Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՇԱՏԻՆ

      Վայոց ձորի XVII դարի  ուշագրավ և արժեքավոր համալիր՝ Շատին վանքը գտնվում է համանուն գյուղից մոտ 4 կմ դեպի արևելք, Եղեգիսի ձախ ափին  բարձրացող   սարի  լանջին,   գագաթից  քիչ ցածր։
       Համալիրը շրջափակված է համարյա ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարիսպներով։ Մեջտեղում, առանձին կանգնած, բարձրանում է եկեղեցին՝ եռանավ բազիլիկա, որի արևմտյան կողմում պահպանվել են գավթի փլատաեները։ Հարավային, բուրգերով ուժեղացված պարիսպներին կից են երկհարկ շինություններ, որոնց վերին հարկը կիսաքանդ է։ Արևելյան, հյու֊ փսային և արևմտյան պարիսպներին ներսից կից կան քանդված և հողածածկ kառուցվածքների հետքեր, որոնց նշանակությունը և հորինվածքն այժմ դժվար՝ որոշել։ Մուտքերը երկուսն են արևմտյան և արևելյան կողմերում։ Արև­մուտքից, վանքի պարիսպներին դրսից կից, կան ձիթհանի, ախոռների, tնտեսական շենքերի ավերակներ։ Արևելյան կողմում, մի փոքր հեռու ջրաղացի   քանդված   շենքն   է։
      Շատին վանքի ներկա համալիրը կառուցված է շատ ավելի վաղ գոյու­թյուն ունեցած մենաստանի տեղում, որը, հավանաբար, նույնպես Շատին անունն է ունեցել։ Ըստ Օրբելյանի՝ նախկին վանքը կառուցվել է 929 թ.; «Սմբատ թագավորի որդի Հայոց Աբլաբաս /Աշոտ Երկաթ/ թագավորի իշխանության ժամանակներում, գրում է Ստեփանոս Օրբելյանը,- Սյունյաց Սմբատի իշխանի ու նրա եղբայրների և որդիների տիրապետության շրջանում , հայոց երեք հարյուր յոթանասունութ թվականին Սյույաց երանելի եպիսկոպոսը Եղեգհյաց ձորում հանդիպում է մի տեղի ընկած Ոստին գյուղից վեր: Շատ է հիանում նրանով, տեղանքի խիստ գեցեցկության ու չափազանց ապահով և անվտանգ լինելու պատճառով. և առաջնորդվելով վեին տնօրինությամբ՝ շինարարություն է սկսում Սմբատ իշխանի , և նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ: Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով, գեղեցիկ նմկարներով: Տաճարի նավակատիքին հրավիրում և Սմբատին և Սահակին»թյունը   համընկնում   է   Շատինի   հետ : Ոստին   գյուղը (այժմ Հոստուն)     գտնվում  է  ժամանակակից     Շատին  գյուղի մոտ։
          Շատին վանքի գոյության առաջին շրջանից (X–XIV դդ.) պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ և նրանց բեկորներ, որոնք հետագայում դրվել են վերակառուցված եկեղեցու պատերի մեջ, օգտագործ­վել նրանց շարվածքում։ Մինչև XVII դարը պատմիչների մոտ չկա ոչ մի հիշատակություն Շատին վանքի վերաբերյալ։ Հավանաբար, XIV դարից հետո վանքն անկում է ապրել, որովհետև XVII դարի կեսերին, նույն տեղում, փաս­տորեն նոր վանք են կառուցել և հին կառուցվածքներից ոչինչ չի պահպանվել։
         Եկեղեցին կառուցվել է 1655 թ, և կոչվել է ս. Սիոն։ Նրա արևմտյան մուտքի բարավորի վրա սև ներկով դրկից գրված է եղել. «Շինեցալ եկեղեցիս թվին ՌՃԴ» ։ Այս մուտքի առաջ գավիթ է կառուցվել, որը քանդվելուց հետո անձրևները   ջնջել    են    արձանագրությունը։
