդեռ վերակառուցման ժամանակ օգտագործվել է հիմնականում կապտավուն բազալտ։ Հարավային պատի մեջ հետագայում է, որ  մուտք է բացվել, որով կենտրոնական դահլիճը հաղորդակցվել է նորակառույց բաժանումունքին։
            Վերակառուցման թվականւ հավաստում են տեղում պահպանված երկու արձանագրությունները՝ մեկը հակիրճ, մյուսը՝ ընդարձակ։ Առաջինը փորագրվա՛ է եկեղեցու թաղակապ ծածկի կամարներից մեկի պատուհանի վրա՝ ԹՎ։ ՈԿԴ (1215)։ ՆՈՐՈԳԵՑԱՎ, մյուսը՝ մի հսկայական սալաքարի վրա:
 
Այն ունի հետևյալ բովանդակությունը
1. Ի ԹՎԻՍ, ՈԿԴ ՎԵՐՍՏԻՆ ՆՈՐՈԳԵՑԱՎ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՍ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՍ,
2. ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՀԱՒՐ ՍԱՐԿԱՒԱԳԻՆ, ՀՐԱՄԱՆԱՒ
3. ԱՍՏՎԱԾԱՍԵՓ ԻՇԽԱՆՍ ՎԱՍԱԿԱ՝ ՈՐԴՒՈՅՆ Խ
4 ԱՂԲԱԿԱ։ ԶԻ ԵՐ ՏԱՊԱԼԵԱԼ ՅԱՆԱՒՐԻՆԱՑՆ։ ԵԻ
5. ՍԱ ՇԱՏ ՉԱՐՉԱՐԵԱԼ ԱՐԵԱՄԲ ԶԱՓ ԱՍԱՏԵԱՑ ԶԵԿՂ
6. ԵՑԻՔՍ՝ ԻՒՐ ԿՈՊԱՐՈՎՆ։ ԵՒ ՄԻԱԲԱՆՔ Ս/ՈՒՐԲ/ ՈՒԽՏԻՍ ԿԱՐԳ
7.ԵՑԻՆ ԶՓՈԽՄԱՆ Ա/ՍՏՈՒԱ/ԾԱԾԻՆ ։Գ։ ԱՒՐ ԶԱՄԵՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ ՅՍԵ...
       Վիմագրից պարզ է դառնում , որ Վասակ Խաղբակյանը, որը մասնակից էր Վայոց ձորի ազատագրմանը, այն ստացել էր որպես կալվածք և ուրիշ վանքերի հետ միասին իրականացրել նաև Թանահատի վանքի գլխավոր եկեղեցու վերակառուցման աշխատանքները, վանքի առաջնորդ Հայր Սարկավագի գլխավորությամբ։ 
         Գտնված մեկ արձանագրությունից էլ պարզ է դառնում, որ 1250-60 թվականներին Լիպարիտ Օրբելյանի որդիները՝ Սմբատը, Փարխադոլան, Տարսայիճը, Իվանեն Ս. Ստեփանոս եկեղեցուն են նվիրում Մռճկաձորում գտնվող ջրաղացը։ Հետագա դարերում բազիլիկ եկեղեցին քանդվում է, անցնում հողի տակ, իր տեղը զիճելով համանուն եկեղեցուն։
       
