Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Բագարան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Աշխարհի խոշորազույն բոնապետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը 9-րդ դարում ճգնաժամ էր ապրում, հասել Էր քայքայման ու անկման եզրին։

Նրա դեմ հուժկու ապստամբություններ բարձրացան Եգիպտոսում, Իրաքում, Իրանում և այլուր, ստեղծվեցին տարբեր կիսանկախ ու անկախ պետություններ, ամիրայություններ և իշխա­նություններ։ Արաբական ողջ տիրապետության ընթացքում Հայաստանում ևս չէին դա­դարում ժողովրդական ազատագրական շարժումները։

703 թվականի ձմռանը Սմբատ սպարապետը Արաքսի ձախ ափին՝ Վարդանակերտ

Գյուղի  մոտ համարյա ամբողջովին ոչնչացրեց արաբների զորաբանակը։ 747—50 թթ. ապստամբություն բռնկվեց Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանների գլխավորությամբ։ 774-ին խալիֆայության դեմ ծագեց նոր ապստամբություն, այս անգամ Արտավազդ Մամիկոնյանի ղեկավարությամբ։ Նա, Կումայրիում սպանելով արաբ հարկահանների պարագլխին, ետ վերցրեց հավաքած հարկը։

Ապստամբությունն ավելի լայն ծավալ ստացավ։ Մուշեղ Մամիկոնյանի զլխավորությամբ ապստամբները կոտորեցին հարկահաններին, ապա Բագրևանդում պարտության մատնեցին  արաբական զորաբանակին։  Այնուհետև հաղթեցին իրենց  դեմ  Արմինիայի ոստիկանի  ուղարկած հեծելազորին։ 850 թվականին Հայաստան  ուղարկվեց  Յուսուֆ  ոստիկանը,  որը,  ավերելով Վասպորրականի  գավառները,  խաբեությամբ  ձերբակալեց Բագարատ Բագրատունուն։ Բայց Յուսուֆն էլ անպատիժ չմնաց։ Սասունի լեռնականները, Հովնան   Խութեցու   և   Բագարատի   որդիների՝   Աշոտի   և   Դավթի   գլխավորությամբ,   հարձակվեցին Մուշում գտնվող արաբների վրա և սպանեցին նրանց։ Երկու տարի անց   Հայաստան ներխուժեց արաբական նոր զորաբանակ՝ Բուղայի գլխավորությամբ։ Նրանք    գերեցին Հովնան  Խութեցուն և բազմաթիվ այլ ապստամբների, Խութի լեռնականներից   կոտորեցին շուրջ 30 հազար մարդ։ Բուղայի դեմ ապստամբեցին Արցախի Եսայի Աբու-Մուսե   Առանշահիկ իշխանը և Գարգեն Սրծրունին։

        Այս դարաշրջանում երկրի հասարակական, քաղաքական և ռազմական կյանքում խիստ մեծացել էր Բագրատունիների դերը։ Նրանց տիրույթներն ընդգրկում էին երկրր զգալի մասը Շիրակը, Վանանդը, Տաշիրը, Կոգովիտը, Բագրևանդը, Տարոնը, Սասունը, Վասպուրականի մի հատվածն ու Մոկաց աշխարհը։ Նրանց ազդեցության ոլորտում էին նաև Այրարատի կենտրոնական և հյուսիսային գավառները։

Երկրի անկախության ճանապարհին քաղաքական խոշոր հաջողություն էր 862 թ. Աշոտ Բագրատունու Հայաստանի իշխանաց իշխան դառնալը, խալիֆը ճանաչեց նրա գերիշխանությունը ամբողջ Արմինիայի վրա։ Այդ շրջանում խիստ նվազեցին երկրից գանձվող հարկերը 8-րդ դարի վերջերին վճարվող 13 միլիոն արծաթ դրամի փոխարեն Արմինիայից արդեն գանձվում էր 4 միլիոն։ Իհարկե, այսպիսի հսկայական զիջողություններ խալիֆայությունն անում էր, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, և որ ամենակարևորն է, Հայաստանի ռազմունակությունը։ Այդ տարիներին Բագրատունիների բանակը հասավ քառասուն հազարի, իր ժամանակի համար սա բավականին մեծ ուժ էր։

Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև շարունակվող անզիջում պայքարում մեծանում էր Հայաստանի դերը։ Պատահական չէր, որ Բյուզանդիայի գահին բազմելով, Մակեդոնական (Հայկական) արքայատան հիմնադիր, հայազգի Վասիլ Ա կայսրը 876 թ. Հայաստան է ճամփում իր պատվիրակին և խնդրում, որ՝ Աշոտ Բագրատունին թագ ուղարկի իրեն, երկու երկրների դաշինքն ամրաանդելու նպատակով նա փորձում է վերակենդանացնել հին ավանդույթը, չէ որ Բագրատունիները Արշակունիների օրոք թագադիր ասպետներ էին։

Շուտով Աշոպ Բագրատունու իշխանությունն այնքան հզորացավ, որ նա դարձավ երկրի լիիրավ տերը։ Արաբական խալիֆին մնում էր նրան Հայաստանի թագավոր ճանաչել և թագ, թագավորական զգեստներ, զենք ու զրահ ուղարկել։ Այսպես, 884 թ. կամ 885 թ. հայոց երևելիները թագադրում են Աշոտ Բագրատունուն, և Արշակունիների անկումից չորսուկես դար անց Հայաստանը կրկին վերագտնում է իր պետականությունը։

Աշոտ Բագրատունին մեր Ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած պետական-ռազմական ամենատաղանդավոր գործիչներից էր։ Հեռատես գործունեությամբ նա կարողացավ ոչ միայն իր հայրենիքի կորսված անկախությունն ու գահը վերադարձնել, այլև երկրի տնտեսական և ռազմական հետագա հզորության հիմքը դրեց։

Հայոց թագավորի վարչաքաղաքական իրավասության մեջ էին նաև Արևելյան Վրաստանը և Աղվանքի մի մասը։ Աշոտ Բագրատունու գերադասությունն էին ընդունում վրաց գահերեց իշխան Ատրներսեհը և աղվանից Համամ թագավորը, Հայաստանի հարավում կազմավորված արաբական ամիրայությունները։

Նորաստեղծ Բագրատունյաց թագավորությունը պետք է որ ունենար իր մայրաքա­ղաքը։ Չնայած Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի մեծագույն քաղաքներից, բայց այն մշտապես գտնվում էր Ատրաատականի հարձակման վտանգի տակ։

Բագրատունիները մայրաքաղաք ընտրեցին անառիկ Բագարանը։ Այն Արշարունիք

գավառում Էր, Ախուրյանի աջ ափին։

Բագարանը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր. այն հիմնադրել Է դեռևս Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220—201 թթ), իր նոր մայրաքաղաք Երվանդաշատի հետ միաժամանակ։ Ըստ Մովսես Խորենացու, թագավորը Երվանդաշատից «մոտ քառասուն ասպարեզ հեռու, Ախուրյան գետի վրա, շինեց փոքր քաղաք՝ նման իր քաղաքին, և կոչեց Բագարան, այսինքն թե՝ բագիններն այնտեղ են տեղափոխված, և այնտեղ փոխադրեց Արմավիրում եղած բոլոր կուռքերը։ - Շինեց նաև մեհյաններ և իր Երվազ եղբորը քրմապետ նշանակեց»։

Երվանդը տնկել է տվել մի մեծ անտառ, որը պարսպապատելով և, բազմաթիվ արագավազ այծյամներ. Եղնիկներ, եղջերուներ ու վարազներ արգելափակելով,  վերածել արքունի որսատեղիի և այն կոչել Ծննդոց անտառ։ Բայց շուտով Արտաշես Առաջինը հաղթում Է Երվանդին, ապա Բագարանի մոտ նրա եղբոր՝ Երվազի վզից երկանաքար կապելով՝ գետի հորձանուտում խեղդել Է տալիս, բազում գանձեր վերցնում մեհյաններից, գերում Երվազի 500 ծառաներին, իսկ հետագայում կուռքերը տեղափո­խում Արտաշատ։  (Մինչև այժմ Էլ պահպանվել են Երվանդի կառուցած մեհյանների և այլ շինությունների հետքերը, իսկ դարասկզբին Բագարանի գյուղացիները Միջին գյուղ կոչվող բլրի վրա նոր տների հիմքեր    փորելիս    հաճախ    էին    գտնում    հեթանոսական    շրջանի (գերեզմաններ, քարե փոքրիկ կուռքերի արձաններ և այլն):

