Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արտաշատ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Թոթափելով Սելևկյանների լուծը, Արտաշես Աոաջինը մ.թ.ա. 189-ին իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր և իսկույն ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ Մեծ Հսւյքից բացի կային ևս երեք հայկական թագավորություններ՝ Կոմմագենեի, Ծոփքի և Փոքր Հայքի, որոնք բոլորն էլ միաժամանակ անկախ հռչակվեցին։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը, դուրս գալ Սև և Կասպից ծովերի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել, այդ իրագործեց նրա թոռը՝ Տիգրան Մեծը։ Արտաշեսը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Թագավոր դառնալով, նա աոաջին հերթին հիմնադրեց նոր մայրաքաղաք՝ կոչելով Արտաշատ: Այժմ դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի աոաջին քարը, ենթադրվում են տարբեր թվականներ մ.թ.ա. 189 թ., 185 թ., 166 թ. և այլն։ Նախընտրելին, թերևս, 189 թ. է,  քանզի, ինչպես մի քանի օտար պատմիչներ են միաբերան վկայում, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը կարթագենցի Հաննիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանել հենց այդ թվականին։ Ըստ Պլուտարքոսի, Հաննիբալը, «բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Աոտաշեսին» և նկատելով «չօգտագործված ու անտեսված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը»։ Տեղանքն, հիրավի, հոյակապ էր ընտրված, վեհափառ Արարատին ակնդետ բլուրները, որ լքված բնակատեղի էին, երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էին (հետագայում այդ բլուրներից մեկի վրա կառուցված Խորվիրապի վանքը հիացնում է իր անկրկնելի դիրքով): «Հայկական Կարթագենը»՝ ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատակագիծ է ունեցել, եղել է ժամանակի խոշորագույն և գեղեցկագույն քաղաքներից մեկը։

       Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը, Խորենացին գրում է, որ Արտաշեսը «...բլուրը հավանելով, քաղաք է շինում  և իր անունով կոչում է Արտաշատ։ Արաքսն էլ օգնում է անտառի փայտով։ Ուստի առանց դժվարության և արագ շինելով այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը։ Բայց Ապոլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս ճանապարհին մոտ։

... Երվանդի քաղաքի ամբողջ վայելչությունները, ինչ-որ նա փոխադրել էր Արմավիրից, և ինչ-որր հենց ինքն էր շինել, բերում է Արտաշատ և ավելի շատ բան ել իր կողմից շինելով սարքավորում է իբրև արքայանիստ քաղաք»։

      Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայածավալ պարիսպներով, բայց շուտով Արտաշատն այնպես է ընդարձակվում, որ դաշտավայրով մեկ սփռվում են նրա արվարձաններն ու այգիները։ Կառուցվում են նաև բազմաթիվ պալատներ ու տաճարներ և իհարկե, քաղաքի պահապան աստծուն՝ Անահիտին նվիրված մեհյան։

Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95—55 թթ.) Հայաստանը դարձավ աշխարհակալ տերություն։ Արտաշատը մնացել էր պետության հյուսի­սում, և թագավորության կենտրոնական մասերում նոր մայրաքաղաք ունենալու պահանջ էր առաջացել։ Եվ Տիգրանը մ.թ.ա. 80-ական թվականների վերջին հիմնադրում է Տիգրանակերտը։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ կարծես Տիգրանակերտը դառնում է ողջ թագավորության, իսկ Արտաշատը բուն Հայաստանի մայրաքաղաքը։ Հատկանշական է, որ Տիգրանը դրամահատարան ուներ Տիգրանակերտում, և Արտաշատում։ Նրա օրոք ավելի է բազմամարդ դաոնում քաղաքը, ուր բնակեցվում են հազարավոր արհեստավորներ ու առևտրականներ։

Արտաշատը բուռն զարգանում է նաև  Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդի օրոք։ Ըստ երևույթին, հենց նրա ժամանակ է կառուցվել Արտաշատի ամֆիթատրոնը։

