Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Աշտարակի կամուրջը Քասաղ գետի վրա

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Աշտարակը Հայաստանի հանրածանոթ և հին բնակավայրերից մեկն է` հարուստ ճարտարապետական արժեքավոր հուշարջաններով:  Նրա մոտակայքում գտնվող և իր հյութեղ կոլորիտով բնորոշ Քասախի գեղատեսիլ կիրճում, որի աջ ափը ներկայացնում է աստիճանաբար դեպի գետն իջնող ու այգիներով պատած մի տարածություն, ուշադրություն է գրավում իր ձևերով հետաքրքրական մի կամրջային հորինվածք, որի շինարարությունը իրականացվել է հին մնացորդների կողքին:

Ներկա կամուրջի շինարարության մասին մանրամասն տեղեկություններ տալիս է 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին`  «Իսկ Քասախ գետի վրա շատ խորը ձորի մեջ, Աշտարակ գյուղին մոտիկ կամուրջը, որ միաչք և բարձրաշեն կրով ու տաշած քարով էր շինված, հնացել , աչքի կեսը խախտվել ու փլվել էր, բայց չափազանց անհրաժեշտ էր, քանզի շատ գավառների ու ճանապարհների անցատեղի էր: Այս պատճառով բարեպաշտ և քրիստոսասեր մի մարդ Մահտեսի խոջա Գրիգորը, որ մականունով Մոծակենց Գրիգոր էին ասում և բուն տեղացի Երևան քաղաքից էր, հին կամուրջը, որ փլուզվելու էր մոտեցել, քանդեց, ապա տեղը փոխեց և սկսեց հիմքից ամուր, հաստատուն, կրով ու տաշած քարով նորը շինել պատշաճ ու բարեվայելուչ` կառուցելով հիմքից մինևչ ավարտը իր հոգու փրկության և առ աստված ունեցած հույսի համար: Շատ չարչարանք քաշեց, շատ փող ծախսեց, մինչր որ ավարտեց մեր թվականության ՌՃԺԳ տարում ի փառս աստծո»:

Այսպիսով, ըստ վերոհիշյալ վկայության, կամուրջը կառուցվել է ՌՃԺԳ ` 1113+551=1664 թվականին: Հավանաբար նույն տվյալները կամուրջի շինարարության վերաբերյալ պարունակում էր այն արձանագրությունը, որը փորագրված էր ճակատային պատի վրա (միջին և մեծկամարի միջև) գտնվող և այժմ սվաղով ծածկված խորշի մեջ և դեռևս Շախաթունյացի /19-րդ դար/ այցելության ժամանակ եղծված է եղել:

Ավելի հին կամուրջի շինարարության ժամանակը չի հաջողվել ճշտել, սակայն ենթադրվում է վերաբերում է 12-13-րդ դարերին:

Աշտարակի կամուրջի շինարարության վերաբերյալ վեր բերված պատմական տեղեկության մեջ ուշադրության  է  արժանի է այն փաստը, որ առևտրական կապիտալի նոր վերելքի շրջանում, Հայաստանում առևտրական ճանապարհների հետ կապված կառուցվածքների շինարարական գործունեությամբ հանդես են գալիս ոչ թե ֆեոդալական ավագանու ներկայացուցիչներ, այլ այդպիսի կառուցվածքով շահագրգռված անձիք` նոր առաջացող առևտրական կապիտալի ներկայացուցիչները:

Աշտարակի կամուրջը հանդիսանում է եռակամար քարե կառուցվածք: Այն շինված է Քասաղ գեռի վրա և նրանով դեպի Աշտարակ էր մտնում Երևանից եկող հին ճանապարհը:

Հայկական միջնադարյան կամուրջների նմանությամբ, կառուցվածքը հաջողությամբ ներգծված է տեղանքում, կարծես կազմելով նրա անբաժանելի մասը: Այս տեղում ձախ ափը ներկայացնում է բարձր ժայռ, որի վրա հանգչում է մեծ հենամեջի ձախափնյա խելը, իսկ աջ ափը զգալիորեն ցածր է:

Եռակամար կառուցվածքը հորինված է այնպես, որ այն առավել նպատակահարմար կերպով և հաջող ծառայում է ճանապարհի անցմանը` բարդ տեղանքի պայմաններում: Այդ գլխավոր խնդիրն ենթարկված է նախ և առաջ հենամեջային կամարներ կորերի ձևը: Աջափնյա փոքր կամարը` 7,5 մ բացվածքով, հանդիսանում է կիսաշրջանաձև, դրանից էլ քիչ ինչ պակաս մի կոր: Երթևեկային մասին դեպի ձախ ափը անհրաժեշտ  բարձրացում հաղորդելու համար միջին կամարը (9.05 մ բացվածքով) և գլխավոր կամարը (14.4 մ բացվածքով) սլաքաձև են արված:

Կառուցվածքի կոմպոզիցիայի այսպիսի ոչ սիմետրիկ լուծման շնորհիվ, որը ամբողջական թելադրված է տեղանքի պայմաններով, հաջողությամբ  է իրագործված կամրջային անցումը: Տեղանքին հարմարվելու նույն նպատակադրությամբ, կամրջային անցումը լուծված է ոչ թե ուղղագիծ, այլ կոտրված գծով: Այսպիսի ձևը թելադրված է ճանապարհի ուղղությամբ, որը ձախ ափին իիջնելով ձորի լանջով, կամրջի մոտ քիչ թեքվում է դեպի ձախ, կամրջի միջին մասում ուղղվելով: Ապա աջափնյա մասում նրա ուղղությունը նորից թեքվում է դեպի աջ և ոլորապտույտ բարձրանալով մտնում Քասախի աջափնյա սարահարթի վրա փռված  Աշտարակ: Երթևեկային մասերը պահպանող կամուրջի եզրամասերը իրենց աստիճանաձևությամբ ընդգծում են կամրջի ընդհանուր կոմպոզիցիոն ձևը:

Աշտարակի կամուրջը իր բացարձակ չափերով Հայաստանի մեծ կամուրջներից մեկն է: Նրա ընդհանուր երկարությունը հավասար է 76,2 մետր, լայնությունը ` աջափնյա մասում ` 6,25 մետր է, իսկ ձախափնյա մասում` 5,60 մետր: Միջին մասում կամրջի երթևեկային մասը համեմատաբար ավելի նեղ է` ընդամենը 4,7 մետր, իսկ եզրապատերի հաստությունը 0.45-0,5 մ. է կազմում:

Բավականին հետաքրքիր են նաև տեխնիկական կարգի որոշ մանրամասներ: Ճակատային պատերի վրա կամարային բացվածքների արանքում և կամրջի ձախափնյա մասում, ըստ երևույթին կամրջի կոնստրուկցիաները օդափոխելու և ստուգելու նպատակով թողված են ոչ մեծ չափի պատուհաններ: Տեղացիները պատմում են, որ դրանցով կարելի է թափանցել կամրջային կառուցվածքների ներսը, որտեղ երթևեկելի մասի ու երկու ճակատային պատերի միջև տարածությունը դատարկ է: Երթևեկային մասը իրականացված է հարթ թաղի վրա, որը հենվում է երկու ճակատային պատերի ներքին ելուստների վրա:

Կամուրջն ամբողջությամն կառուցված է մաքուր տաշված ծիրանագույն տուֆաքարերով և կրաշաղախով: Հուշարջանի հետազոտությունն ու չաձագրությունները ի հայտ են բերել անանուն շինարարի փորձն ու վարպետությունը: 

Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կոմւրջները, Երևան, 1960թ. էջ 114-118:

Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988 թ, էջ 279:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300150
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52