You are here

Անավարտ ու հողմահար խաչքար Սևանա լճի ափամերձ հին գյուղատեղիում

Գեղարքունիք մարզում , Գավառ քաղաքից մոտ 15 կիլոմետր հարավ, դեպի Մարտունի տանող ճանապարհի աջ հատվածում /Մարտունի-Կարմիրգյուղ-Գավառ հին ճանապարհի սկզբնամասում/ կա մի հին գյուղատեղի և գերեզմանոց: Գյուղատեղին ժամանակին կոչվել է Ցամաք-ավերակ /Ղուռու խարաբա/, քանի որ հարակից Գեղարքունիք գյուղից եկող առուն, որի ջրերը օգտագործում էին խմելու համար, ցամաքել էր: Այսօր գրեթե ոչինչ չիմ մնացել՝ փոքրիկ մի մատուռ, իսկ գերեզմանատան մի քանի տասնյակի հասնող խաչքարերից ու տապանաքարերից տեղում են միայն 3-4 խաչքար ու նույնքան տապանաքար, որոնք թվագրվում են 15-16 րդ դդ․:

Սակավաթիվ այս հուշարձանների մեջ առանձնանում է մի խաչքար՝ անավարտ ու հողմահար,  հազիվ նշմարելի՝ թույլ ընդգծված խորանի մեջ ամփոփված  խաչ ու խաչատակի գունդ,  կողային և քիվի վրա սովորաբար քանդակվող  զարդանախշերի բացակայություն և երեք ընդգծված պատկերաքանդակ: Խաչքարը ներկայումս կանգուն է ոչ թե պատվանդանի վրա, այլ խրված է հողի մեջ : Խաչքարի բարձրությունը կազմում է մոտ 170 սմ, իսկ լայնությունը՝ վերևում 82 սմ․ իսկ ներքևում՝ մոտ 75 սմ:

  Առաջին հայացքից այն տպավորությունն է թողնում, կարծես կազմողը ընdգծել է խաչքարի հիմնական բաղկաչուցիչ տարրը՝ խաչը, ապա քանդակել  պատկերները, իսկ հետո թողել է անավարտ:  Հնարավոր է կազմողը մահացել է, կամ առողջական խնդիր է ունեցել: Նկատելի է նաև բնության կնիքը: Թ՛ե անավարտ, թե՛ հողմահար լինելը կարծես ավելի գրավչություն ու շուք են տալիս այս խաչքարին:

Հիմա անդրադառնանք խաչքարի վրա՝  քիվից ներքև ու ստորին եզրամասերում  առկա պատկերաքանդակներին, որոնք կարճ ու համառոտ ներկայացնում են քրիստոնեական գաղափարախոսության էությունը: 

Ներքևի ձախ անկյունում Քրիստոսի խաչելությունն է: Այստեղ Քրիստոսը պատկերված է երկարամորուս,   երկար, բարակ հյուսքերը՝ կավիկները ընկած են ուսերի վրա: Հագին առկա է գոտկատեղից մինչ ծնկները ծածկող  շոր, ոտքերը պատկերված է կրունկները միացված ձևով: Հետաքրքիր ձև ունի  խաչը որի վրա խաչված է Քրիստոսը: Թե՛ վերևի, թ՛ե կողային խաչաթևերը ավարտվում են խաչով: Այստեղ Քրիստոսը պատկերված է այն պահին, երբ զինվորներից մեկը գեղարդով խոցում է  խաչյալի կողը, իսկ մյուսը քացախով սպունգը մոտեցնում է բերանին: Հետքաքրի է, որ երկու զինվորները պատկերված են միայն աջ կողմում, ինչը թերևս տեխնիկական բացատրություն ունի:

Քրիստոսից վերև երկու անկյուններում խաչքարագործը պատկերել է երկու հրեշտակներ: Վարպետը այստեղ ևս թևերը մշակել է, իսկ գլուխները թողել անավարտ՝ գնդաձև: 

Խաչից ներքև գտնվող  շրջանագծի մեջ պատկերվաած է կշեռք: Արդարության ու մեղքի կշեռքը (բավականին տարածված մանրանկարչության մեջ) պատկերված է նաև Սևանի «Ամենափրկիչ» խաչքարի ձախ մասի վերին քառակուսու մեջ․  սատանան ձեռքով ներքև է քաշում կշռաթաթը՝ «օգնելով» մարդկանց ծանրացնել մեղքի քաշը: Դժվար է ասել, ժամանակին ինչպիսի պատկեր է ունեցել կշեռքը՝ կամ ինչպե՞ս է ցանկացել կամզողը պատկերել, բայց որ նույնատիպ բովանդակությունն է ունեցել՝ հաստատ է:

Խաչքար աջ անկյունում պատկերված է «դժոխքի ավերումը»․ Քրիստոսը աջ ձեռքում առկա խաչով վերջացող տեգով հալածում, խոցում է  վիշապին, ձախ ձեռքով բռնել է Ադամի ձեռքը, որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը: Ըստ եկեղեցական մեկնության Քրիստոսը խաչվելուց հետո իջնում է դժոխք, մեղքերով կապված մարդկանց ազատում ստանայի ճիարններից և փրկություն տալիս նրանց: Այստեղ մարդկանց հավաքական իմաստը արտահայտվել է Ադամի և Եվայի պատկերներով: 

Այս երկու պատկերաքանդակների արանքում նկատելի է, որ փորձ է արվել քանդակել ևս մեկ խաչ, ամփոված շրջանագծի մեջ

Իսկ ահա քիվից ներքև պատկերված ֆիգուրը թերևս ավելի մոտ է Քրիստոսի «Դեսիուս» տիպի պետկարավորմանը` ձախով բռնել է գիրք, աջը բարձրացրել է վեր, որով օրհնում և մեղքերի թողություն է տալիս:  Հայտնի, է խաչքարը հանդես է գալիս որպես բարեխոս, միջնորդ բարձրյալի առաջ, հանգուցյալի հոգու փրկության ու մեղքերի թողության համար, իսկ խաչքարը կանգնեցվում է այնպես, որպեսզի հանգուցյալը անընդհատ  «նայի» նրան , հանգամանք, որը  կարծես  ավելի իրական է դարձնում մեղքերի թողությունը, հոգու փրկությունը ինչի համար և խաչվեց Քրիստոսը

 Այս պատկերաքանդակի երկու մասում նկատելի են ուռուցիկ հատվածներ,  : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դեիսիուս տիպի պատկերաքանդակում Քրիստոսի երկու կողմում պատկերվում էին Մարիամը և Հովհաննես Մկրտիչը, կարելի է կարծել վարպետը  ցանկացել է պատկերել նրանց:

 

 Արևշատյան Ս․

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1215933
  • Բոլոր այցելուները: 90176
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 315
  • Ձեր IP-ն: 3.92.74.105
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52