Հռոմին դիմագրավելու նպատակով Արտավազդը դաշնակցում է պարթևներին և իր քրոջը կնության տալիս պարթևական թագաժառանգ Բակուրին։ Այդ առիթով տոնահանդեսներ և խնջույքներ նն կազմակերպվում, որոնցից մեկի ժամանակ՝ մ.թ.ա. 53 թվականին, երբ պարթև Օրոդես արքան և Արտավազդը դիտում էին Յասոն ողբերգակի և նրա խմբի ներկայացրած Եվրիպիդեսի «Բաքոսուհիները», ներս է մտնում Սիլլակ սատրապը և գետնին նետում Սպարտակի ապստամբությունը դաժանորեն ճնշող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի գլուխը։  Նկարագրելով այդ պահը, Պլուտարքոսը ասում է, որ Արտավազդն ինքն ել ողբերգություններ, ճառեր և պատմություններ էր գրում, որոնցից մի քանիսը պահպանված են եղել նաև Արտավազդից շուրջ երկու դար հետո ապրած Պլուտարքոսի ժամանակ։

      Որքան քաղաքը ծաղկում էր ու շենանում, այնքան դեպի իրեն էր ձգում օտար ավարառուների։ 58 թվականին հռոմեացի Կորբուլոնը, հարձակվելով Հայոց աշխարհի վրա, գրավում է Արտաշատը։ Ձմեռելուց հետո հռոմեացիները ուղղվում են դեպի Տիգրանակերտ, մինչ այդ կործանելով հռչակավոր քաղաքը։ Հռոմեացի պատմիչ Տակիտոսը այս­պես է փորձում արդարացնել այդ բարբարոսական արարքը. «Արտաքսատան (Արտաշատը) հրդեհվեց, քարուքանդ արվեց և հավասարվեց հողին, որովհետև պարիսպների ձգվածության պատճառով առանց ուժեղ պահակազորի չէր կարելի պահել այն, ոչ էլ մենք այնքան ուժ ունեինք, որ զորքը բաժանվեր թե պահակազորն ուժեղացնելու և թե պատերազմը վարելու համար, իսկ թե մայրաքաղաքն անվթար մնար և առանց պահակազորի, ոչ մի օգուտ և փառք չկար նրանից, որ քաղաքն առնված է»։ Թե ինչպիսի հսկայական նշանակություն էր տալիս Հոոմը և նրա կայսր Ներոնը Արտաշատի գրավմանն ու ավերմանը, վկայում է նույն Տակիտո­սը. «Այս հաղթության պատճառով Ներոնը բարձրաձայն ողջունվում է իբրև իմպերատոր, ծերակույտի որոշմամբ մաղթանք է կատարվում, որոշվում է արձաններ կանգնեցնել, հաղթակամարներ կառուցել..,, որ առնական հայտարարվեն թե՛ տարած հաղթանակի, թե՛ այդ մասին հայտարարվելու և զեկուցելու օրերը, ինչպես նաև ընդունվեն այլ, նման որոշումներ...»։ Բայց ընդամենը յոթ տարի հետո Ներոնը ինքը 50 միլիոն դենար և բազմաթիվ հմուտ վարպետներ է տալիս Տրդատին՝ ավերված քաղաքը վերականգնելու։ Ներոնի այս առատաձեռնություննը իհարկե, պայմանավորված էր նրանով, որ հայ-պարթևական միացյալ ուժերը Հռանդեայի մոտ հաղթեցին հռոմեացիներին, և Ներոնին մնում էր ոչ միայն իր իսկ ձեռքով Հռոմում թագ դնել Տրդատի գլխին, այլև շռայլորեն ընծաներ մատուցել հայոց արքային։ Կայսեր ցանկությամբ քաղաքը պետք է կոչվեր Ներոնիա, սակայն այդ անունը շուտով մոռացվեց։

