Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Լճաշեն

         Լճաշենը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափամերձ հատվածում, Սևան քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք: Այն տեղավորված է Գեղամա լեռնաշղթայի վերջավորության վրա, որտեղից սկսվում է Գեղավա և Փամբակի լեռների միջև փռվող հարթավայրը:
         Լճաշենը Հայաստանի  հնագույն բնակավայրերից է: Այստեղ տասնամյակների ընթացքում հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:
        Տարիների ընթացքում հնագիտական պեղումների միջոցով ձեռք բերված  բազմաթիվ նյութերի  ուսումնասիրություններից պարզվց, որ ավելի քան 5 հազար տարի առաջ Լճաշենի տարածքում, ինչպես նաև ամբողջ Սևանի ավազանում, նախկին կիսաքոչվոր անասնապահ և որսորդությամբ զբաղվող ցեղերը, որոնց մասին արժեքավոր տեղեկություն են տալիս Գեղամա և Վարդենիսի լեռների մ.թ.ա. VI-I հազարամյակների  ժայռապատկերները, անցնելով նստակյաց կյանքի և մշտական բնակության, սկսած մ.թ.ա.III հազարամյակից ստեղծել են մեկը մյուսին հաջորդող, զարգացման մի աստիճանից մյուսին՝ ավելի կատարյալին անցնող մշակույթ, որը ծաղկման է հասել մ.թ.ա. II հազարամյակի կեսերին:
        Ընդհանրապես հայկական բարձրավանդակն ընգրկում է պատմամշակութային մի հսկա օջախ,  որը հաստատվում է առանձին , լոկալ կենտրոնների մշակույթի պատմության բոլոր փուլերի ուսումնասիրման միջոցով: Այս առումով հազիվ թե հնարավոր լինի թերագնահատել Լճաշենի դերը:  Լճաշենի և ընդհանրապես Սևանի ավազանի հուշարձանները, դրանց ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ուրվագծելու Հայաստանի նախնադարյան համայնական կարգերի ավելի քան երեքհազարամյա պատմությունը, ինչպես նաև նպաստում է հայ ժողովրդի ծագուբնաբանական հարցերի ու վաղ հայկական մշակույթի բուն արմատն ու ակունքը բացահայտելու համար:
             Լճաշենը որպես բնակավայր սկզբնավորվելով մ.թ.ա. IV հազարամյակի 2-րդ քառորդում վերածվել է  ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից 3 կմ հարավ-արևելք «Քռեր» կոչվող բլուրների վրա:
             Լճաշենի հայտնի կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին, որը գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, և տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա և իր դիրքով՝ (50-100 մետր) բարձունքից իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը  հասնում է շուրջ 5000 մետրի. Տարածքը խիստ քարքարոտ է: Ամրոցը և շրջակայքը ջրազուրկ են:
         Ամրոցը ունեցել է երկու միջնաբերդ և քսաներկու մանր ու խոշոր քարաբուրգեր և աշտարակներ: Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված են կացարանի բազմաիթվ ավերակներով: Ամրոցի շուրջը նույնպես երևում են կացարանների ավերակներ
           Հնագիտական  պեղումները ցույց տվեցին, որ Լճաշենի ամրոցն ու բնակատեղին  շրջապատված են եղել բարձր ու լայն պարիսպներով: Քարերն անտաշ են, սակայն պարսպի որմերում հարմարեցված են այնպես, որ նրանց առավել հարթ կողմերը նայում են դուրս: Պարսպի լայնությունը երեք ու կես մետր է, իսկ դյուրին խոցելի տեղերում ,ինչպես նաև միջնաբերդի մուտքի մոտ , նրա լայնությունը հասնում էր 5  և ավելի մետրի: Պարիսպները կառուցվել են ոչ ուղիղ գծով, որպեսզի հնարավորություն տրվի ամրոցի պաշտպաններին տարբեր ուղղություններից նետահարել կամ քարկոծել ամրոցը գրոհող թշնամուն:
