Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Երվանդաշատ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Երվանդունիների արքայասնիստ քաղաք Երվանդաշատը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում: Այն որպես մայրաքաղաք փոխարինել է Արմավիրին: Երվանդաշատի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Պատմահայր Մովսես Խորենացու մի հիշատակությունը, որոշ չափով յուրովի ընդունելու պատճառով երկար ժամանակ նույնիսկ սխալ էին պատկերացնում մայրաքաղաքի դիրքը: Այն սովորաբար տեղադրում էին Արաքսի աջ ափին, Ախույանի գետնախառնուրդի մոտ: Բայց շուտով շտկվեց պատմաշխարհագրական այդ սխալը: Հայ ժարտարապետության պատմության մեծ մասնագետ Թ. Թորոմանյանի մի կարճատև ուղևորությունը դեպի այդ վայրերը բավական էր, որ ճշտվեր  Երվանդաշատ մայրաքաղաքի և Երվանդակերտ բերդի աշխարհագրական դիրքը: Դրանք իրոք որ գտնվում էին Ախուրյան և Արաքս գետերի խառնարանի մոտ, ինչպես հիշատակում է Խորենացին, Երվանդաշատը` Արաքսի ձախ ափին, իսկ Երվանդակերտը` աջ և ոչ հակառակը: Երվանդաշատը  հիմնադրվել է Երվանդյան վերջին թագավոր Երվանդ Դ-ի (մ.թ.ա 220-200թթ.) օրոք, ով անմիջապես նախորդել է Արտաշեսին:

Մովսես Խորենացին մայրաքաղաքի տեղափոխությունը Արմավիրից Երվանդաշատ, մեկնաբանում է հետևյալ կերպ` «... և ձմեռն երկարելիս, երբ հյուսիսային ցուրտ քամիներ էին փչում, վտակը սառչում էր բոլորովին, և թագավորանիստ տեղի համար խմելու բավական ջուր չէր ճարվում։ Սրա­նից Երվանդը նեղվելով, մանավանդ ավելի ամուր տեղ փնտրելով՝ արքունիքը տեղափո­խում է դեպի արևմտյան կողմը...»։ Բայց այս տեղափոխությունն ավելի շատ ռազմաքաղա­քական բնույթ ուներ։ Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի Երվանդաշատի պաշարման դեպքում հնարավոր լինի գետից ջուր ստանալ։ Ինչպես երևում է, Երվանդաշատն Երվանդակերտ բերդի հետ կազմում էր մի միասնություն: Հավանաբար վերջինս որոշ իմաստով միջնաբերդի դեր էր կատարում նրա համար, չնայած գտնվում էր քաղաքից դուրս (քաղաքն ուներ իր  բուն միջնաբերդը), նրա դիմաց, Արաքսի աջ բարձրադիր ափին: Ուշագրավ է, որ Խորենացին մեծ գովեստով է խոսում, ոչ թե Երվանդաշատի, այլ Երվանդակերտի մասին, որն իր անառիկությամբ ապահովում էր մայրաքաղաքն արտաքին վտագներից: Խորենացին մեծ հափշտակությամբ է պատմում Երվանդ թագավորի կողմից այդ բերդի կառուցման, նրա գեղատեսիլ դիրքի, անմատույց ամրության, հրաշալի կառույցների, պաշտպանական պարիսպների, ժայռափոր կերտվածքների մասին:

     « Ինձ քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին ,գրում      է   պատմահայրը,– որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ՝ պայծառ           շինություններով,      լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ  բնակչության շուրջը կազմում է ծաղկոցներ ու բուրստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունր նմանում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատ­վում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտավայրը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր եր­կու ափերի բարձրություններով պատկե­րանում էր մի բերան, իր երկու շրթունք­ներով։ Եվ այս գեղցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորա­նիստ բարձրավանդակի վրա։ Արդարև բերրի     և    թագավորական    դաստակերտ»։

Սակայն պակաս գեղեցիկ ու ամուր  չի եղել նաև բուն մայրաքաղաքը` Երվանդաշատը։ Երվանդն իր մայրաքաղաքի ամրության և շքեղության համար ոչինչ չի խնայել։ Նրա մայրաքաղաքի միջնաբերդը ուներ հսկա որձաքարերով շարված և երկաթե գամերով իրար հետ միացրած հաստա­պատ պարիսպ ու պաշտպանական այլ կառույցներ, բազմաթիվ կացարաններ, ջրամատակարարման հատուկ համակարգ  և այլն։

          Երվանդաշատի դիրքը  քաղաքական, տնտեսական ու ստրատեգիական տեսակետից նպաստավոր էր: Այն գտնվում էև Երվանդյան Հայաստանի կենտրոնական մասում, Արաքսի հովտով ձգվող բանուկ ու հայտնի ճանապարհին` բնականից ամուր վայրում: Բայց և այնպես Երվանդաշատը երկար չի մնում մայրաքաղաք: Մ.թ.ա 189 թվականին ամբողջ Մեծ Հայքի անկախությունը հռչակելուց հետո, Արտաշես Ա-ն (մ.թ.ա 189-160թթ.) շուտով հիմնադրում է մի նոր, ավելի շքեղ մայրաքաղաք` Արտաշատը:

           Դադարելով մայրաքաղաք լինելուց` Երվանդաշատը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հին Հայաստանի ամենախոշոր քաղաքներից մեկը: Այն Արտաշատի և Տիգրանակերտի նման հելլենիստական տիպի քաղաք էր` զարգացած առևտրով ու արհեստագործությամ և տասնյակ հազարների հասնող բնակչությամբ, որի զգալի մասը զբաղվում էր նաև գյուղատնտեսությամբ: Թե Երվանդաշատը և թե Երվանդակերտը գտնվում էին Արշարունիք (Երասխաձոր)  գավառում ոը դրա հետ միասին պատկանում էին Կամսարականների նախարարական տանը:

         4-րդ դարի կեսին Երվանդաշատը դարձյալ երկրի խոշորագույն քաղաքներից էր: Բայց հենց նույն դարի կեսերից Երվանդաշատը, Հայաստանի մյուս քաղաքների (Արտաշատի, Տիգրանակերտի, Զարիշատի Զարեհավանի, Արշամաշատի և այլն) հետ, աստիճանաբար կորցնում է նախկին նշանակությունը: Որոշ իմաստով Երվանդաշատի համար ճակատագրական էին 4-րդ դարի Շապուհ 2-րդի ձեռնարկած պարսկական արշավանքները: Այդ արշավանքների հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքների հետ խիստ ավերվեց նաև Երվանդաշատը, որի բնակչության մեծ մասը գերեվարվեց պարսիկների կողմից: Դրանից հետո Երվանդաշատը այլևս չի բարձրանում: Այն աստիճանաբար անշուքանում է, վերածվելով սովորական ավատական բերդաքաղաքի, իսկ հետագայում` ընդմիշտ վերանում պատմական ասպարեզից:

     Երվանդաշատի հազիվ նշմարվող ավերակները գտնվում են Արմավիր քաղաքից  հարավ-արևմուտք`նրանից ուղիղ գծով 32 կմ հեռավորության վրա, Արաքսի ձախ կողմում` Ախուրյանի գետնախառնուրդի մոտ: Վաղեմի մայրաքաղաքի հողածածկ ու ընդարձակ ավերակները գրավում են ներկայիս Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջև ընկած այգեշատ սարահարթը, որը թերակղզու ձևով ձգտում է դեպի Ախուրյան գետը: Այստեղ ամենուրեք նկատվում են հին տների մնացորդներ, առանձին կառույցների հետքեր, իսկ գետի անմիջական ափին` մի ժամանակ շինարարության համար օգտագործված հսկայական որձաքարեր: Քաղաքի ավերակների շրջանում կան խաչքարեր, վիմագիր արձանագրություններ (13-րդ դար). Դրանք ցույց են տալիս, եր Երվանդաշատի տեղում բնակավայր է եղել և միջին դարերում: Բացի պատահական այցելությունների և ուղևորությունների ընթացքում կատարված հապճեմ դիտումներից, Երվանդաշատի տեղում հնագիտական պեղումներ ամենևին չեն կատարվել:

 Երվանդաշատի դիրքի ճշտման և ավերակների բնույթի, գրաված տարածության և նկարագրման հատուկ ուշադրություն է դարձրել Թ. Թորոմանյանը: Նրա ուշադրությունն առանձնապես գրավել են բերդի` տեղ-տեղ 4-5 մետր բարձրությամբ պահպանված պարիսպների մնացորդները, սարահարթի` դեպի Ախուրյան իջնող զառիթափ լանջի պաշտպանական կառույցները, որոնք նա համեմատում է Անիի միջնաբերդի ստորոտին եղած ամրությունների հետ: Նա արժեքավոր դիտողություններ է արել տեղացիների կողմից ավանդաբար տեղացիների կողմից «պալատ»կոչված շինության ավերակների, Ախուրյանի այդ մասի հին կամուրջի մնացորդների, ընդարձակ արձանագրություն ունեցող միջնադարյան (հավանաբար 13-րդ դար) մատուռի ավերակնեի, տեղացիների կողմից իրենց շինությունների համար օգտագործված վեիմագիր որձաքարերի և այլ հնությունների մասին:

          Երվանդաշատի ճակատագրի հետ սերտորեն առնչվում էր նաև Երվանդակերտտ, որը փաստորեն պաշտպանում էր նրա մատույցները: Երվանդակերտի ավերակները գտնվում են Երվանդաշատի ավերակների գրաված սարահարթի ուղիթ դիմաց, Ախուրյան գետի աջ ափին, զառիվեր լանջով դեպի վեր խոյացած լեռան վրա: Հեռվից դիտողի վրա մեծ տպավորություն է թողնում լեռնալանջով ձգվող նրա պաշտպանական պարիսպը, որը համատարած գիծ է կազմում և պահպանված է մի քանի մետր բարձրությամբ: Տեղացիներն ավանդաբար Երվանդակերտը նույնացրել են նույն գավառում (Արշարունիք) Արտագերսի հետ:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298987
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52