      Նկարագրելով Տրդատի պատվին Հռոմում կազմակերպված շքա­հանդեսները, Դիոն Կասիոսը զարմացած ավելացնում է, որ մի անգամ Տրդատը ըմբշամարտի և բռնցքամարտի տարրերից կազմված մենա­մարտ պանկրատիոն դիտելիս, տեսնելով, որ մենամարտողներից մեկը վայր ընկնելուց հետո ծեծվում է հակառակորդի կողմից, բացա­կանչում է. «Մարտն անարդար է, քանզի արդար չէ ընկնողին ծեծելը»։ Հաղթանակի հասնելու համար միջոցների խտրություն չդնող հռոմեա­ցիներին, իհարկե, դա տարօրինակ պիտի թվար։

     Վերականգնելով Արտաշատը, Տրդատն այն դարձնում է ավելի ճոխ ՛ու մեծաշուք, մանավանդ, որ տեսել էր հին աշխարհի ամենանշանավոր քաղաքներից մեկը Հռոմը; Շուտով հայոց գահին է բազմում Վաղարշ Աոաջինը (117 —140 թթ.): Կարծես արդեն չգրված օրենք ու ավանդույթ էր դարձել, որ նոր թագավորը նոր մայրաքաղաք հիմներ, և Վաղարշը կառուցում է Վաղարշապատն ու այնտեղ տեղափոխում արքունիքը։ Բայց Արտաշատը, ինչպես Տիգրանակերտին, այնպես էլ Վադարշապատին չզիջեց առաջնության դափնին։

Չանցած մի քանի տասնամյակ, 163 թ. հռոմեացիները նորից էն արշավում Հայաստան, պաշարում և համառ գրոհներից հետո գրավում Արտաշատը, կողոպտում ու ավերում։ Արտաշատը հեշտությամբ չի նվաճվել։ Խորվիրապի բլուրների դեռևս մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլաքներ. անկասկած, քաղաքի համար արյունահեղ մարտեր են մղվել։

Պեղումների ժամանակ հնագետներին հաջողվեց գտնել նաև Արտաշատի քաղաքային դրամներ «Արտաշատ մայրաքաղաք» մակագրութ­յամբ։ Դրամի մի կողմում պատկերված էր քաղաքի աստվածուհին՝ Անահի­տը, մյուս կողմում՝ հաղթանակի թևավոր դիցուհին։ Այն փաստը, որ քաղաքի ավերումից և հռոմեացիների կողմից Վաղարշապատը մայրաքաղաք հռչակվելուց ուղիղ քսան տարի անց՝ 183 թ. Արտաշատը հատել է հատուկ դրամ, վկայում է, որ անցած տասնամյակների ընթացքում այն կրկին հառնել էր մոխիրներից, վերաշինվել և շարու­նակում էր առաջնային դեր խաղալ ոչ միայն երկրի տնտեսական կյանքում, այլև միջազգային առևտրում։ Գտածոն հուշում է նաև, որ Արտաշատը ունեցել է քաղաքային ինքնավարություն։ Բայց չորրորդ դարի երեսնական թվականներին Դվին նոր մայրաքաղաքի հիմնա­դրումից հետո Արտաշատը անդարձորեն զիջում է դիրքերը։ Երեք տաս­նամյակ անց, պարսից Շապուհ Երկրորդ արքան, խաբեությամբ գերելով հայոց Արշակ Երկրորդ թագավորին, 368 -369 թթ. արշավում է Հայաս­տան, ավերում Արտաշատն ու բազմաթիվ այլ քաղաքներ ու բերդեր։ Քաղաքին հասցված այս մահացու հարվածի մասին այսպես է պատմում Փավստոս Բուզանդը. «Եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին. այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերեվարեցին։ Արտաշատ քաղաքից գերի տարան քառասուն հազար տուն հայ։ ...Քաղաքի շինություններից փայտա­շենները կրակ տվեցին, այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը, քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողին, քաղաքը բնակիչներից թափուր, ան­մարդի, ավերակ դարձրին»։ Այնուհետև հայոց Պապ թագավորը և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը քանիցս ջախջախում են պարսկական զորքերին, վրեժխնդիր լինում Հայաստան աշխարհն արյան մեջ խեղդող­ներից, բայց Արտաշատն այլևս չի վերականգնվում և աստիճանաբար լքվում ու ամայանում է։

