Խաչքարեր

You are here

Դսեղի «Ամենափրկիչը»

          Այս խաչքարը գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնական հատվածում, միջնադարյան   գերեզմանատանը: 1281 թվականին  Վահրամի կազմած այս խաչքարը թե՛ իր յուրօրինակ կառուցվածքով և թե՛ պատկերաքանդակներով առաձնակի տեղ է գրավում ։
       Խաչքարը կանգնեցված է երեք մեծ, իրար վրա դրված քարերով պատվանդանի վրա. ներքևի քարերը սև են, իսկ վերևինը, որի վրա և կանգնած է խաչքարը կարմրավուն. նույն գույնի է նաև խաչքարը:Պատվանդանի վերևի քարի երեսին իրար հետևից շարքով քանդակված են չորս պարզ խաչեր, իսկ նրանց տակ փորագրված է հետևյալ արձանագրությունը
1. Ի թվ :ՉԼ:
2. Ողորմութեամբ այ ես Տերունս որդի
3. կանկնեցի զխաչս յանուն Գրիգորո, որ զուր և մահո
5. ւամբ ի քս փոխեցավ որ էր պարծ
6. անց ....մեր որք երգրպագէք
7. յաղաւթս յիշեցէք
          Խաչի պատվանդանի վրա, հյուսիսային կողմում է  գրված է «Վահրամ յիշեցէք», որը քարագործն է, իսկ Գրիգորը, որի անունով Խալըլի որդի Տերունը իր եղբայներով կանգնեցրել է այս խաչքարը, ամենայն հավանականությամբ Գրիգոր Մամինոյնանն է, Մամիկոն հայրը և Մարծպանի որդին:
         Խաչքարի խմբաքանդակի կենտրոնը բուն խաչելությունն է, խաչափայտի վերին և հորիզոնական թևերի ծայրերը կրկնախաչ. Խաչված Հիսուսը գլուխը թեքել է դպի մայրը, որ կանգնած է աջ կողմից և երկու ձեռքով բռնել է որդու խաչից պոկված ձեռքը և համբուրում է : Խաչեցյալի լուսո պսակը մակերևույթից փոքր ինչ դուրս է ընկած, նույնը և Մարիամինը, որի վրա գրված է «ածածին» (Աստվածածին) : Հիսուսը մերկ է , ամոթանքը միայն ծածկված մինչև ծնկները, ոտները իրար կողքի գամված և դեպի աջ ուղղված. իսկ Մարիամի գլխին լաչակ է ձգել, որ անցնում է պարանոցի տակով և ծալքերով իջնում ուսերին.  նրա հագին կա կարճ վերնազգեստ, իսկ նրա տակից մինչև ոտները հասնող վերնաշապիկ:
         Մարիամի հանդիպակաց կոմղը Հովհաննեսն է, ինչպես գրված է լուսո պսակի վրա. նա աջը դրել է ծնոտին, իսկ ձախը կրծքին, դեմքը կլոր, առանց մորուքի, քիչ եղծված, գլխի մազերը թափված ուսերին: Վերնազգեստը ծալքավոր և հասնում է  մինչև սրաքիթ կոշիկ հագած ոտները: Ներքևի մասում պատկերված են Հովսեփ Արիթմացին և Նիկոդեմոսը, որոնք Քրիստոսին իջեցնում են խաչից։ 
         Նիկոդեմոսը պատկերված է  Հովհաննեսից ներքը։ Նա  ունելիքը, որի մի քիչ կոտրված է,  մեկնել է Հիսուսի ոտքից բևեռը հանելու համար:
         Ձախակողմյան հատվածում, Մարիամից ներքև ցած Հովսեփն է՝ ըստ նիմբայի գրության, ձեռքերը մեկնած աղաչավորի ձևով և գլուխը վեր բարձրացած, գոտին՝ մինչև ծնկների գլուխը հասնող՝ կապայի վրայից:
           Խաչի պատվանդանի տակ, որը Գողգոթան է և եռամասերով ձևացրած, նկատվում է Ադամի գլուխը:
            Խաչելության գլխին դրված է ցուցանակ-տախտակ, վրան ելնդավոր տառերով գրված «սայ է թագաւոր հրէից» Ցուցանակի տակից «աջ տն» (Տիրոջ աջ) խաչակնքում է, ձախ անկյունից դեպի աջ մեկնված, իսկ նրա մոտ աղավնակերպ հոգին՝ գրված «հոգի այ» )Աստծո հոգի). հորիզոանական թևերի վրա խորաքանդակ գրերով. «ձեռք որ զերկինս արարին տարածեցեր ի խաչիս»:
          Խաչքարի ճակատին՝ կենտորնում Ամենակալի անդրին է սկավառակի մեջ, աջով խաչակնքում  է, իսկ ձախով մի ժապավեն բռնել /բաց մագաղաթ/ վրան խոր քանդակված՝  «ես եմ լույս աշխարհի»:
            Աջից երևում է ճառագայթարձակ արեգակ, ծաղկազարդի մեջ սիրուն գրված, զարդարուն թևերով և պոչով թռչունի մեջքին. իսկ մյուս կողմից լուսին մի կենդանու, թվում է մեջքը շորով ծածկված եզի վրա:
              Խաչի ֆոնն ամբողջապես ելնդավոր արմավենիկի և ցողունների զարդարանէ է, իսկ վերևի ճակատի եռագիծ հյուսվածքի մի ժապավեն:
 
Բարխուդարյան Ս. Միջնադարյան Հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963թ.:
Գարեգին Հովսեփյան, Հաւուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արուեստների մէջ, Երուսաղէմ, 1937 թ.:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 970097
  • Բոլոր այցելուները: 72184
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 302
  • Ձեր IP-ն: 18.205.176.85
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52