Բայց Բագարանում կյանքը կանգ չի առնում, այն մինչև 8-րդ դարը Արշարունիքի քիչ թե շատ մեծ բնակավայրերից էր և Կամսարական նախարարական տան սեփականությունը։ 780-ական թվականներին այն անցնում Է Աշոտ Մսակեր Բագրատունուն, որն իր նստավայրը Դարույնքից տեղափոխում Է այստեղ։ Բագարանն ուներ հաստ պարիսպներով միջնաբերդ, որի շուրջը տարածված Էր ոչ մեծ քաղաքը։

Այստեղ  Էին ոչ միայն Բագրատունիների ապարանքները, այլև տոհմական դամբարանը։ Կային նաև մի քանի եկեղեցիներ՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ,  ս. Շուշանիկ և այլն, որոնցից հատկապես նշանավոր Է ս. Թեոդորոս եկեղեին։ Այն 624-ին հիմնադրել է իշխան Բուտ Առավեղյանը, որի մահից հետո շինարարությունն ավարտել Է նրա կինը՝ իշխանուհի Աննան։ Բազում արհավիրքների դիմանալով, տաճարը մինչև 20-րդ դարի կեսերը կանգուն Էր։ «Ուրիշ պատմական պանծալի հիշատակարաններու նման այս տաճարին ալ վիճակված Է անտերություն, քայքայում և կործանում, -գրել է Թ. Թորամանյանը։ - Գմբեթը վաղուց ընկած է մեջը, պատերը թեև որոշ չափով հաստատուն, սակայն անոնք ալ հետզհետե փչանալու վրա ա են»։ Բագարանի տաճարը հայ ճարտարապետության գանձերից Է և ըստ հեղինակավոր ուսումնասիրողների՝ նախատիպն Է 9– 10-րդ դդ. բյուզա|նդական,    ֆրանսիական   և   իտալական   մի   շարք   նշանավոր կոթողների՝ Օռլեանի ժերմինի դե Պրեի, Միլանի ս. Սատիրոյի, Կ Պոլսի կայսերական պալատի Նեայի, Հունաստանի Աթոս լեռան Մեծ մայրավանքի և ութ եկեղեցիների և այլն։

Բագարանը կարճ ժամանակ միայն մայրաքաղաք եղավ։ Բագրատունյաց թագավորությունը իր գոյության շուրջ 160-ամյա պատմության ընթացքում չորս մայրաքաղաք փոխեց, և Բագարանին հաջորդեցին Շիրակավանը, Կարսը և Անին։

Թթե քաղաքը ծաղկում էր Բագրատունյաց թագավորության օրոք, ապա նրա անկումից ընդամենը երեք տարի անց՝ 1048-ին այն զավթեցին, ավերեցին և բնակիչներին կոտորեցին սելջուկները։ 12-րդ դարում Բագարանն անցավ Շահ Արմենների ձեռքը:1211 –ին այն ազատագրեցին հայ-վրացական զորքերը։ Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքնե­րի, այնպես էլ Բագարանի համար ճակատագրական եղավ Լենկթեմուրի հրոսակների հարձակումը, որոնք 1394-ին ավերեցին և կողոպտեցին քաղաքը։ Այդպես էլ այլևս չվերականգնվեց նրա փառքը և մեր դարի սկզբին այն սովորական գյուղ էր։

1909 թվականի հունիսի 2-ին Բագարան է այցելել հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը։ Նրա ուսումնասիրություններն ու գրառումները եզակի են և դրանով իսկ՝ անգնահատելի։ Ուղեկից ընտրելով Թորամանյանին, փորձենք մենք էլ մտովի շրջել Բագրատունյաց թագավորության առաջին մայրաքաղաքի ավերակներում։

