Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մարցի «Ամենափրկիչը»

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

      Այս խաչքարը գտնվում է Լոռվա Մարց գյուղից մոտ 5 կմ հարավ-արևելք ընկած անտառային բացատում, որը տեղացիների կողմից անվանում  է «Ճգնավորի թալա»: Այստեղ բացի Ամենափրկիչից կան ևս մի քանի խաչքարեր՝ կերտված 13-րդ դարում:
         Խաչքարը կանգնեցված է երկաստիճան պատվանդանի  վրա՝ մոտավորապես 3, 50 մետր ընդհանուր բարձրությամբ։ Բուն խաչքարի բարձրությունը 168 սմ է, լայնությունը՝ 96 սմ։ Խաչքարատակի խորանադրաձև պատվանդանի բարձրությունը 52 սմ է, լայնությունը 128 սմ։  Իսկ քիվով պատվանդանի բարձրությունը  կազմում է 126 սմ լայնությունը վերին՝ քիվի մասում 153 սմ է, իսկ ներքևի մասում՝ 132։ Ծավալների նմանան փոփոխությունը էլ ավելի կոթողայնություն է հաղորդում հուշարձանին։
    Մարցի «Ամենափրկիչը» շատ նման է Դսեղի համանման խաչքարին և գուցե նույն քարագործի՝ Վահրամի գործն է, միայն թե, համեմատաբար ավելի լայն է և կարճ։
Թիկունքին առկա է 14 տողից բաղկացած արձանագրությունը, որը տեղեկություն է հաղորդում խաչքարի կանգնեցման թվականի և հանգամանքների մասին։
Ահա արձանագրությանը գրչագիրը և վերծանությունը /տե՛ս Դիվան հայ վիմագրության, պ. 9, էջ 414/
        Ըստ այդմ, խաչքարը կանգնեցվել է 1285 թվականին (մոնղոլ-թաթարների դառը տիրապետության շրջանում)՝ Թոմա քահանայի և նրա եղբայր իրացուի կողմից՝ ի հիշատակ իրենց հոր՝ Գրիգոր Քահանայի, մոր՝ Սիթի, քույրերի և փեսաների, Խաչատուր, Մարգար և Սարգիս քահանաների։
         Թվում է, այս գեղեցիկ հուշարձանը ընտանեկան մեծ ողբերգության լուռ վկան է։
           Խաչքարը հարուստ է խաչելության տեսարանը պատկերող քանդակներով, նրբաղեղ զարդանախշերով։  Խաչքարի քիվի վերին մասը վնասված է, ինչը հնարավորություն չի տալիս ասել, արդյոք այնտեղ եղե՞լ է Ամենակալը, ինչպես Դսեղում, թե՞ ոչ։
        Խաչի ցուցանակի վրա միայն երկրորդ տողն է կարդացվում՝ /ԱՅՍ Է ԹԱԳ/ԱՒՈՐ ՀՐԷԻՑ ելնդավոր արձանագրությունը։ Այս արձանագրության տակ  Աստծո աջն է երկու կողմից գրված՝ ԱՋՆ Տ/ԵԱՌ , ավելի ներքև՝  ՀՈԳԻ Ա/ՍՏԾՈ/Յ (ՈԳ կապգրի և Ի տառերի միջև պատկերված է աղավնի)

         Քիվի եզրային մասերում պատկերված են խաչելության պատկերաքանդակին հարազատ Արևը և Լուսինը` մարագլուխ կերպարով։ Աջակողմյանում ճառագայթաձև սկավառակի մեջ առասպելական թռչնի մեջքին Արեգակն է ,

իսկ ձախակողմյան հատվածում Լուսինը՝ շորով ծածկված վազքի մեջ գտնվող թևավոր առասպելական  կենդանում վրա։
Այս խաչքարի վերին և հորիզոնական  թևերի եզրային հատվածները ունեն խաչաձև վերջավորություն։
         Հիսուսը մերկ է, միայն գոտկատեղից մինչև ծնկներ ծածկված է ծալքավոր շորով, նա  գլուխը թեքել է աջ, բայց չի նայում մորը (Մարիամի գլխի նիմբայի վրա գրված է Ա/ՍՏՎԱ/ԾԱԾԻՆ), որը բռնել է խաչից պոկված աջ ձեռքը և համբուրում է։
Ձախ կողմում Հովհաննեսն է, աղաչական դեպի խաչեցյալը ձգված՝ նույնատիպ արձանագրությամբ /թեև վնասված/
         Քրիստոսի ոտքերի մոտ պատկերված են Հովսեփ ու Նիկոդիմոսը։ Վերջինս ձախակողմյան հատվածում ծնկած ունելիով հանում է բևեռը, իսկ Հովսեփը դեմքով դեպի Քրիստոսը կանգնած ձայնում է ՝ Ս/ՈՒՐ/Բ Ա/ՍՏՎԱ/Ծ
Խաչքարի ներքևի հատվածում յոթնակամար Գողգոթան է կենտրոնում՝ Ադամի գլխով։
Խաչքարի ողջ ֆոնը պատված է բուսական զարդանախշերով, որոնց կատարողականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ 

Օգտ. գրականության ցանկ
Գ. Հովսեփյանը «Հավուց թառի Ամենափրկիչըև նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ։

Դիվան հայ վիմագրության, Պր. 9։
Ս. Արևշատյան
 
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 319904
  • Բոլոր այցելուները: 28054
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 272
  • Ձեր IP-ն: 54.82.112.193
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52