Յոթերորդ դարում երբեմնի մեծ ու ծաղկուն քաղաքի տեղում դեռևս է գոյատևում էր մի փոքրիկ բնակավայր, որի բնակիչները զբաղվում էին որդան կարմիրի մշակությամբ։ 9-րդ դարի արաբ պատմիչ Բալազուրին Արտաշատն այդպես էլ անվանում է «որդան կարմիրի բնակավայր»։

Իսկ արդեն 1403 թվականին իսպանացի դիվանագետ Ռյուի Գոնզալես Կլավիխոյի առջև փռված էին միայն հռչակավոր քաղաքի փլատակ­ները. «Լեռան զառիվայրի վրա տեսանք մի ընդարձակ քաղաքի ավերակներ, ուր, թվում էր, թե դարերից ի վեր բնակչություն չի եղել, և մեկ փարսախ հեռավորությունից, ամեն կողմից երևում էին այս մնացորդները։ Մեզ պատմեցին, թե դրանք այն առաջին քաղաքի ավերակներն են, որը ջրհեղեղից անմիջապես հետո հիմնել են Նոյն ու իրորդիները»:

     Երկար դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքա­կան, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն Էր։  Գտնվելով   միջազգային   առևտրական   ուղիների   վրա,   քաղաքն ապրանքներ   էր  ներմուծում  հեռավոր  Հնդկաստանից  ու  Ցեյլոնից, Միջերկրականի ափամերձ երկրներհց, ինքն էլ արտահանելով իր բազ­մահմուտ արհեստավորների ձեոակերտերը։  Արտաշատով էր անցնում նաև հռչակավոր «Մետաքսի ուղին», ոբով Հնդկաստանից, Չինաստանից և Արևելքի այլ երկրներից առևտրականները, երկար ճանապարհ կտրելով, բերում էին բրինձ ու համեմունքներ, թանկագին քարեր ու գոհարեղեն, փղոսկր ու սև փայտ, բամբակ ու բամբակյա գործվածքեղեն, պերճանքի իրեր։ Իսկ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ ու գինի, կապար, պղինձ, անագ, ոսկեթել ու ոսկեկար շորեր, ոսկյա ու արծաթյա սպասք, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր ու ջորիներ։ Պլինիոսն, ի թիվս Հայաստանից արտահանվող այլ իրերի ու բույսերի, հիշատակում է ադամանտիս բույսը, որին առյուծը մոտենալիս ընկնում էր։ Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում հաշվվում էր շարջ հիսուն արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ «գործոց տներ», որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ զգեստները,  կահկարասիներն  ու պերճանքի  առարկաները,  բրուտա­գործական ու մետաղագործական արտադրանքը ոչ միայն ողողել էին քաղաքի  շուկան   ու  խանութները,   այլև  հասել  աշխարհի  հեռավոր անկյունները։ Արտաշատի հատուկ թաղամասում էր մշակվում նաև որդան կարմիր ներկը, որը շատ մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։

Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել աշ­խարհահռչակ քաղաքի տեղը։ Վեճը լուծվեց միայն 20րդ  դարի 20 -30– ասան թվականներին, բայց դրանից հետո էլ կասկածները չէին փարատ­ում։ Եվ դեռ կես դար էլ պիտի անցներ, որպեսզի այստեղ հնագիտական աշխատանքներ սկսվեին։ 1970 թ. հնագետները Բ. Առաքելյանի, Գ. Տրացյանի և Ժ. Խաչատրյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին: Պեղումների ընթացքում պարզվեց, Արտաշատը գտնվել է Խորվիրապի բլուրների վրա և նրա շրջակայքում ՝ ներկայիս Արտաշատ քաղաքից 10 կմ. Հարավ-արևմուտք, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298983
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52