Ս. Ստեփանոս
Վանական համալիրի դոմինանտ կառույցը գմբեթավոր Ս. Ստեփանոս եկեղեցին է, որի կառուցումը կապված է Պռոշյան իշխանական տան անդամների, մասնավորապես Պռոշ իշխանի անվան հետ։      13-րդ դարի ընթացքում պատմական ասպարեծ իջած և Վայոց ձորի մի հատվածին  դարձած Խաղբակյան, հետագայում Պռոշյան անունը ստացած իշխանական տան ներկայացուցիչները կատարում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։ Եկեղեցու թմբուկի վրա արձանագրությունը վկայում է, որ Պռոշ իշխանի հովանավորությամբ կառուցվել է 1273 թվականին, թեև Ստեփանոս Օրբելյանի մոտ նշված է 1279։ Ուսումնասրիողները դա բացատրու են հետևյալ կերպ. շինարարությունը սկսվել է 1273 թվականին, իսկ նավակատիքը կատարվել է 6 տարի անց։ Ի դեպ նավակատիքի ժամանակ պատարագը պաշտոնավարել է անձամբ Մխիթար Այրիվանեցին։
Եկեղեցու վիճակը 20-րդ դարի սկզբներին
         Ս. Ստեփանոսը գմբեթավոր միջին բարձրությամբ եկեղեցի է, կառուցված սև բազալիտից։ Քարի գույնն էլ պատճառ է հանդիսացել որ տեղի թուրքերը անվանեն Ղարավանք, ինչը նշանակում է Սև վանք և նմանատիպ անունով անցել է  հայերի շրջանում։ Ս. Ստեփանոսի հատակագիծը արտաքուստ ուղիղ քառակուսի է, իսկ ներքուստ՝ անկյուններում տեղադրված ավանդատների շնորհիվ ստացել է խաչաձև տեսք՝ ուղղանկյուն խաչաթևերով։ Արևելյան խաչաթևում տեղադրված է կիսակլոր աբսիդը՝ ցածրադիր բեմով։
          Խաչաթևերը միացնող անկյուններից ձգվում են գլանաձև բներ և դրանց համապատասխան խարիսխներ ու ու խոյակներ ունեցող կիսասյուներ, որոնք մաիանալով կամարներով, իրենց վրա են կրում գմբեթը։ Վերջինիս թմբուկ ներսից կլոր, իսկ արտաքուստ 12 նիստանի վերջանում է սուր ծայրով և թմբուկի  վրա է նայում սուր եռանկյունաձև հավելվածներով, որոնք համընկնում են թմբուկի կողերի հետ։ Թմբուկի կողերը վերի մասերում զարդարված են գեղաքանդակ պատկերաքանդակներով՝ թռչնակերպ, գառան ճանկած արծիվ, եզան վրա հարձակված առյուծ։
Եկեղեցու պատերը, թե դրսից թե ներսից պատված են արձանագրություններով, ինչից պարզ է դառնում, որ 14-րդ դարի ընթացքում Ս. Ստեփանոսը գտնվել  է նշանավոր իշպխանների ուշադրության տակ. որոնք բազում նվիրատվություններ են կատարել:
Կենդանակերպ պատկերաքանդակները և կառուցման թվականը 
          Արևելյան կողմի ավանդատները, որոնք դասավորված են աբսիդի երկու կողքերին, երկհարկանի են, վերի հարկի ավանդատների մուտքերը բացվում են աբիսդի մեջ՝ իրար դիմաց, ուր բարձրանում են  հինգ աստիճան ունեցող քարե սանդուքներով։ Ստորին հարկի ավանդատների մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ հարավային ու հյուսիսային խաչաթևերի մեջ։ Արևմտյան կողմի խորանների ավանդատների մուտքեր բացվում են այդ կողմի խաչաթևերի մեջ՝ իրար դիմաց։ Բոլոր ավանդատները  արևելյան մասսում ունեն կիսակլոր աբսիդներ։
Եկեղեցու միակ մուտք արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ քարով  և ուղղանկյուն գծավոր շրջանակներով։  Եկեղեցու յուրաքանչյուր ճակատից բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ՝ ուղղանկյուն շրջանակներով։ Նման չորս լուսամուտներ բացվում են գմբեթի թմբուկի մեջ. Մեկական փոքր լուսամուտներ ել բացվում են արևելյան կողմի ավանդատների արևելյան պատերից և մի փոքր կլիո լուսանցք էլ հարավ-արևմտյան անկյան ավանդատան հարավային պատի մեջ։
         Արտաքուստ յուրաքանչյուր պատի մեջ կան երկուական եռանկյունաձև խորշեր, որոնք վերնամասոմ ունեն կենտրոնաձիգ դեպի եզրերը տարածվող ակոսներ։
 