        Կառուցման մեկենասը եղել է ջուղայեցի Հակոբ վաճառականը, որի անունով մարմարե փոքրիկ խաչքար է հագցված ս. Սիոնի արևմտյան դռան վերևում՝ «Սբ, խաչս յիշատակ է մահդասի Յակոբ Ջուղայեցու եւ ծնողացն Աւաքին, Եղիսաբէթին թվ. ՌՃԵ» (1656): Պարիսպները և նրանց կից բնակելի սենյակները, հավանաբար, ժամանակակից են եկեղեցուն։ Պարիսպներից դուրս գտնվող գոմի և ախոռի կառուցման ժամանակը հայտնի է դառնում հարավային պատի վրա գտնվող արձանագրությունից՝ «Շնորհօքն Քրիստոսի ի  Հայկազեան թվի ՌՃՁԸ (1749) երորդի, ես առաջնորդ ՍԲ ուխտիս Անտոն վարդապետս   նորոգեցի   զտեղիք   անբանից,   վայելումն   միաբանից»:
           Վանքն   ունեցել  է   մեծ  սեղանատան,   որը   նույնպես   չի   պահպանվել ։
           Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական Խոշոր կեն­տրոններից մեկը։ Նրա տնտեսական հզորության ապացույցներն են մեծաքանակ արտադրական, օժանդակ շինությունները և այն փաստը, որ վանքը կառուցել է նաև ինժեներական կառուցվածքներ՝ ջրանցք, կամուրջ։ Վեր­ջինիս շինարարական արձանագրությունից պարզվում է և. վանքի միաբան­ների    թիվը՝   90։
Վանքի հզորությանր և. բարգավաճմանը նպաստել է նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավագանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի, Գողթան գավառի   հետ։   Շատինում բազմաթիվ կառուցվածքներ իրականացվել  են Ջուղայի, Աստապատի հայ վաճառականների միջոցով: Շատին վանքը եղել է հայտնի մշակութային կենտրոն՝ այդտեղ գրել են բազմաթիվ ձեռագրեր:
         Շատին   վանքի  համալիրի   գլխավոր   հատակագիծն  ունի  նույն   սկզբունքը, ինչ   և այդ    ժամանակաշրջանի      հայ     ճարտարապետական   անսամբլները՝ հորինվածքի կենտրոնում    առանձին բարձրանում  Է հիմնական կառուցվածքը եկեղեցին, որի շուրջը, պարիսպների պարագծով, տեղագրված են մյուս շինու­թյունները։     Տարածականորեն     անսամբլը     կազմակերպվում     է     դոմինանտի պաշտամունքային կառուցվածքի շուրջը։  Չկան  կից կառուցված  ուրիշ շենքեր, եկեղեցին  ազատ  է  կանգնած և շուրջը  թողնված է   բավարար  ազատ   տարածություն:  Այսպիսի դիրքը եկեղեցին   առանձնացնում է  բնակելի, տնտեսական, օժանդակ     շինություններից,      ավելի     էէ  շեշտում   նրա   կարևոր,    առաջնային նշանակությունը։     Վանքի   միակ     եկեղեցին   իր   ճարտարապետական   հորինվածքով  եոանավ  բազիլիկա   է   և,   հետևաբար,   ունի  մեկ՝     արևելք-արևմուտք առանցք։  Հետաքրքրական   է,   որ  ողջ   կոմպլեքսի  հատակագծային-տարածական հորինվածքը  կազմակերպված է այդ նույն  արևելք-արևմուտք ընդերկայնական    առանցքի   շուրջը։
     Համալիրի գլխավոր արևմտյան մուտքը տեղագրված է եկեղեցու արևմտյան դռան դիմաց, նույն առանցքով։ Մտնելով այդ դարբասով, այցելուն տեսնում է իր առջև բազիլիկայի գլխավոր՝ արևմտյան ճակատը։ Առանց զարդաքանդակների, ճակտոնով ավարտվող այս ճակատի զուսպ հարթության առջև կառուցվել է կամարակապ գավեթ-սրահը, որի միջին, ավելի մեծ կամարն ընդգրկում  է  եկեղեցու   հիմնական՝   արևմտյան   մուտքը։
Սիմետրիան պահպանվել է և օժանդակ շինությունների տեղադրման •ժամանակ։ Եկեղեցու աջ և ձախ կողմերում, հարավային և հյուսիսային պարիսպների երկայնքով ձգվում են բնակելի և տնտեսական սենյակների շարքերը և վանքի գլխավոր դարբասով մտնելիս կարելի է մեկ անգամից ընկալել անսամբլի ողջ հորինվածքը, որը լուծված է սիմետրիկ՝ բազիլիկայի նկատմամբ։