             Ամրոցն ունեցել է 2 միջնաբերդ:  Առաջին ամրոցը կառուցված է  ամրոցի արևելյան մասում եղած ամենաբարձր՝ ձվաձև, արևելքից-արևմուտք ընկած բարձունքի վրա: Այս միջնաբերդի շուրջ տարբեր բարձրության  վրա կառուցված են  երեք շարք պարիսպներ, որոնք հիմնահատակ կործանվել են: Միջնաբերդը ունեցել է չորս մուտք: Առաջինը՝ արևմտյան կողմում, որը հետագայում, ըստ երևույթին շարվել և փակվել է: Ունեցել է վեց մետր լայնություն, նրա երկու կողմերում  բարձրացել են երկու հզոր աշտարակներ: Այդ մուտքին մոտեցել է  չորս մետր լայնություն ունեցող ճանապարհ, որը երկրորդ պարսպագոտու մոտով  անցնելով դեպի արևմուտք թեքվում է ու միանում միջնաբերդի հյուսիսային մուտքից դուրս եկող ճանապարհին ու իջնելով դեպի հյուսիս-արևմուտք՝ բնակավայրի ցածրանիստ մասում միանում է երկրորդ միջնաբերդից իջնող ճանապարհին:
             Միջնաբերդի երկրորդ մուտքը դարձված է դեպի հյուսիս: Այս մուտքը հավանորեն գոյություն ունի միջնաբերդի կառուցման առաջին իսկ օրից, իսկ հետագայում վերակառուցվել է: Մուտքի երկու կողմերում կան խոշոր աշտարակների հիմքեր, որոնց չորս մետր բարձրությունը մինչև այժմ էլ պահպանված է: Աշտարակների որմի քարերը փոքր-ինչ տաշված, միմյանց հարմարեցված, մինչև երկու մետր խորանարդ ծավալով բազալտե քարեր են: Այս մուտքից դուրս եկող ճանապարհի արտաքին եզրը նույնպես պարսպապատ է եղել:
            Մյուս երկու մուտքերը գտնվել են հարավային և արևելյան կողմերում , որոնք համամեատաբար փոքր են և հավանական է ծառայել են հետիոտն ելումուտի համար: Այս մուտքերը խիստ թեք լանջորով իջնում են դեպի բնակավայրերը: Հարավային մուտքի մոտ երևում են  քարե աստիճանների հետքեր, որոնք իջնում են դեպի բնակատեղի:
           Երկրորդ միջնաբերդը գտնվում է ամրոցի հյուսիս-արևմտյան ծայրամասում, առաջին միջնաբերդից 300 մետր հեռու գտնվող գոգավոր բլրի վրա, Սևան-Գավառ ճանապարհի անմիջապես եզրին, ունի 25-30 մետր բարձրություն: Այս միջնաբերդի բարձունքն ունի գագաթի եզրերերով անցնող չորս մետր լայնությամբ պարսպի հիմքեր: Բացի հիմնական պարսպից այսեղ երևում են կրկնապարսպի մնացորդներ: Միջնաբերդն ունի մեկ մուտք, հարավ-արևելյան մասում: Մուտքի աջ ու ձախ պարիսպների հիմքերը ավելի լայն են, քան ընդհանուր պարիսպին: Հավանաբար այստեղ եղել են աշտարակներ:
          Լճաշենին համաշխարհային ճանաչում բերեց նաև  գյուղից 3 կմ հարավ- աևելք, լճի ափամերձ հատվածում գտնվող  բրոնզեդարյան դամբարանադաշտը: Այն գրավում է բավականին ընդարձակ տարածք՝ 8 հեկտար և ընդգրկում է շուրջ 800 դամբարան (դամբարանաբլուրներ և կրոմլեխներ՝ հիմնականում  քարարկղային թաղումներ): Մեծ դամբարանադաշտից 250-300 մետր դեպի հարավ-արևելք և արևելքից գյուղին կից կան ևս մեկական փոքր, նույն ժամանակաշրջանի դամբարանադաշտեր: Իսկ ահա գյուղից արևելք լճի ջրերց ազատված տարածքում գտնվում է դամբարանադաշտին հասկակակից բնակատեղին, որի ուղիղ փողոցների երկու կողմերում բացվել են շրջանաձև քառանկյունի հիմքերով շենքերի մնացորդներդներ:
          Լճաշենում պեղումները ցույց տվեցին, որ բավականին զարգացած է եղել մետաղամշակման ինդուստրիան:  Կիկլոպյան ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մետաղահալոց երկու հնաոցներ, միմյանիցից չորս մետր հեռավորթւոյան վրա: Դրանից մեկը շարված է եղել մանր քարերով, որում պահպանվել է 15 սմ հաստությամբ մոխրի շերտ, իսկ մյուսում, որը շարված է համեմատաբար փոքր քարերով, մոխրաշերտը համեմատաբար բարակ է: Վերջինիս , այսինքն մեծ հնոցից գտնվել են երկաթի անմշակ երեք բեկոր, երկաթի խարամ, փայտածուխի մանր ու մեծ բեկորներ: Ինչպես երևում է երկաթի ձուլման համար օգտագործվել է փայտածուխ: Այդ գտածոները  երկաթի ձուլման ու մշակման աներկբա ապացույց են:  Իսկ քանի որ մետաղահալոց վառարաններից գտել են մ.թ.ա.13-12 րդ դդ, պատկանող կավամանների տասնյակ բեկորներ, մասնագետները իրավամբ ենթադրում են, որ հնոցները նույնպես այդ ժամանակաշրջանին են պատկանում:  Մինչ Լճաշենը, հայտնի չէին նշված դարերին պատկանող ոչ միայն մետաղահալոց վառարաններ, այլև որևէ ծանրակշիռ փաստ այն մասին, որ մ.թ.ա. XIV-XII դարերում  Հայաստանում երկաթի մշակմամբ զբաղված լինեն:
         Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև մ.թ.ա.3 հազարամյակի սկզբին վերաբերող պղմձաձուլական հնոց,  որտեղ  պղնձի և անագի ձուլման միջոցով պատրաստել են բրենզե իրեր: Լճաշենում պատրաստվել են ավելի քան 25 տեսակի բրոնզե առարկաներ, որոնց  մեջ խիստ ուշագրավ և արժեքավոր են ցուլերի, եղջյուրնեի, առյուծների, թռչունների արձանիկներն ու ռազմակառքերի մոդելները, որոնց առանձին ձուլված մասերը միմյանց են միացրած զոդմամբ: Հայտնաբերվել են նաև մաքուր անագից պատրաստված զարդերի 7 տեսակ:
         Մի հետաքրքիր փաստ ևս. Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված ոսկե իրերի և Զոդի ոսկու սպեկտրալ անալիզի տվյալներով պարզվել էմ որ դրանք միանգամայն համապատասխանում են իրար, այն էլ՝ մեծ ճշտությամբ: Դա երևում է ոսկու բաղադրության մեջ մտնող աննսաշն քանակի էլեմենտների՝ արծաթի, մելինի, թելուրի, արսենի, բիսմուտի և ոսկու քանակի տվյալներից: Դրանով իսկ պարզվում է, որ Զոդի ոսկին Լճաշենի հնաբնիկները օգտագործել են մ.թ.ա. XII-XII դարերում: Կնշանակի՝ Սևանի ավազանում եղել են զարացած տեխնալոգիաներով մետաղամշակման արհեստանոցներ:
           Այս ամենով հանդերձ, տարակույս չի կարող լինել, որ Սևանի ավազանը, այդ թվում՝ հատկապես Լճաշենը, պետք է համարվի Հայաստանի տարածքի հնագույն մետաղամշակման կենտրոններից, օջախներից մեկը, արհեստ մի կարևոր և զարգացած բնագավառմ որը շարունակվել է հետագա դարերում և դարձել է մեր՝ հայ ժողովրդի ժառանգական կարևոր զբղմունքներից մեկը:
          Մ.թ.ա II հազարամյակի սկզբից արդեն Լճաշենի տնտեսության մեջ կարևոր տեղ են գրավել փայտագործությունը, որն առավել զարգացել է մ.թ.ա XVI-XV դարերից: Փայտից պատրաստել են կենցաղային, ռազմական, թաղման սովորությոթների հետ կապված առարկաներ (դգալ, շերեփ, բաժակ, քրեղան, դույլ, մատուցարան, լանջապանակ, դիապահանակ, դիակառք և այլն): Հատկապես ուշագրավ են հայտնաբերված  8 տարբեր տեսակի 20 դիակառք սայլերը, որոնք պատկանել են մ.թ.ա.  II հազարամյակի տեղաբնիկ երևելիներին և նրանց հետ թաղվել արտակարգ հարուստ գույքով: Գտածոները ցույց են տալիս , որ սայլագործ վարպետները  հիանալի ձևով եբ տիրապետել փայտի տեխնիկական հատկություններին, և սայլի տարբեր մասեր՝ անիվներ, սռնի, առեղ, լուծը, թափքի տախտակները, պատրաստել են տարբեր ծառատեսակներից՝ կաղնի, թեղի, տիս-կարմիր փայտմ որպիսիքն այն ժամանակ աճելիս են եղել Սևանի ավազանում: Սայլի այդ տեսակները դարեր ու հազարամյակներ շարունակ գործածվել են հայկական լեռնաշխարհում և հասել ընդուպ մեր օրերը:
        Լճաշենից հայտնաբերված հնագիտական նյութերի առանձնանում է նաև խեցեղնը: Այստեղ մ.թ.ա.III հազարամյակի սև փայլով, կիսագնդաձև կանթերով խեցեղենը մ.թ.ա  XV-XVI փոխարինվում է  խորաքանդակկով, գունազարդմ կետազարդ և եռագույն նախշազարդ արտադրանքով, որի շատ նմուշներ աղերսվում են պաշտամունքի, թաղման ձևերի , զարդարվեստի հետ: Դրանք եզակի և ուշագրավ հավաքածուներ են՝ պատված կարմիր, սպիտակ, չխամրող ներկերովմ սև փայլով, մանր կետախմբերից բաղկացած իմաստավորված նախշազարդերով, թռչուննեչի, սողունների և լուսատուների պատկերներով: Առանձնապես արժեքավոր են եռագույն զոհարանների, բուրանոթների, բազմափող սափորների, երկու կողմից ներճկված կավե ամանների հավաքածուները:
      Արտադրության ուժեղացմամբ (անասնապահություն, երկրագործություն, մետաղամշակություն, խեցեգործություն, փայտամշակություն) հնարավորություն ստեղծվեց  ավելի շատ արդյունքներ ստանալու, քան այն , ինչ որ պետք էր նրանց ապրուստի համար: Արտադրանքի ավելցուկը աստիճանաբար կենտրոնանալով ավելի ազդեցիկ մարդկանց՝ տոհմավագների, ռազմական առաջնորդների ձեռքին, նպաստեց հասարարակական նոր հարաբերությունների ձևովորման պրոցեսին: Միաժամանակ այդ հանգամանքը պետք է խթաներ տարածքային  ամբողջականության կազմավորմանը, որը ինչ-ինչ պատճառներով չիրականացավ, ավելի շուտ՝ ընդհատվեց կազմավորման պրոցեսում: Սակայն առաջացել էին հզոր ցեղային միություններ, որոնք ուժեղ դիմադրություն ցույց տվեցին Վանի թագավորությանը, երբ  սկսվել է հայկական բարձրավանդակի ցեղերի ու ցեղային միությունների միավորումը մեկ ընդհանուր պետության կազմում:
          Լճաշեն գյուղի բիայնական սեպագիր արձանագրութան մեջ նշված է.
«Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է.
Գրավեցի Կիեուխինի քաղաքի երկիրը, հասա Իշտիկունի քաղաքի երկիրը, լճի , Լիկիու երկրի կողմը:
Արգիշտին, հզոր թագավորը, Բիայնիլի երկրի թագավորը, Տուշպա քաղաքի կառավարիչը»:
         Կիեխունի քաղաքը եղել է  Սևանա թերակղզու և Ցամաքաբերդ գյուղի տարածքում, իսկ երկիրը նրանից հյուսիս:
         Իշտիկունի քաղաքի ավերակները գտնվում են Լճաշեն գյուղում, որը ներառել է նաև Կիկլոպյան ամրոցները

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 633266
  • Բոլոր այցելուները: 45897
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 296
  • Ձեր IP-ն: 54.81.150.27
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52