Ս. Նշան, կամ Վարագա Ս. Նշան
          Ուղանկյունաձև, թաղածածկ, երկթեք տանիքով, արևելյան մասում աբսիդ ունեցող մատուռ-դամբարանը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցուն կից, հյուսիսային մասում։ Թեև կառուցման վերաբերյալ արձանագրություն չկա, բայց օժանդակ տվյալներով հնարավոր է մոտավոր որոշել՝ այն է Ս. Ստեփանոս եկեղեցու կառուցումից հետո։ Վերջիսնիս հարավային պատին առկա արձանագրությունից իմանում ենք, որ 1310 թվականին, ոմն Հասիկը կառուցում է ասարանոց /ձիթհան/ և նվիրում Վարագա Ս. Նշանին և Ս. Ստեփանոսին։ Դրանից պարզ է դառնում, որ 1310 թվականին Ս. Նշանը արդեն գոյություն ուներ։ Հետևապես Ս. Նշանը կառուցվել է 1279-1310 թվականների միջակայքում։
Ս. Ստեփանոսը և նրան կից Ս. Նշանը
           Հենվելով 1335 թվականի գրված մի ճաշոցի հիշատակարանի վրա, որտեղ գրված է ՝ «Ես պարոն Հայրուտս, որ շինեցի զաղոթանոցն մեր սուբ մենաստանցս զՔարի վանուց, զԹանահատի վանուց և զսուրբ կաթուղիկէս», Գարևեգին Հոբսեփյանը ենթադրում է, որ տողերը վերաբերում են Թանահատում կառուցված երեք շենքերին և Ս. Նշանը որ այլ ինչ է քան հիշատակարանի մեջ նշված Հայրուտի աղոթանոց։
           Ուղիղ քառանկյունի հատակագիծ ունեղող փոքի կառուցվածք է, երկթեք տանիքով, թաղածածկ ու արևելյան մասում աբսիդով։ Հարավային կողմից առանձին պատ չունի , ինչի պատճառով ծածկի թաղը հենվել է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցված որմնասյուների ու դրանց միացնող որմնակամարների վրա։ Եկեղեցու հյուսիսային պատը ներսից նույնօես ունի երկու որմնասյուներ, որոնք դարձյալ միանում են որմնակամարներով։ Միաժամանակ այդ երկու պատերի որմնասյուները միանում են առանձին կամարներով՝ գոտկելով թաղը, իսկ պատերի վրա առաջացնում կամարակապ խոր ու մեծ խորշեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից է։
Ս.Նշանի ինտերիերը
         Ս. Նշանի մուտքի ճակատաքալ քարը երիզված բարձրարվեստ շթաքարով,   առանձնանում է գեղեցիկ հարթաքանդակով, որտեղ քառատրոփ սլացող հեծյալը նիզակահարում է առյուծին։
Որսորդը նիզակն ուղղել է դեպի առյուծի երախը, իսկ վերջինս բարձրացրել է թաթը և հարվածում է նիզակին։ Հեծյալից հետո քանդակված է մի կաքավ, ձիու գլխից վեր այծյամ, նրանից ավելի առաջ՝ սիրամարգ և մեկ այլ թռչում։ Բարձրաքանդակը  խիստ հողմահարված է և շատ մանրամասներ անհետ կորել են։ Ինչպես նշում է հայ ճարտարապետության անվանի գիտակ Ս. Մնացականյանը կարծր սևագույն բազալտը, որի վրա քանդակված է այս բարդ  տեսարանը, դժվարացրել է քանդակագործի աշխատանքը և պատահական չէ, որ նա առանձին մանրամասներ պատկերել է հազիվ նշմարելի շտրիխներով։ Այդ է պատճառը, որ շատ դրվագներ այժմ հազիվ են երևում և առանձին դեպքերում հնարավոր չի լինում պարզել նրանց սկզնական ձևերը։ Այդ պատճառով է, օրինակ, հեծյալի գլխարկը, որը, թվում է, չալմայանման է, թեև նրա վրա ակնհայտ են նաև փետուրներ հիշեցնող տարրեր, ճիշտ նույն ձևի, ինչ որ Սպիտակավորում՝ պատանի Ամիր Հասանի  գլխարկի վրա։
 
Պատկերաքանդակի գծապակերը
Պատկերաքանդակից այն տպավորություն է ստացվում, որ որսորդը գտնվում է որսատեղ-արգելանոցում՝ շրջապատված տարբեր կենդանիներվ։ Քննելով պատկերաքանդակի բնույթը, Ս. Մնացականյանը ենթադրում է, որ այն հազիվ թե կարելի լինի կտիտորական նշանակության և ամենայն հավանականությամբ մուտքի բարավորի վրա պատկերված է հենց այն իշխանը, որը և թաղված է այստեղ։
        Եվս մեկ հանգամանք։ Ի Ղարիբյանը ենթադրում է, որ Ս, Նշանում է ամփոփված Ներսես Մշեցու աճյունը։ 
 
        Հայաթափության հետ կապված Թանահատը մյուս հուշարձանների հետ միասին կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ Վայոց ձորում հաստատված թաթարական տարը չէր կարող լինել նման կառույցների պահպանման երաշխիք, այլ ընդհակառակը։ Մի խոսուն վկայություն ռուս հնագետների կողմից: «Կովկասի հնագիտական նյութեր ժողովածուի» 6-րդ համարում,  ամբողջապես նվիրված է Հայաստանի հնագիտական հուշարձաններին, Թանահատին վերաբերող հատվածի վերջնամասում գրված է, որ թաթարները պարբերաբար քանդում են վանքի կառույցների պատերը և քարերը օգտագործում  ըստ իրենց անհրաժեշտության:
          Բարեբախտաբար խորհրդային տարիներին Թանահատի վանական համալիրը բակերարգվեց Ս, Ստեփանոս և Ս. Նշան եկեղեցիները հիմնովին վերականգնեցին և այսօր հաղորդում են դարերի շունչը:
         1984 թվականին, Թանահատում նշվեց Գլաձորի համալսարանի 700 ամյակը: Թեև Գլաձորի համալսարանի տեղորոշումը հաստատապես լուծված չէ, այդուհանդերձ Թանահատը կարծես քաղաքացիություն է ստացել և սպասում է հարցի վերջնական լուծմանը:
 
Գրականության ցանկ
 
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982թ.
Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969թ.
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան1986թ.
Հ. Եղիազարյան, Թանահատի վանքը կամ Ղարավանքը և նրա վիմագիր արձանագրությունները, Էջմիածին, 1964, N10
Ս, Մնացականյան, Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը, Երևան, 1976թ.
Ի.  Ղարիբյան, Գլաձոր (տեղագրությունը, պեղումները, վիմագիր արձանագրությունները), Երևան, 1983թ.
Ի. Ղարիբյան, Թանահատի հնագույն եկեղեցու անվանակոչության հարցի շուրջ, Հայոց սրբեր և սրբավայեր, Երևան, 2001թ.
Материали по археологии Кавказа, вып. 13, Москва 1916
 
 
 
 
 
 
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298980
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52