        Շատին վանքի գլխավոր հատակագիծը բավականին հաջող Է ֆունկցիոնալ տեսակետից։ Տնտեսական և արտադրական շինությունները՝ ախոռը, գոմը, ձիթահանքը ոչ թե համալիրի ներսում են, այլ դրսից կից են արևմտյան պարիսպին, գլխավոր մուտքին մոտ։ Մթերանոցները, հացահատիկի հորը գտնվում են տերիտորիայի ներսում, սակայն խմբավորված են հյուսիս ֊արևմրտյան անկյունում, մուտքի աջ ու ձախ կողմերում։ Նրանք միաժամանակ մոտ լինելով մուտքին, չեն խանգարում այցելուների շարժմանը դեպի եկեղեցի չեն խախտում վանքի սիմետրիկ հորինվածքի հավասարակշռությունը։ Սեղանատունը, ըստ Ջալալյանի, տեղավորված Է եղել բակի արևելյան կողմում։ Այս պատճառով, սեղանատան անմիջական կապը դրսի հետ ապաովելու համար, արևելյան պարսպապատում բացված է վանքի երկրորդ մուտ­քը,  որը ճարտարապետական  միջոցներով բոլորովին  չի մշակված և չի շեշտվում։ Սա համապատասխանում է նրա նշանակությանը օժանդակ մուտք նախատեսված միայն տնտեսական կարիքների համար (միաժամանակ նա կապում  է  վանքը  դեպի  արևելք  գտնվող   ջրաղացի  հետ)։
        Հետաքրքրական   Է  Շատին   վանքի  ողջ համալիրի  արտաքին  արտահայտ­չականության  հարցը։   Այստեղ  առավել,  քան   Սյունիքի  XVII   դարի   որևէ  այլ անսամբլում,  շեշտված  է  նրա  ամրոցային  բնույթը։  Միակ  հնարավոր  մոտե­ցումը դեպի մենաստան՝ հարավից է,  Եղեգիսի ձորից։  Այս կողմից մոտեցողը, ոլորապտույտ     ճանապարհի   վերջին      գալարն     անցնելուց     հետո,  իր   առջև, բարձրության  վրա տեսնում է մի հուժկու պարիսպ,  ուժեղացված երեք  կիսա­շրջանաձև     բուրգերով։     Վանքի     ճարտարապետությունը   զուրկ  է     ուղղաձիգ ծավալներից։      Միակ   մոնումենտալ    շենքը՝   բազիլիկան   ունի   հորիզոնական, ցածրանիստ   հորինվածք   և  լրիվ  ծածկված   պարիսպներով  դրսից   չի   երևում։ Դրսից  ոչնչով չի  զգացվում  անսամբլի  պաշտամունքային   բնույթը՝  թվում   է, թե  այն միայն պաշտպանական  կառուցվածք  Է,  և այն էլ բավականին  ազդե­ցիկ (սրան նպաստում է և Շատին  վանքի դիրքը    համարյա  սարի  գագաթին)։ Այս  առումով եթե  համեմատելու  լինենք  Սյունիքի   XVII   դարի   մյուս  համալիրների     հետ,     կտեսնենք,   որ   Շատինում  ռազմա-պաշտպանական   կառուցվածքի  տպավորությունը   անհամեմատ   ավելի   ուժեղ   Է    Կնեվանքը   և   Տաթևի Մեծ անապատը բուրգեր չունեն, Հալիձորի բերդում այն մեկն է և տեղադրված է հնարավոր   մոտեցման  հակառակ   կողմում։  Իսկ  միջնադարյան  այն   համա­լիրներում,   որոնք XVII   դարում   ստացան   բուրգերով   ուժեղացված   պարիսպ­ներ,  դրությունն  այլ  է, որովհետև  գմբեթավոր եկեղեցիների,  զանգակատների ուղղագիծ ծավալները երևալով դեռ շատ հեռվից, ցույց են  տալիս, որ  վերջին­ները կրոնական կենտրոններ են, լոկ շրջապատված  պաշտպանական կառուցվածքներով։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 532304
  • Բոլոր այցելուները: 43530
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 295
  • Ձեր IP-ն: 54.198.195.11
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52