...Ախուրյանի ձորի ափերին փռված Բագարանի համայնապատկերը տեսնելով, ակամա մտածում ես, թե որքան զորավոր է եղել թշնամու երկյուղը, որ մարդիկ այդ ապառաժների մեջ քաղաք են հիմնել։ Գետեզերքին երևում են իրար զուգահեռաբար շարված երեք բլուր, որոնցից ամենաբարձրի վրա պահպանվել են պարիսպների մնացորդներ։ Մյուս բլուրների վրա էլ կան բազմաթիվ շինությունների հետքեր։ Բերդը այն նույն կողմում էր, որտեղ բարձունքի վրա կառուցված էր ս. Թեոդորոս եկեղեցին։ Հնում բերդը զբաղեցրել է ընդարձակ տարածություն և ունեցել է հզոր պարիսպներ։ Պահպանվել են որձաքարով շարված, հաստաբեստ պատերով շինությունների անթիվ մնացորդներ։ Փլատակներն այնքան խոշորազանգված են, իսկ քարերն այնքան մեծ, որ 10 -20 մարդ հազիվ են կարողացել շարժել։ Ըստ երևույթին, դրանք հեթանոսական շինու­թյունների ավերակներ են։

Բագարանի միջնաբերդը գտնվել է բերդի պարսպի հարավարևմտյան կողմում՝ երեք քարաժայռերից ամենաբարձրի գագաթին։ Կոփածո քարերով շարված միջնաբերդն ունեցել է բուրգեր՝ պաճուճված բազում բարձրաքանդակներով։ Հյուսիսային ծայրին է գտնվել ս. Գևորգ եկեղեցին, որը քանիցս ավերվել ու վերաշինվել է, դարձել ՛ուխտատեղի։ Այն ունեցել է մանվածահյուս քանդակազարդ խաչքարեր։

Միջնաբերդում են Բագրատունիների արքայական ապարանքների մնացորդները։

Մյուս երկու բլուրներն էլ պարսպապատ էին։ Նրանցում ևս պահպանվել են հոյակապ ապարանքների կամարակապ սենյակների մնացորդներ։ Բերդի հարավային կողմում եղել է մի եկեղեցի, որի զարդաքանդակները թույլ են տալիս վերագրել 10– 11-րդ դարերին։ Ախուրյան գետի ձախ ափին, բարձունքի վրա է կառուցված ս. Շուշանիկ եկեղեցին։ Ձորում և հանդիպակաց բլուրների վրա պահպանված բազմաթիվ շինությունների փլա­տակները, ինչպես և հինգ եկեղեցիների գոյությունը վկայում են, որ քաղաքը ոչ միայն հիանալի կառուցապատված էր, այլև բազմամարդ։

Բագարանի շրջակայքի ձորերի ու կիրճերի բնական ու արհեստական մեծաթիվ քարայրներն ունեցել են նաև ռազմական նշանակություն։

Բագարանցիները եղել են արտակարգ աշխատասեր, ժայռերի ու կիրճերի մեջ սեղմված ապառաժոտ քարքարուտները մաքրելով՝ պարտեզներ ու այգիներ են հիմնել։ Անիի մայրաքաղաք դառնալուց հետո Բագարանը միրգ էր մատակարարում նրա բազմամարդ բնակչությանը։ «Թեև այդ ջլապինդ ժողովրդին անպարտելի ուժը չէ կարողացեր ձորը կամ, ավելի ճիշտ, այդ փոսն իր լեռնացած ապառաժի կույտերեն բոլորովին ազատել, դեռ ամենամեծ մասը կմնա, սակայն ինչ-որ ալ ըրեր են, արդեն շատ մեծ փաստ է այդտեղ ապրող հին ժողովրդին տոկուն ու չարքաշ կյանքին, երկրագործության և մշակության մեջ ունեցած հմտությունների», գրել է Թորոս Թորամանյանը։ Բայց նրա այցելության ժամանակ արդեն վաղուց խամրել էր Բագարանի փառքը, և հետագա սերունդները մշակում էին միայն նախնիներից ժառանգած հողակտորները՝ այդպես էլ գլուխ չհանելով ամենուր սփռված քարաբեկորներից։

Մեր դարասկզբին Բագարանը ուներ մոտ 800 բնակիչ։ Այն վերջնականապես լքվեց ու ավերվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ նրա հրաշքով փրկված բնակիչները գաղթեցին և բնակություն հաստատեցին Արաքսի ձախ ափին, ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298986
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52